Մատչելիության հղումներ

«Արմմոնո» փառատոնը նշում է իր 20-ամյա հոբելյանը


Այս փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել տարիների ընթացքում դիտել թե' հայկական, թե' արտասահմանայն բազմաթիվ ուշագրավ մոնոներկայացումներ։

«Արմմոնո» ամենամյա թատերական միջազգային փառատոնը երկու տասնամյակ շարունակ դարձել է Հայաստանի թատերական կյանքի բաղկացուցիչ մասը։ Այս փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել տարիների ընթացքում դիտել թե' հայկական, թե' արտասահմանայն բազմաթիվ ուշագրավ մոնոներկայացումներ։

Փառատոնը հիմնադրել է Թատերական գործիչների միության ներկայիս նախագահ Հակոբ Ղազանչյանը, իսկ փառատոնի նախագահը արդեն շուրջ 15 տարի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն է։

Այսօր հրավիրած ասուլիսին Մարիաննա Մխիթարյանն ազդարարեց, որ մայիսի 17-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ հոբելյանական փառատոնը, որի ընթացքում թատերական տարբեր հարթակներում կներկայացվի 27 մոնոբեմադրություն տարբեր երկրներից, նաև իհարկե Հայաստանից։

Այս տարի իրենց մոնոներկայացումներով հանդես կգան արտիստներ Հունաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից , Լիտվայից, Վրաստանից և այլ երկրներից։ Փառատոնային ծրագրում կներկայացվեն ժանրային տարբեր առանձնահատկություններ և ուղղվածություն ունեցող մոնոներկայացումներ։

Վաղը փառատոնը կմեկնարկի Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնահարկում, որտեղ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի կատարմամբ կներկայացվի Ֆրենսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան։

Ինչպես ընդգծում էր այսօր Մարիաննա Մխիթարյանը, փառատոնը լիովին իրականացնում է իր առաքելությունը. - «Սկզբում, երբ Հակոբ Ղազանչյանը հիմնադրեց փառատոնը քսան տարի առաջ, ոմանք ասում էին՝ մոնոժանրը Հայաստանում չի սիրվի և այլն, և այլն։ Բայց փառատոնը հաստատեց, որ նա եղել է, կա և կլինի, և դա շատ սիրված ժանր է... և նաև փառատոնն է երևի սիրված դարձրել այդ ժանրը Հայաստանում։ Փառատոնի կարևորագույն առաքելություններից մեկը երևի այն է, որ այն ներկայացումները, որոնք ստեղծվում են Հայաստանում, Հայաստանից դուրս են գալիս, տարբեր երկրներում ցուցադրում են մեր արվեստը, մեր տեսակը։ Եվ այն փառատոներին, որտեղ կան մրցանակներ, գրավում են և վերցնում են բարձրագույն մրցանակներ»։

Մխիթարյանը հավելում է, որ փառատոնային օրերին՝ մայիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում, «Արմմոնոյին» իրենց մասնակցությունը կբերեն տարբեր հեղինակավոր միջազգային փառատոների տնօրեններ, փորձագետներ և թատերագետներ։ Նրանց ներկայությունը շատ կարևոր է ոչ միայն փառատոնի, այլև հատկապես մեր թատերական գործիչների՝ ռեժիսորների ու դերասանների, դրամատուրգների համար։

Մարիաննա Մխիթարյանը ակնկալում է, որ միջազգային այս համագործակցությամբ առաջիկայում Հայաստանում է'լ ավելի ուշագրավ մոնոներկայացումներ ծնունդ կառնեն՝ «համահունչ մեր կյանքին». - «Ես ուզում եմ, որ մեր կյանքը լինի ուրախ, թեթև, անհոգ, խաղաղ, և այդ դեպքում մեր ներկայացումները նույնպես կլինեն ուրախ, անհոգ և թեթև»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG