Մատչելիության հղումներ

Հայաստանում առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ․ ՄԻՊ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյան, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյան, արխիվ

Հայաստանում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստինե Գրիգորյանը Աշխատանքի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

2021 թվականի ընթացքում «ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակ» խորագիրը կրող հարցմամբ պարզվել է, որ հարցվածների 16,7 տոկոսը չունի աշխատանքային պայմանագիր, իսկ ևս 13,9 տոկոսի դեպքում տրվել է միայն աշխատանքի ընդունման հրաման։ «Այլ կերպ ասած, աշխատանքային հարաբերությունների իրավական ամրագրման կայուն պրակտիկայի բացակայության պատճառով աշխատողները շարունակում են զրկված մնալ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներից ու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հասանելիությունից», - շեշտում է Գրիգորյանը։

Շարունակում է խնդրահարույց մնալ արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման հարցը, նշված է ուղերձում։ Հարցվողների 7,2 տոկոսը նշել է, որ ամեն օր իրականացնում է արտաժամյա աշխատանք, սակայն այդ աշխատանքի դիմաց հավելավճար ստանում է այն երբևէ իրականացնողների միայն 28,4 տոկոսը։

Առաջնահերթ է շարունակում մնալ բոլոր աշխատողների համար աշխատանքային հավասար հնարավորություններ ապահովելուն միտված գործողությունների անհրաժեշտությունը՝ սկսած աշխատավայրի ֆիզիկական հարմարեցումից մինչև մտածելակերպի ու աշխարհայացքի փոփոխություն:

«Պետությունը պետք է ապահովի ու զարգացնի աշխատողներին իրավախորհրդատվություն և ուղղորդում տրամադրող ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ լավագույնս օգտագործելով հասարակական կազմակերպությունների ու արհմիությունների ներուժը», - ասված է ուղերձում, որ տարածել է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG