Մատչելիության հղումներ

Երաժշտական իրադարձություններ


Այս օրերին մեր երաժշտասերների համար չափազանց ուշագրավ ծրագրեր են նախապատրաստել մեր երաժշտական  հաստատություններն ու նվագախմբերը։

Այսօր երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ, որի ընթացքում հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը՝ Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, և մեր հանրահայտ Կոմիտասի անվան քառյակը՝ Ժողովրդական արտիստ, քառյակի երկարամյա գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդվարդ Թադևոսյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Արթուր Ավանեսովը։ Համերգային ծրագրում կհնչեն բացառապես ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Դեբյուսիի, Ռավելի, Պուլենկի, Ֆորեի և այլոց ստեղծագործությունները։ Համերգը տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում։

Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն այսօր կազմակերպել է հուշ-ցերեկույթ «Երգի և գործի վարպետը» խորագրի ներքո՝ նվիրված անվանի կոմպոզիտոր, Ալ․ Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վլադիլեն Բալյանի հիշատակին։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Սպենդիարյանի տուն-թանգարանում ավանդաբար նշվում էր մաեստրո Բալյանի ծննդյանը օրը, որին նա միշտ ներկա է գտնվել, այս տարի, ցավոք, առաջին անգամ կնշվի հետմահու։ Նրա 98-ամյակը այսօր կնշանավորվի մեր երաժշտական աշխարհի ականավոր ներկայացուցիչների հուշերով, նրա մասին պատմող տեսաշարով և իհարկե համերգային ծրագրով, որի ընթացքում մեր լավագուն օպերային արտիստների կատարմամբ կհնչեն Վլադիլեն Բալյանի ստեղծագործությունները՝ մեր հանրության կողմից շատ սիրված նրա երգերն ու ռոմանսները։

Այսօր երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա մի շատ հետաքրքիր համերգ՝ «Չարլի Չապլին․ Մեծ քաղաքի լույսերը» խորագրով։ Համերգի ընթացքում մեր անվանի երաժիշտների կատամամբ կհնչեն նրա այդ համանուն ֆիլմից երաժշտական հատվածները, կցուցադրվեն նաև հատվածներ ֆիլմից։

Վաղը՝ ապրիլի 30-ին ևս մի շարք ուշագրավ համերգներ են նախատեսված։ Կամերային նվագախումբն ու «Հովեր» երգչախումբը հանդես կգան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համատեղ համերգով, որը կղեկավարի շվեյցարաբնակ հայ անվանի դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ Համերագային խիստ ուշագրավ ծրագրում կհնչեն Շուբերտի թիվ 2 Մեսսան և Ֆորեի Ռե մինոր Ռեքվիեմը։

Այս տարին հոբելյանական է թե' Պետական կամերային նվագախմբի, թե' «Հովեր» երգչախմբի համար։ Պետական կամերային նվագախումբը նշում է հիմնադրման 60-ամյակը, իսկ «Հովեր» երգչախումբը՝ հիմնադրման 30-ամյա հոբելյանը։

Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է։

Այն նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 20121 թվականից։ Ջազային երաժշտության երկարատև ավանդույթներ և հրաշալի ջազմեններ ունեցող Հայաստանում ևս ամեն տարի համերգներով նշվում է այս օրը և ահա վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Գարրի Քյոսայանը և ընկերները» խորագրով համերգը՝ նվիրված մեր լավագույն ջազմենններից Գարի Քյոսայանի ծննդյան 75-ամյակին, որը լրացավ ապրիլի 27-ին։ Համերգային ծրագրում նախատեսված են թե' Գարի Քյոսայանի, թե' աշխարհահռչակ լավագույն ջազմենների ստեղծագործություններ։

Ջազի միջազգային օրը ամեն տարի ավանդաբար նշում է Ջազի հայկական ասոցիացան ամենատարբեր համերգներով։ Այս տարի ասոցիացան և Երևանի քաղաքապետարանը ապրիլի 30-ին Գաֆեսջյան արվեստի կենտրոնի պուրակում, Կասկադի տարածքում հրավիրում են բացօդյա համերգի մեր լավագույն ջազմենների՝ Լևոն Մալխասյանի, Վահագն Հայրապետյանի և շատ այլ երաժիշտների, նաև Հայաստանի պետական ջազ նվագագախմբի մասնակցությամբ։ Բացօդյա այս համերգի պատվավոր հյուրերն ու մասնակիցներն նաև արտերկրից ժամանած հայտնի ջազմեններ Չայնա Մոսեսը և Անդրե Մանուկյանը։

Հաջորդ օրը՝ մայիսի 1-ին կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսված է այս անգամ արդեն աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգը, որի ընթացքում կհնչեն Մասնեի, Չայկովսկու, Շոստոկովիչի ստեղծագործությունները։ Նարեկ Հախնազարյանի հետ առաջին անգամ հանդես կգա դաշնակահար Ժան Պոլ Գասպարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG