Մատչելիության հղումներ

Հաշմանդամություն ունեցող երկու երեխաների մայրը դժվարությունների է բախվում. ի՞նչ ծրագրեր կան


21-ամյա Սիրանույշը մանկական ուղեղային կաթված ունի, եղբայրն աուտիզմով է ապրում, նրանց միակ խնամակալը մայրն է, ում ուշքն ու միտքը հիմա մեկ հարցով է զբաղված՝ ո՞ւր է տանելու երեխաներին մեկ ամսից, երբ վարձակալության ժամկետը լրանա։

Ընտանիքը 20 տարուց ավելի է՝ վարձով է ապրում, արդեն տասից ավելի տուն են փոխել։ Շուտով այս մեկն էլ պետք է ազատեն. տան տերն այն վաճառել է։ Միայնակ մայրը դիմել է տասնյակ կառույցների․ պետությունը երկու տարածք է առաջարկել, մեկը՝ 24 քմ, մյուսը՝ դրանից էլ փոքր։

Անվասայլակներով տեղաշարժվող Սիրանույշն իր խնդիրները թողած եղբոր մասին է մտածում, ասում է՝ նրան մեծ տարածք է պետք, երկար նստելուց հետո, երբ հոգնում է, սկսում է ինքնաբերաբար տնով մեկ անդադար վազել։

«Իրանք ինձ 24 քառակուսի մետր են առաջարկում, ես պատմում եմ երեխաներիս կարիքների մասին, ասում եմ՝ աղջիկս ունի այսինչ խնդիրները, բայց ինքը դաշնակահար է, ինքը ունի դաշնամուր, ունի քայլելու սարքեր, որ նվիրել են բարերարները, ու այդ ամեն ինչը պետք է ինչ-որ տեղ տեղադրել, տղաս աուտիզմ ունի ու իրեն տարածք է պետք: Իրենք երկուսն էլ չափահաս են, տարբեր սեռերի են, երկուսն էլ ունեն խնդիրներ, որոնք անհամատեղելի են մի տարածքում գտնվելում համար, իրանք ինձ ասում են՝ «լկստվացրել ես երեխաներիդ, դրա համար իրանց համար պայմաններ ես պահանջում», - ասաց մայրը:

Վարձով տան երկու ննջարաններից համեմատաբար մեծն ու ամենալուսավորը Սամվելինն է, ով պահարաններում խնամքով դասավորել է փայտե աշխատանքները, վկայագրերն ու մրցանակները։ Դպրոցը գերազանցությամբ է ավարտել, հիմա էլ Ինֆորմատիկայի պետական քոլեջում է անվճար սովորում, «Թումո» է հաճախում, ապագա ծրագրավորող է, պարզապես համակարգչի հզորությունները մի քիչ թույլ են, նյարդայնանում է ամեն անգամ բացելիս։

«Սովորում եմ Python, Java, C++, այդ թվում՝ JavaScript, գերազանց եմ սովորում: Հուսով եմ, որ այս տարում ես կաշխատեմ», - նշեց Սամվելը:

Նա նաև նկարում է, երաժշտություններ հորինում, նվագում:

Մոր օգնությամբ դաշնամուրին է մոտենում նաև Սիրանույշը, դժվարությամբ բացում մատները, հետո դրանք սահուն խաղում են ստեղնաշարի սև ու սպիտակ հատիկների հետ:

Մանկական ուղեղային կաթվածով ապրող Սիրանույշը մի փոքր դանդաղ է խոսում, բժիշկները մորն ասել են՝ գլխուղեղի ուռուցքն է նաև խոսքի վրա ազդել։ Վիրահատելու գումար չկա, բայց եթե անգամ լինի, վտանգը մեծ է, որ աննշան թերացման դեպքում աղջկան կկորցնի։ Իսկ երգելիս այդ խնդիրները չքվում են, պարզապես ոտքերը թույլ են, չի կարողանում կանգնել, որ ողջ ձայնով երգի:

Սիրանույշը երազանքներն է թվարկում՝ եթե ոտքերի խնդիրը չլիներ, կպարեր, եթե մատները ճկուն լինեին, բլոգ կվարեր։ Սամվելն իր նպատակներից է խոսում, մինչ 49-ամյա մայրը հաշվարկում է՝ ինչպես է ամսական եկամտի միակ աղբյուրը՝ երեխաների 28 հազարական դրամ թոշակը բաշխելու սննդի, կոմունալների ու տան վարձի միջև։

Ինչո՞ւ պետությունը հատուկ նպաստ կամ թոշակ չի հատկացնում իր պես մարդկանց, որոնք հատուկ կարիքներով երեխաներ ունեն․ Մերին այս հարցը շատ է բարձրացրել, պատասխան չի ստացել. «Ես ունեմ բարձրագույն կրթություն՝ Պետհամալսարան ավարտած, բայց ես մեր երկրում թոշակ չեմ ստանալու, որովհետև ես ամուսնացել եմ, երկու երեխա եմ ունեցել, չի ստացվել, որ աշխատեմ, որովհետև հաշմանդամ երեխաներ եմ ունեցել: Դրա հաշվին ես չեմ ստանում ոչ մի ստաժ ու ստացվում է, որ չեմ ստանալու թոշակ, չնայած ամբողջ կյանք ես քրտնաջան իմ երկու երեխաներին պահում եմ»:

Մերիի ու նրա երեխաների խնդիրները Սոցապ նախարարությանը հայտնի են արդեն 22 տարի։ Նախարարության պաշտոնյաները հրաժարվեցին հարցազրույցից, պատճառաբանելով, թե ժամկետները սեղմ են։ Գրավոր արձագանքեցին, թե հաշմանդամություն ունեցող երկու երեխաների մայրը հրաժարվել է իրենց առաջարկած բնակարաններից։ Իրենք էլ ընտանիքի տվյալները փոխանցել են գործընկեր կազմակերպություններին, որ հնարավորության դեպքում աջակցեն։ Գերատեսչությունից ընդգծել են, որ աջակցում են նաև հիփոթեքով բնակարան գնելու հարցում։

Մերիին, սակայն, այս պատասխանը ոչինչ չի տալիս, ասում է՝ գործազուրկ, 49-ամյա միայնակ մորը՝ այն էլ առանց կանխավճարի, բանկը հիփոթեք չի տա, պետությունը՝ նույնպես:

«Երբ որ ես հրաժարվեցի այդ բնակարանից, ինձ բացատրեցին, որ «դա վերջինն է, ինչ մենք ձեզ առաջարկում ենք, ուրիշ բան մենք ձեզ էլ չենք առաջարկելու», - ներկայացրեց նա:

Թե Մերիի կարգավիճակում գտնվող քանի՞ միայնակ մայր կա Հայաստանում, որոնք հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեն, թե այս սոցիալական խմբին մշտական բնակարաններով ապահովելու ի՞նչ ծրագրեր կան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից չեն հստակեցնում։ Մինչ այդ Մարտիրոսյանների ընտանիքում պատրաստվում են կրկին իրերը կապկպել։

Նկարահանումն արագ ավարտեցինք, որովհետև Սամվելն արդեն հոգնել էր։ Քույրը՝ Սիրանույշը մեզ հրաժեշտ տալիս էլ էր երգում, ասում էր՝ երաժշտությունը միակ բանն է, որ այսօր մոռացնել է տալիս իրենց ֆինանսական, առողջական խնդիրներն ու շեղում ամենակարևոր հարցից՝ որտեղ են գիշերելու մեկ ամսից, երբ ստիպված լինեն հանձնել այս բնակարանը ևս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG