Մատչելիության հղումներ

«Իմ մուսան հիմա Գյումրիում է». Լատվիացի գրող Կալնոզոլսն իր երկրորդ գիրքը Հայաստանում է գրում


Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսն իր երկրորդ գիրքը Գյումրիում է գրում։ Մուսան այստեղ է գտել։

«Ես եկա Գյումրի ու քաղաքն ինձ անմիջապես դուր եկավ՝ հատկապես ճարտարապետությունը: Կարծես Եվրոպայում լինեմ, ինձ պետք չէ հարմարվել, չկա որևէ անակնկալ: Ինձ զգում եմ ինչպես տանը և հանգիստ աշխատում եմ», - նշեց Կալնոզոլսը:

39-ամյա գրողն օրվա մեծ մասն անցկացնում է վարձակալած բնակարանում՝ գրելով թատրոնի մասին իր նոր՝ «Դրամատա» վեպը։ Ազատ ժամանակ շրջում է Գյումրիի պատմական կենտրոնով, թանգարաններով, թատրոններով, հիանում հին քաղաքի ճարտարապետությամբ։ Հայաստանում մի քանի տարի առաջ էլ էր եղել, բայց Գյումրիում առաջին անգամ է։

Ռիգայում ապրող, ծնունդով գյումրեցի կինոռեժիսոր Հայկ Կարապետյանի խորհրդով է եկել Գյումրի ու չի ափսոսում. «Ես վավերագիր չեմ, իմ գրքերը ֆանտազիայի մասին են: Իսկ ֆանտազիայի հիմքը միշտ մի աշխարհագրական կետում է գտնվում, այն ինձ մոտ տպավորվում է, և ես կարող եմ ասել, որ իմ մուսան հիմա Գյումրիում է: Ես չեմ ղեկավարում իմ մուսան, մուսան է ինձ ղեկավարում: Մի բան կարող եմ 100 տոկոսով ասել, որ գրքի վերջում կլինի գիրքը գրելու տարեթիվը և վայրը՝ Հայաստան և Գյումրի»:

Տիկնիկային թատրոնի դերասան, ռեժիսոր, բեմադրիչ ու հիմա արդեն գրող. առաջին՝ «Ես օրացույցն եմ» վեպը կարճ ժամանակում Կալնոզոլսին մեծ ճանաչում է բերել։ Խոստովանում է՝ 20 տարի առաջ բանաստեղծություններ էր գրում, որ բանի պետք չէին, դե 17 տարեկան պատանու գրած էր: Իսկ առաջին վեպը արդեն մի քանի գրական մրցանակների է արժանացել։

«Ես որպես նկարիչ մեծացել եմ թատրոնում: Լատվիացի գրականագետների շրջանում ես աուդսայդեր եմ: Ասում են՝ որտեղից նա հայտնվեց, ամբողջ ժամանակ թատրոնում էր, գիրք գրեց, որը բեսթելլեր է արդեն: Մի քիչ ծուռ են ինձ նայում: Իսկ թատրոնում ասում են՝ նա դավաճանեց մեզ», - ասաց գրողը:

Բեսթելլեր դարձած գիրքը Լատվիայի մի փոքր քաղաքում ապրող մարդու մասին է, ով ամեն օր նամակներ է գրել: Գիրքը վերջերս հայերեն է թարգմանվել. «Թարգմանիչը՝ Նաիրա Խաչատրյանը ինձ էլեկտրոնային նամակ էր ուղարկել, որ իրեն խորհուրդ են տվել կարդալ այդ գիրքը, քանի որ այն բեսթելլեր էր և գրել էր, որ թարգմանելու է: Ես, իհարկե, շատ ուրախացա, հույս ունեի, որ կհասցնի առաջինը թարգմանել, քանի որ կապը իմ և Հայաստանի միջև, որ սկսվեց 5 տարի առաջ, ցանկանում էի այսպես շարունակվի։ Սա իմ առաջին գիրքն է և առաջին թարգմանությունը հայերեն է: Սա միշտ կհիշեմ ու իմ սրտում կլինի»:

Անդրիս Կալնոզոլսը հայերեն միայն բարևել գիտի: Նրան խորհուրդ էին տվել Գյումրիում անպայման ամենահին վարսավիրանոց մտնել, հարմար առիթը բաց չթողեց. «Թանգարան է: Ժամանակի մեքենա է, բայց աշխատում է»:

Գրողին վարսավիրանոցում ճանաչեցին, հեռուստատեսությամբ էին տեսել։ Կալնոզոլսը խոստացավ մեկ ամսից արդեն որպես հաճախորդ այցի գալ. «Եվս մեկ ամիս և ես մասնագիտական հարցով կգամ ձեր մոտ»:

Լատվիացի գրողը անկեղծանում է, որ հայերենի չիմացությունը ստեղծագործողի համար իդեալական միջավայր է, այսպես մտքերն ավելի լավ է հավաքում. «Ես այսպես քայլում եմ ու ոչինչ չեմ հասկանում: Եվ դա ինձ հնարավորություն է տալիս իմ մտքերի վրա կենտրոնանալ: Սա այն է, ինչ ես չեմ կարող անել Լատվիայում, Եվրոպայում, որովհետև գիտեմ անգլերեն, ռուսերեն և շատ քիչ են այնպիսի երկրները, որտեղ ես ինձ զգում եմ Խաղաղ օվկիանոսում։ Ես այստեղ ինձ Ռոբինզոն Կրուզո եմ զգում։ Եվ դա ինձ շատ հանգստացնում է՝ ես կարող եմ լուռ աշխատել»:

Հուլիսին լատվիացի գրողը մեկնելու է, բայց ասում է՝ կրկին գալու է Հայաստան ու Գյումրի. «Հույս ունեմ, որ իմ երկրորդ գիրքն էլ կթարգմանվի հայերեն: Կլինի, չի լինի, ես դա միանշանակ չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ այն գրվելու է Հայաստանում: Դա գիտեմ միանշանակ, ինչպես գիտեմ հաստատ, որ վերադառնալու եմ Հայաստան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG