Մատչելիության հղումներ

A4 ֆորմատի թուղթը գրեթե կրկնակի թանկացել է


Դպրոցականներից հաշվապահներ, լրագրողներից ճարտարապետներ, սովորական A4 ֆորմատի թուղթ շատերն են օգտագործում, սակայն թանկացման մասին առաջին հերթին ուսանողներն են բարձրաձայնում։ Նրանք գրեթե ամեն օր տասնյակ էջերով տեքստեր են պատճենահանում:

«Իմը ուրիշ մարդիկ են անում, բայց ասում են, որ շատ ա թանկացել՝ մոտ 30-40 դրամ արդեն», - ասաց ուսանողներից մեկը:

Բուհերին հարակից պատճենահանման կետերում ուսանողների շարժն անդադար է, այս գործով զբաղվողները, սակայն, չխոսկան են, մեկը տեսախցիկի հետևում պնդում է՝ հանուն ուսանողության թանկացումների դեռ չի գնում, մյուսը չի թաքցնում՝ ծառայությունների գները բարձրացրել է։ Պատճենահանման, փաստաթղթերի կազմման համար օգտագործվող A4 ֆորմատի թղթի դեֆիցիտ ու թանկացում Հայաստանում նկատվեց մի քանի շաբաթ առաջ։

Գրախանութներում, ներկրողների գրասենյակներում ասում են՝ դեֆիցիտը հիմա մեծ չէ, սակայն թուղթը գրեթե կրկնակի թանկացել է։ Այժմ մեկ տուփ A4 ֆորմատի թուղթ կարելի է գնել 3000 և ավելի դրամով։ Ո՞րն է կրկնակի թանկացման ու պակասի պատճառը։ Ներկրողներից մեկը, որը տեսախցիկի առջև խոսել չցանկացավ, բացատրում է՝ վերջին ամիսներին հումքի դեֆիցիտ է եղել աշխարհում, արտադրողները դեռ չեն հասցնում այնքան ծավալների թուղթ տպել, որ պակասը լրացվի:

«Մասամբ կկարգավորվի, բայց հին գնին չի հասնի, գինը տատանվելու ա մոտ 2000-ից 3000 դրամ՝ կախված թղթի որակից, իր սպիտակությունից», - ասաց ներկրողներից մեկը:

Հայաստանը թուղթ ներկրում է Ռուսաստանից, եվրոպական ու ասիական մի քանի երկրներից։ Հայաստանցի գործարարներից շատերը նախընտրում են Ռուսաստանից բերել, քանի որ ավելի արագ ու հեշտ է հասնում։ Բարդությունները ողջ աշխարհում դեռ քովիդի համավարակի շրջանում են սկսվել։

Հայաստանյան խոշոր տպագրատներից մեկի փոխտնօրեն Ռուզաննա Հարությունյանը բացատրում է՝ համաշխարհային շուկայում քովիդյան սահմանափակումների պատճառով արտադրական ծավալների, բեռնափոխադրումների խնդիրներ էին ծագել, այժմ էլ իրադրությունը սրվել է ռուս-ուկրաինական պատերազմի ու թղթի հումք տարբեր երկրներ մատակարարող Ֆինլանդիայում ընթացող գործադուլների պատճառով։ Ընդ որում՝ աշխատանքային պայմանների բարելավում պահանջող Ֆինլանդիայի թուղթ արտադրողների միությունը հունվարից սկսած գործադուլը երկարաձգել է մինչև մայիսի կեսերը։

«Խնդիրները բոլոր տպագրատների համար, բոլոր արտադրողների համար նույնն են՝ լինի դա A4 ֆորմատի թղթի հետ կապված կամ ինքնակպչուն, հիմնական խնդիրը գալիս է հումք արտադրողից՝ հումքի բացակայություն, գործադուլներ», - նշեց Հարությունյանը:

Այս տպագրատունը գրքեր, պաստառներ ու խմիչքների տուփեր է արտադրում։ Փոխտնօրենն ասում է՝ իրենց օգտագործած թուղթը շուրջ 80 տոկոսով թանկացել է։ Սա նշանակում է, որ այստեղ տպագրություն պատվիրողները ստիպված են գրեթե կրկնակի վճարել։

«Խնդիրը շատ մեծ է՝ գնառաջարկը, որ կարողանում ենք մենք տալ պատվիրատուին, գնառաջարկի հիմնական մասը կազմում է թուղթը, իսկ երբ որ թուղթը թանկանում է, բնականաբար, թանկանում է ամեն ինչ», - ընդգծեց Հարությունյանը:

Հայաստանում հազարավոր տոննաներով տարբեր տեսակի թուղթ է սպառվում։ Վաճառողները, ներկրողներն ու տպագրողները դժվարանում են կանխատեսել՝ թանկացումը որքան կշարունակվի։

A4 ֆորմատի թուղթը գրեթե կրկնակի թանկացել է
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG