Մատչելիության հղումներ

Ծանր վիրավորանքի հոդվածով 9 ամսում 802 քրգործ է հարուցվել․ մասնագետներն օր առաջ օրենքի չեղարկումն անհրաժեշտություն են համարում


Ծանր վիրավորանքի հոդվածով 9 ամսում 802 քրեական գործ է հարուցվել։ Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ։ Գործերի մեծ մասը հարուցվել է հայհոյանքի, իսկ մի մասն էլ, ըստ հաղորդագրության, այլ ծայրահեղ անպարկեշտ արտահայտությունների փաստերով:

6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից շեշտում են, քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանքը հասցրել լրագրողը, 38-ի դեպքում՝ քաղաքական գործիչները, 762-ի դեպքում՝ այլոք: Գլխավոր դատախազությունն այս վիճակագրությունը ներկայացնելով հավաստիացնում է, թե իշխանակական պատգամավորների հեղինակած ու խիստ քննադատված օրենքն ու հարուցված քրեական գործերը մամուլի ազատության կամ քաղաքական գործիչների դեմ չեն։

«Նախ՝ որևէ հիմք չունեն պնդումներն այն մասին, որ ինչպես նշված արարքի քրեականացումը, այնպես էլ դրանցով քրեական գործերի և քրեական հետապնդումների հարուցումն ուղղված է մամուլի ազատության, ազատ խոսքի դեմ, կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց անհիմն հետապնդման ենթարկելուն, կամ կոնկրետ անձանց քննադատությունից պաշտպանելուն», - ասված է հաղորդագրությունում։

«Հիմնական խնդիրն այն է, որ մեզանում գոյություն ունի այդպիսի օրենք»

Աշոտ Մելիքյան
Աշոտ Մելիքյան

«Իրավապահ մարմիններն իհարկե կատարում են իրենց գործը, և այստեղ հիմնական խնդիրն այն է, որ մեզանում գոյություն ունի այդպիսի օրենք», - «Ազատությանն» ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Աշոտ Մելիքյանը խնդրահարույց է համարում իշխանականների հեղինակած օրենքը, հիշեցնում՝ ոչ միայն ոլորտի հայաստանյան ներկայացուցիները, այլև միջազգային հեղինակավոր կառույցներն են բարձրաձայնել ու իշխանություններին կոչ արել՝ ապաքրեականացնել հոդվածը։ Մելիքյանը համաձայն չէ Գլխավոր դատախազության պնդման հետ, թե օրենքը խոսքի ազատության կամ քաղաքական գործիչների դեմ չէ։

«Խոսքի ազատությունը վերաբերում է ոչ միայն զանգվածային լրատվամիջոցներին, այլ նաև այն շատ ավելի լայն հասկացություն է, և եթե նույն Ֆեյսբուքում որևէ օգտատեր կարող է ինչ-որ մի կոշտ, թեկուզ և հայհոյախոսություն չլինի, բայց կոշտ արտահայտություն լինի, իսկ մենք տեսնում ենք, որ դատախազության վիճակագրության մեջ կան նաև այդպիսիք, որոնք որ իրենք համարել են ծանր վիրավորանք, ապա դա ուղիղ կամ անուղղակի առնչվում է խոսքի ազատության հետ», - ասաց Մելիքյանը։

Խոսքի ազատության կոմիտեի նախագահը օր առաջ օրենքի չեղարկումն անհրաժեշտություն է համարում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վիճարկում է այս օրենքի սահմանադրականությունը։ Որոշումը կհրապարկվի առաջիկայում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG