Մատչելիության հղումներ

Մհեր Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքների ընթացքը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Երևան, 21-ը ապրիլի, 2022թ.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Երևան, 21-ը ապրիլի, 2022թ.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Փոխվարչապետը, ըստ կառավարության հաղորդագրության, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք:

Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:

Կլաարն, իր հերթին, Թվիթերում գրել է, որ առանձին-առանձին հիանալի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների հետ՝ հաղորդակցությունների վերաբացման վերաբերյալ։ Նա ուրախությամբ արձանագրել է երկու երկրների վճռական հանձնառությունը:

Երկաթուղու վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին հայտարարվել էր նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո։ Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։

ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին: Կլաարն ու Գրիգորյանը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առընչվող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG