Մատչելիության հղումներ

Գյումրի - Արմավիր ավտոճանապարհը գրեթե անանցանելի է


Գյումրի-Արմավիր ճանապարհի շուրջ 30 կիլոմետրանոց երկու հատվածներն այնքան են քայքայվել, որ երթևեկությունն այստեղ էքստիմ սպորտաձև է հիշեցնում։

Վարորդները ստիպված են բազմաթիվ մեծ ու փոքր փոսեր հաղթահարել, բայց երբեմն դա նրանց չի հաջողվում։

Այս ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ մարզային իշխանությունները փոսերը նորոգելու համար գումար ծախսելն անիմաստ են համարում։

Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ասում է՝ միայն հիմնանորոգմամբ է հնարավոր ճանապարհը երթևեկելի դարձնել. - «Արդեն երրորդ տարին է, էդ ճանապարհահատվածը չի սպասարկվում։ Արդեն երրորդ տարին է, քանի որ փոսայնությունը գերազանցում է չորս տոկոսը, այդ ճանապարհահատվածները սպասարկման ենթակա չեն, ենթակա են հիմնանորոգման»։

Խաչատուր Խնձրցյան
Խաչատուր Խնձրցյան

Այս ճանապարհը հիմնանորոգվել է մոտ 15 տարի առաջ։ Մարզպետարանի պաշտոնյան կարծում է՝ ոչ միայն տարիների, այլ նաև գերծանրաբեռնված բեռնատարների երթևեկի պատճառով է այն գրեթե անանցանելի դարձել. - «Բոլոր բեռնատար տրանսպորտային միջոցների մոտ գերազանցման չափորոշիչ կար իր տոննաժի։ Բնական է, ճանապարհը կառուցելիս հաշվի է առնվում մեկ լիսեռին ընկնող ծանրության չափորոշիչը, իսկ եթե գերազանցման պրոցես է գնում, արդեն իսկ ինքը ճանապարհի քայքայման պրոցես է տանում»։

Շուրջ 30 կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման համար մոտ 6 միլիարդ դրամ է անհրաժեշտ։ Ընդ որում, շինարարի մրցույթը հայտարարվել է, բայց դեռ հստակ չէ, թե որտեղից է գտնելու գումարը։

«Բանակցային ընթացակարգով հայտարարված մրցույթ է, և հայտեր ներկայացնելուց հետո տեղի կունենան բանակցություններ, նոր կճշտվի վերջնական արժեքը», - ասաց Խնձրցյանը։

Այս ճանապարհի կառուցումը կբեռնաթափի Գյումրի-Երևան մայրուղին, որն իր հերթին «Հյուսիս-հարավի» կառուցման ձգձգումների պատճառով առանձին հատվածներում լուրջ խնդիրն է ստեղծում վարորդների համար:

Այս պահին Շիրակի մարզում շուրջ 24 մլրդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում. թե հերթը երբ կհասնի Գյումրի-Արմավիր ճանապարհին, դեռ հստակ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG