Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գործով վկան դատարանում մանրամասներ ներկայացրեց պետական մրցույթի մասին


Հայաստանի երրորդ նախագահի գործով դատական նիստում այսօր ցուցմունք տվեց վառելիք ներկրող «Սոբրանիյե» ընկերության նախկին ղեկավարը։ 3 տարի առաջ հենց Սևան Քոչարյանի հաղորդումից հետո էին իրավապահները քրեական գործ հարուցել ու կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեղադրանք առաջադրել Սերժ Սարգսյանին։ Վկան պատմեց, թե ինչպես են 9 տարի առաջ իրեն առաջարկել մասնակցել պետական մրցույթի, հրավիրել Գյուղատնտեսության նախարարություն։

Իրավապահների պնդմամբ՝ 2013-ին կառավարությունը այնպես էր արել, որ 17 միլիոն լիտր դիզվառելիքի ներկրման մրցույթում հաղթել էր նախկին նախագահի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը։ Մինչդեռ վկայի խոսքով՝ ամենացածր գինն առաջարկել էր «Մաքսհուր», ապա իր ղեկավարած ընկերությունը։ Սակայն պետական գնման մրցույթը հաղթել էր ամենաբարձր գին առաջարկած «Ֆլեշը»։

Սևան Քոչարյանը պատմեց, որ մրցույթից հետո «Մաքսհուրի» ղեկավարը զանգահարել էր իրեն և հայտնել իր հաղթանակի լուրը, սակայն հետո ամեն ինչ փոխվեց. «Մի քանի օր հետո, քանի որ ես այդ շուկայի մեջ էի, մենք տարբեր աղբյուրներից իմացանք, որ հաղթողը՝ մատակարարողը Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունն է։ Հիմա Խաչիկը հրաժարվել էր, չէր հրաժարվել, չեմ իմանում, բայց տրամաբանորեն եթե 420 է, չեն մատակարարելու կամ հրաժարվել են ինչ-ինչ պատճառներով, այդ տրամաբանությամբ օրինակ՝ բերեր 425 գինը»։

Ըստ իրավապահների՝ երրորդ նախագահը տեղյակ է եղել, որ այս ամենն արվում է իր մտերիմ գործարարի համար։ Վկան, իր հերթին, դատարանում պատմեց, որ երբ ինքը մրցույթի ծրարը հանձնել է նախարարություն, իրեն է զանգահարել «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը. «Միանգամից վրա տալով՝ Պաշտպանության նախարարությունից պրծել ես, անցել ես Գյուղատնտեսության նախարարությանը։ 2003-2008 թվականներին Ղարաբաղի պաշտպանության նախարարության դիզվառելիքը մատակարարել է մեր ընկերությունը, որի հիմնադիր տնօրենը հանդիսացել եմ ես»։

Այսօրվա դատական նիստն ընդմիջվեց, հաջորդին վկային հարցեր կուղղեն կողմերը, այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանի փաստաբանը չցանկացավ նախապես դիրքորոշում հայտնել առանցքային վկայի ցուցմունքի վերաբերյալ։ Մեղքը չընդունող նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը շուրջ 30 հարց ունի վկային։

«Ես ցուցմունքների մասով իմ գնահատականները կտամ դատարանում, կհնչեցնեմ, դուք կտեսնեք՝ ինչքան եմ համաձայն, ինչքան համաձայն չեմ, ինչ դուք չգիտեիք, ինչ հասարակությունը չգիտեր», - ասաց փաստաբանը։

Իրավապահների գնահատականներով՝ ծրագիրը դիզվառելիքի գնման համար 1.2 միլիարդ դրամ է ծախսել, այնինչ եթե հաղթեր ավելի ցածր գին առաջարկած «Մաքսհուրը», բյուջեից կտնտեսվեր մոտ կես միլիարդ դրամ։ 67-ամյա նախկին նախագահից, բացի այս գործով ևս 4 մեղադրյալ էր անցնում։ Երկուսը՝ գյուղատնտեսության նախկին նախարարն ու փոխնախարարը, գործի քննության ընթացքում մահացել են կորոնավիրուսից։

XS
SM
MD
LG