Մատչելիության հղումներ

Լոնդոնը մերժել է Հյուսիսային Իռլանդիային վերաբերող ԵՄ առաջարկը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր, Շվեդիա կատարած այցի ընթացքում, հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն Լոնդոնը մերժել է Հյուսիսային Իռլանդիային վերաբերող ԵՄ առաջարկը։

Բրյուսելի ներկայացրած այդ առաջարկը պետք է հնարավորություն տար կարգավորել Հյուսիսային Իռլանդիայում գործող առևտրային կանոնների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև «Բրեքզիթից» հետո ծագած տարաձայնությունները։

«Վերջին 25 տարիների կարևորագույն համաձայնագիրը 1998 թվականին կնքված Բելֆաստի պայմանագիրն է։ Այդ համաձայնագիրը որոշիչ նշանակություն ունի մեր երկրի կայունության համար։ Դա նշանակում է, որ բոլոր առաջարկներն ու նախաձեռնությունները պետք է արժանանան Հյուսիսային Իռլանդիայում բնակվող երկու համայնքների հավանությանը։ Հյուսիսային Իռլանդիայի հարցով ԵՄ հետ կնքված արձանագրությունն այդ խնդիրը չի կատարում», - հայտարարում էր Ջոնսոնը։

Հյուսիսային Իռլանդիայի հարցով արձանագրությունը ուժի մեջ էր մտել 2020 թվականի դեկտեմբերին։ Դրա համաձայն կղզու հյուսիսային հատվածի և ԵՄ անդամ Իռլանդիայի հանրապետության միջև Բելֆաստի համաձայնագրով հաստատված թափանցիկ սահմանը պահպանվում էր։ Փոխարենը մաքսային հսկողություն էր սահմանվում Միացյալ թագավորության հիմնական տարածքի և Հյուսիսային Իռլանդիայի միջև։ Այս հանգամանքը բրիտանացի քաղաքական մի շարք գործիչներ ընկալում են որպես Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ Լոնդոնի ինքնիշխանության սահմանափակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG