Մատչելիության հղումներ

«Վստահ ենք, որ մշակույթն այն ոլորտն է, որը կարող է զարգացնելու և կերտելու ազգային ինքնությունը». ԵՄ դեսպան


Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, արխիվ
Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, արխիվ

Երեկ երեկոյան Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանում տեղի ունեցավ համագործակցության պայմանագրի վավերացում Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության՝ GIZ-ի, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգործիչների միության միջև։

Պայմանագրի վավերացման արարողությանն, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։

Թե՛ Գերմանական միջազգային համագործակցության, թե՛ «Գյոթե ինստիտուտի» համատեղ ջանքերով այսուհետ Կինոգործիչների միության վերանորոգված կինոդահլիճը համալրվել է և կգործի ժամանակակից լավագույն կինոցուցադրության տեխնիկայով: Երեկ երեկոյան պայմանագրի վավերացումից հետո այնտեղ տեղի ունեցավ առաջին կինոցուցադրությունը՝ ներկայացվեց Թերենս Մալիկի հանրահայտ «Թաքնված կյանք» ֆիլմը։

Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում հույս հայտնեց, որ այսուհետ Հայաստանում գործող այս ամենամեծ կինոդահլիճը հրաշալիորեն կծառայի իր նպատակին և այս կինոկենտրոնը կդառնա Երևանի մարգարիտներից մեկը։

«Տեսեք ինչ դժվար իրավիճակ և ժամանակներ ենք ապրում հիմա, այս քաղաքում այս շրջանում այնքան շատ բացասական զգացողություններ են շրջանառվում, այդ ամենն ուղղված է անցյալին, իսկ մենք պետք է առաջ նայենք ապագային: Եվ մենք վստահ ենք, որ մշակույթն այն ճիշտ ոլորտն է, որը կարող է և ունի այդ հնարավորությունը զարգացնելու և կերտելու ազգային ինքնությունը՝ դրական ուղղվածություն տալով», - նշեց դեսպանը:

Մինչ պայմանագրի վավերացումը «Ազատության» հետ զրույցի ընթացքում Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ ընդգծեց, որ «Ոսկե Ծիրանը» եվրոպական համագործակցության մեծ փորձ ունի։

«Մենք արդեն համագործակցում ենք տասնյակ տարիներ եվրոպական բոլոր դեսպանատների, կինոկենտրոնների հետ, որովհետև մենք ցուցադրում ենք լավագույն ֆիլմերը: Աշխարհից բերում ենք և բարեկամություն ենք անում բոլոր դեսպանատների հետ, որոնք հետաքրքրված են իրենց արվեստը ծանոթացնել հայ ժողովրդին, հայ հանդիսատեսին: Հիմա մենք աշխատում ենք միասին նաև այս լուրջ մշակութային սինեմատեք թանգարանը ստեղծելու ու նաև փառատոնային կենտրոնը ստեղծելու համար», - ասաց Խաչատրյանը:

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գործադիր տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ շեշտեց. «Կինոյի տունը դեռևս շատ անելիքներ ունի իր տեսլականի և ռազմավարության տարբեր կետերին հասնելու համար: Այդ մասշտաբը, իհարկե, շարունակելու է ակնկալել և պահանջել տարբեր միջազգային կառույցների մասնակցություն, այնպես որ լիահույս ենք, որ այդ համագործակցությունների շղթան շարունակական է»:

Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության տուրիզմի և մշակութային զարգացման գծով ղեկավար Վիլլի Հուգոն «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում ընդգծեց, որ շատ ուրախ է, որ կարողացել են իրենց աջակցությունը ցուցաբերել «Ոսկե Ծիրանին» և կինոմիությանը՝ նպաստելով ոչ միայն, որ այս կինոդահլիճը հագեցված լինի լավագույն կինոտեխնիկայով, այլ նաև դրա միջոցով տուրիզմի զարգացմանը։

«Գյոթե ինստիտուտի» ներկայացուցիչ Հասմիկ Մուրադյանն էլ նշեց. «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հետ «Գյոթե» կենտրոնը վաղուց է համագործակցում, բայց կոնկրետ այս դահլիճի ֆինանսավորումը եղել է միջազգային աջակցության ֆոնդի շրջանակներում, որը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և «Գյոթե ինստիտուտի» հիմնադրամն է: Ֆոնդը հիմնվեց 2020 թվականին քովիդի հետևանքով մշակութային կյանքի վնասները մեղմելու նպատակ ուներ: 8 տարբեր կազմակերպությունների այս երկու տարիների ընթացքում ֆոնդն աջակցել է, այս տարի դրանցից մեկը Կինեմատոգրաֆիստների միությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG