ԵԽԽՎ մի խումբ անդամներ ադրբեջանցի լրագրողների, իրավապաշտպանների և բլոգերների դեմ ճնշումները դատապարտող բանաձև ընդունելու նախաձեռնությամբ են հանդես եկել, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։
Բանաձևի շուրջ քննարկում անցկացնելու նախաձեռնության հեղինակը բելգիացի պատգամավոր Քրիստոֆ Լակրուան է։ Նրան են միացել վեհաժողովի ևս 37 անդամներ Եվրոպայի խորհրդի անդամ 24 պետություններից։
«Ադրբեջանում բռնության ծավալների, անհանդուրժողականության աճը, ինչպես նաև լրագրողների, իրավապաշտպանների և բլոգերների հասցեին չդադարող սպառնալիքները մտահոգում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին», - նշված է պատգամավորների հայտարարության մեջ։