Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ փոխնախարարները ներկայացրին «Քո արվեստը դպրոցում․ մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը արդեն երրորդ տարին է, իրականացնում է մի շարք ուշագրավ ծրագրեր, որոնք նպատակ ունեն հնարավորություն տալ հանրակրթական դպրոցների աշակերտներին սերտորեն առնչվել ժամանակակից արվեստին ու մշակույթին, ճանաչել ժամանակակից արվեստագետներին, շփվել նրանց հետ, նաև մասնագիտության որոնումներում ըմբռնել ու հասկանալ սեփական օժտվածությունը արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտներում։

Հանրակրթական դպրոցների աշակերտներին արվեստին ու մշակույթին է'լ ավելի մերձեցնելու այսպիսի ծրագրերից մեկն է «Քո արվեստը դպրոցում․ մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրն է, որը մեկնարկել է երեկ, իսկ այսօր հրավիրած ասուլիսին ԿԳՄՍ փոխնախարարներ Արա Խզմալյանն ու Ժաննա Անդրեասյանը հանգամանալիորեն ներկայացրին ծրագրի իրականացման նպատակներն ու ուղղվածությունները։

«Կարծում եմ, որ հիմա մենք մի փուլում ենք, որտեղ գտել ենք այն լավագույն տարբերակը, որով կարող ենք երեխաներին առնչել արվեստին, և ուրախ եմ, որ նաև կարողանում ենք դա իրականացնել՝ ունենալով հրաշալի համագործակցություն մշակույթի ոլորտի կազմակերպությունների և կառույցների հետ, անհատ արվեստագետների հետ։ Կուզեի նաև ընդգծել, որ առաջիկայում մենք պլանավորում ենք նաև է'լ ավելի սերտ համագործակցություն՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք մշակութային կրթության այս բոլոր ծրագրերը դիտել իբրև մեկ համակարգի մաս՝ տեսնելու թե դրանք ինչպես են միմյանց հետ աշխատում, որովհետև բազում ծրարգեր կան, որ հիմա իրականացվում է, և պետք է կարողանանք նաև տեսնել, թե ինչպիսի էներգիա կարող է լինել այս տարբեր ծրագրերի մեջ, և ինչպես կարող են մեր դպրոցները է'լ ավելի ակտիվ ներգրավվել այս գործընթացում։ Եվ կարծում եմ, որ տարեվերջին, երբ ամփոփենք արդյունքները, կունենանք հրաշալի հաջողություններ», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ, կրթական մշակութային ծրագրերը կարող են մեծապես նպաստել ոչ միայն պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, այլ նաև կարող են հնարավորություն տալ, անկախ մասնագիտական կողմնորոշումներից, ապրել որպես բարեկիրթ, զարգացած քաղաքացի. - «Իր հեռավոր նպատակներում շատ ավելի գլոբալ, ավելի լուրջ խնդիր ենք փորձում կարգավորել սրանով, քան զուտ մասնագիտական խնդիրների կարգավորումը։ Որովհետև շատ հաճախ, երբ մենք խոսում ենք անընդունելի բարքերի, մարդկային հարաբերությունների մեջ համապատասխան մշակույթի բացակայության, պետականության, հայրենասիրության և բոլոր կարևոր արժեքների մասին, մենք չենք կարող այս արժեքները դիտարկել և խոսել այս արժեքների մասին առանց կրթական և մշակութային հենքի։ Առանց կրթության, առանց կիրթ լինելու, առանց մշակված լինելու, խոսել որևէ այլ բանի մասին, նշանակում է զբաղվել դատարկաբանությամբ։ Եվ մեր այս նախագծերով մենք փորձում ենք այդ հենքը ձևավորել վաղվա քաղաքացու, վաղվա քաղաքացու վերաբերմունքի, մտածողության, աշխարհայացքի։ Եվ պատահական չէ, որ մենք ընտրել ենք այնպիսի անուններ և դեմքեր այս հանդիպումների համար, որոնք իրենց անցած ճանապարհով, իրենց գործունեությամբ այդ հաջողության և այդ արժեքները հաստատող մարդիկ են»։

Խզմալյանը հիշեցրեց, որ արդեն իսկ տասնյակ հազարավոր դպրոցականներ կրթամշակութային այս ծրագրերի շնորհիվ այցելել են թանգարաններ, ցուցասրահներ, դիտել են տասնյակ ներկայացումներ, ունկնդրել են դասական երաժշտության հրաշալի համերգներ և այլն, այլն. - «Եվ հիմա մենք այս ճանապարհով առաջինը, մշակութային ժամանցի, մշակութային գիտելիքի, մշակութային կրթության խնդիրն ենք կարգավորում, սրանով լուծում ենք մեր արվեստագետների ճանաչելիության և հանրային վարկանիշի խնդիրը։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ բոլոր այս նախագծերում լայնորեն ընդգրկված են մեր մարզերում սովորող աշակերտները, քաղաքացիները, աշակերտներից ոչ պակաս հետաքրքրությամբ են այս նախագծերին այցելում ուսուցիչները։ Ամենակարևոր բանը՝ որ մշակույթի մասին խոսեն հետաքրքիր։ Եթե մենք մշակույթի մասին խոսում ենք տաղտկալի, ավելի մեծ վնաս ենք հասցնում մշակույթին, քան թե եթե ընդհանրապես չխոսենք մշակույթի մասին։ Եվ բավական երիտասարդացրել ենք մասնակիցների խումբը, ուզում ենք ասել, որ հաջողության հասնելու համար պարտադիր չէ, որ դառնաս վաթսուն-յոթանասուն տարեկան։ Քո սերնդակիցը, քո կողքը ապրող և ստեղծագործող արվեստագետը ճանապարհն է և ուղենիշն է հաջողության և հետաքրքիր կյանքի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG