Մատչելիության հղումներ

Բանկերն Արցախից տեղահանվածներից պահանջում են վճարել վարկերը, նրանց հաշիվները կալանքի տակ են առնվում


Լեռնային Ղարաբաղ, արխիվ
Լեռնային Ղարաբաղ, արխիվ

53-ամյա Կարեն Մարտիրոսյանը երրորդ տարին է՝ միայն նկարներում ու հուշերում է տեսնում Կովսականի՝ Զանգելանի իր երկհարկանի տունը, որ վերջին պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ունեցվածքը կորցրած, անօթևան դարձած ընտանիքը հիմա էլ կանգնել է նոր խնդրի առաջ․ բանկը պահանջում է վճարել վարկը, որ վերցրել էին տունը նորոգելու համար։

«Մեզ ՎՏԲ բանկից զանգում են, ասում են` մենք կարող ենք ձեզ ներենք ինչ-որ տոկոս, եթե դուք համաձայն եք մնացածը… ասում եմ` ինչի՞ համար ինձ ներեք, ես ի՞նչ հանցագործություն եմ արել, ի՞նչ եմ արել ես: Երբ աշխատել եմ, վճարել եմ, հիմա ոչ իմ պատճառով աշխատանքս կորցրել եմ, դրա՞ համար ինձ պիտի ներեք:

Տեխնիկա, գործիքներ ենք առել, մեծ թիվը դրանք են եղել, տուն ես սարքում, այդ ամեն ինչը նախ պետք էր, երկրորդ էլ` ես չեմ սիրում, որ սրանից-նրանից գնաս, ուզես, մարդու ապրանքը փչացնես, տանես, հետ տաս: Սառնարան ենք վերցրել ապառիկ, սեղան-աթոռ: Ընդհանուր մի քանի վարկ է` մոտ 5-6 հատ, իմ ապառիկներն են եղել, մի 3-4-ն էլ կնոջինս են եղել», - պատմում է նա:

Տույժ-տուգանքները մարելու պահանջով բանկը ամիսներ առաջ դատի է տվել Մարտիրոսյաններին։ Դատարանը կալանքի տակ է առել հաշիվը, որով կինն ամեն ամիս աշխատավարձ էր ստանում, ինչպես նաև գույքի նկատմամբ հետախուզում հայտարարել։ Թող գնան, Ադրբեջանում գտնեն, ասում է Արվեստի դպրոցի նախկին ուսուցիչը, որ պատերազմից հետո մինչ օրս հարազատների տանն է գիշերում:

«Ոնց որ ես եմ հասկանում, իրենք հետախուզում են հայտարարել, Հայաստանում կարող է ես գույք ունեմ կամ ինչ-որ ֆինանսական միջոցներ ունեմ, որ կարող են վաճառել, կամ որի հիման վրա փակեն իմ ունեցած վարկը: Ես տենց եմ հասկանում, որովհետև լրիվ աբսուրդ կլինի, եթե կալանավորեն ասենք` Կովսականում գտնվող իմ գույքը», - նշում է նա:

Իննա Բաբայանի ընտանիքն էլ Բերձորում՝ Լաչինում թողած առանձնատան համար էր վարկ վերցրել։ Մտադիր էին ընդլայնել տնտեսությունը, բայց պատերազմը ոչնչացրեց ամեն երազանք, ասում է 36-ամյա Իննան, որի աչքերը փայլում են, երբ խոսում է երբեմնի շքեղ տնից։ Փետրվարից բանկի պահանջով դատարանը կալանքի տակ է առել նաև Իննայի աշխատավարձի հաշիվը։

«Ինձ հարկադիր դրեցին, այն էլ ինչպես եմ իմանում, որ ոսկիների մի մասը, որ ունեի Ադրշինբանկում դրված, կարող էի հանել, այնտեղ էլ ունեի, հանեցինք, բերեցինք, ու այստեղ էի ուզում արդեն կապված տան վարձի, կոմունալների հետ նորից բանկում դնել, իմացանք, որ ես հարկադիրի տակ եմ, իմ անունով չի լինի», - պատմում է նա:

Բաբայանն ասում է՝ իրենք բացառություն չեն, միայն ինքը նույն խնդրով մոտ 100 արցախցիների է ցուցակագրել:

Մինչդեռ Արցախի կառավարությունը տեղահանվածների վարկերը մարելու համար հատուկ ծրագիր է սկսել։ Արցախի ներդրումային հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Մխիթարյանի խոսքով` այդ նպատակով բյուջեից արդեն մոտ 11 միլիարդ դրամ է հատկացվել. «Մեր կարգի համաձայն` վճարում ենք և մայր գումար, և տոկոսագումար, և սպասարկման վճար: Մայր գումարը լրիվ հատուցվում է մեր կողմից, տույժերը մեր բանկերի հետ պայմանավորվածության համաձայն` ներվում է իրենց կողմից: Նախկինում` անցած տարի, ինչ-որ տարաձայնություններ կային մեր ու բանկերի հետ, ոչ միայն ՎՏԲ-ի, այլև տարբեր բանկերի հետ տարբեր փուլերում տարբեր խնդիրներ եղել են, տեղահանվածների մասով հիմնականում հարցերը լրիվ լուծված են, այդ թվում` ՎՏԲ-ի հետ այս պահի դրությամբ»:

Իսկ տույժ-տուգանքները, որոնց ճակատագիրը կառավարությունը թողել է բանկերի հույսին, շատ դեպքերում հասնում են միլիոնավոր դրամների։ ՎՏԲ-ից հրաժարվեցին մանրամասնել՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ներել այս պարտքը, ե՞րբ և որքանո՞վ` պատճառաբանելով, թե դա բանկային գաղտնիք է։

Արդյո՞ք պատերազմը ֆորսմաժորային իրավիճակ չէ, որի դեպքում բանկը պետք է ների քաղաքացու վարկը․ իրավաբան Արմեն Սաքապետոյանի խոսքով` մասնավոր կառույցը կարող է, բայց պարտավոր չէ, և այս հարցում պետությունն է, որ անելիք ունի։

«Իրավական հարթության մեջ բանկը չունի որևէ պարտավորություն: Տվյալ դեպքում մենք, օրինակ, խորհուրդ ենք տվել քաղաքացուն հավաքել բոլոր ապացույցները, որ Կովսականում գտնվող իր տնտեսությունը` դա եղել է իր ապրուստի միջոցը, վարկը սպասարկելու աղբյուրը, ներկայացնել բանկին և օրինակ բանկից ակնկալել, որ տարաժամկետեն վարկը կամ ազատեն տոկոսներից, տույժերից ինչ-որ մի ժամանակ, որովհետև նայեք, մյուս կողմից բանկերը եթե համատարած իրականացնեն նմանատիպ պարտավորությունների մարում, ապա բանկերի մոտ կառաջանա դիսբալանս», - նշեց նա:

Տեղահանվածների հարցերով զբաղվող կազմակերպություններից մեկը, որ միավորում է Քաշաթաղի՝ Լաչինի շրջանի մոտ 11 հազար բնակիչների, մեկ ամիս առաջ այս մասին նամակ է հղել թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ղեկավարներին, օմբուդսմեններին ու Կենտրոնական բանկին։ Մինչ օրս, սակայն, պատասխան չեն ստացել ո՛չ Երևանից, ո՛չ էլ Ստեփանակերտից։

Բանկերն Արցախից տեղահանվածներից պահանջում են վճարել վարկերը, նրանց հաշիվները կալանքի տակ են առնվում
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG