Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ, առավոտյան փակվել էր Կիևյան կամուրջը


Այսօր առավոտյան Երևանում փակվել էր Կիևյան կամուրջը՝ երթևեկությունը խոչընդոտում էին երկու բետոնախառնիչ ավտոմեքենաներ։

Վարորդները ոստիկաններին հավաստիացնում էին, թե մեքենաները խափանվել են։

Ի վերջո, իրավապահների և փողոցների փակման փաստից դժգոհ քաղաքացիների օգնությամբ կամուրջը մասամբ բացվեց, երթևեկությունը վերականգնվեց՝ մեքենաներից մեկը հաջողվեց հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից։

Վարորդները տեղում չեն, ամենայն հավանականությամբ՝ բերման են ենթարկվել, թեև ոստիկանները դեռ չեն հաստատում։

Մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ՝ Մոսկովյան, Տերյան, Թումանյան խաչմերուկներից սկսած։

Վաղ առավոտյան շարժման առաջնորդներին՝ Իշխան Սաղաթելյանին, Արթուր Վանեցյանին տարածքում չտեսանք, սակայն այստեղ վրաններ խփած քաղաքացիները շարունակում են մնալ հրապարակում։ Տվյալ պահին Երևանում այլ փակ կենտրոնական փողոցներ չկային։

Երեկ երեկոյան հանրահավաքից հետո Սաղաթելյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ այսօր ժամը 12-ից մինչև 14-ն են փողոցներ փակելու և հիմնական ակցիաները սկսելու, իսկ երեկոյան հերթական հանրահավաքն է անցկացվելու Ֆրանսիայի հրապարակում։

Խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակը կարևորեց այսօրվա ակցիաները, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 16-ից Ազգային ժողովում է լինելու, որտեղ կառավարության անդամները պատասխանելու են պատգամավորների հարցերին։ Այդուհանդերձ, դաշնակցական գործիչը չմանրամասնեց՝ ինչ-որ գործողություններ այդ ժամին նախատեսվու՞մ են։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

XS
SM
MD
LG