Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» եռօրյա գիտաժողովը


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր բացվեց «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով եռօրյա գիտաժողովը, որին մասնակցում են մասնագետներ տարբեր երկրներից։

Եռօրյա գիտաժողովի ընթացքում կհնչեն երեք տասնյակից ավելի բանախոսություններ, որոնք հնարավորություն կընձեռնեն քննարկելու Հայոց ցեղասպանության դասավանդման զարգացման առավել արդյունավետ հեռանկարներն առաջիկա տարիների ընթացքում։

Բանախոսությունների խորագրերն արդեն իսկ խոսուն են․ «Հայոց ցեղասպանության ուսուցման բազմատեսանկյուն մոտեցումը», «Հայոց ցեղասպանության դասավանդման խնդիրները ավագ դպրոցում», «Ցեղասպանության դասավանդման առանձնահատկությունները Սփյուռքի հայկական դպրոցներում» և այլն, և այլն։

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքից հետո «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության դասավանդման հիմնախնդիրները արժեքային կողմնորոշումների համատեքստում» խորագրով բանախոսությամբ, որի ընթացքում ընդգծեց. - «Հայոց ցեղասպանության հիշողությունը հայ ինքնության հիմնասյուներից է և որպես այդպիսին կարևոր դեր ունի հայոց արժեքային համակարգում։ Ավելին, այն արժեքային համակարգը դասավանդման ճանապարհով կերտելու կարևոր գործիքներից է։ Հայոց ցեղասպանությունն իրավամբ ընկալվում է որպես ջրբաժան իրադարձություն, երևույթ, որն ունեցել է որոշիչ ազդեցություն հայության ճակատագրի վրա մոտակա անցյալում և ներկայում, և ունի խորքային ամենաուղղակի առնչություն նրա ապագայի համար։ Այդ հիշողությունը վառ պահելու կարևոր միջոցներից է ցեղասպանության թեմային դասավանդումը դպրոցական կրթության համակարգում»։

Հանգամանալիորեն վերլուծելով դպրոցներում և բուհերում դասավանդման ներկայիս գործընթացը՝ Հարություն Մարությանն առաջարկեց նոր մեթոդաբանություն կիրառել. - «Գլխավոր նպատակն է դառնում սովորողներին ոչ թե փաստերի և փաստաթղթերի երբեմն հոգնեցնող ամփոփումների տրամադրումը, այլ թե ինչ է բխում դրանցից իրենց անձնական կյանքի համար։ Մեթոդական առումով սա նշանակում է, որ հասարակության լիարժեք մաս դառնալուն ուղղված ստրատեգիաները ավելի շատ պետք է բխեն մերօրյա իրականության մեջ առկա հարցադրումներին պատասխանել որոնելուց և առաջարկելուց, այլ ոչ թե միայն առկա դասագրքերում եղած տեղեկատվությունից։ Ցեղասպանության նման բարդ թեմաների պարագայում պետք է փորձել հասկանալ, թե ինչպես կարելի է անցյալի փորձառությունը կապիտալիզացնել ներկայի իրողությունների համար։ Վերջին հաշվով, ներկան է հենվում անցյալի փորձառության վրա, որ ձևավորում է դեռահասի և պատանու աշխարհայացքի ու արժեքային կողմնորոշումների շատ տարրեր և այդկերպ կերտում է ապագա քաղաքացուն»։

Այսօր ի թիվս այլ բանախոսների ելույթ ունեցավ նաև Սան-Ֆրանցիսկոյից ժամանած Genocide Education ծրագրի կրթական գծով տնօրեն Սառա Քոհենը՝ նշելով, որ շատ ուրախ է թե' Հայաստանում գտնվելու, թե' այս գիտաժողովին մասնակցելու համար և խոսելու ցեղասպանության մասին։

Իր խոսքում նա ընդգծեց, որ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ուսուցման տարբեր օրենքներ են գործում։ Իրենց մոտ՝ կալիֆորնիական տարբեր դպրոցներում և բուհերում իհարկե թե' Հոլոքոստի, թե' Հայոց ցեղասպանության բազմաթիվ դասընթացներ կան, բայց բավարար չեն մասնագետները։ Ասաց, որ չափազանց կարևոր է նախևառաջ նորանոր մասնագետներ պատրաստելը, որոնք հետագայում կկարողանան արդյունավետ կերպով դասավանդել թե' դպրոցներում, թե' բուհերում։ Եվ այդ գործում իրենց առավել ակտիվորեն պետք է աջակցեն ամենատարբեր հասարարակական կազմակերպություններ և հիմնադրամներ։

Գիտաժողովին մասնակցում է և վաղը «Հայոց ցեղասպանության դասավանդումը ամերիկահայ կրթական հաստատություններում. գաղափարից գործողություն և զարգացում» խորագրով զեկուցմամբ հանդես կգա նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակից, ցեղասպանագետ, գրքերի և դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը։

«Իսկապես ակնակլիքներ ունեմ, հույսեր ունեմ, որ վերջապես էդ վարանոտ, էդ վախվորած կեցվածքը դեպի ցեղասպանության դասավանդումը կփարատվի Հայաստանում և նաև Սփյուռքի շատ գաղթօջախներում, որոնք հիմա չեն պարապում Ցեղասպանության մասին։ Մեզ մոտ, օրինակ, ազգային դպրոցներում անցնում են Ցեղասպանության մասին, և ոչ թե միայն պատմության ժամերին։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ գիտաժողովի զեկուցումներից բխած և մտահոգություններից բխած գործնական քայլեր կձևավորվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փիրումյանը։

Հավելենք նաև, որ այսօր գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած «Հայկական վարժարանների հետքերով․ ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով չափազանց ուշագրավ ժամանակավոր ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը, որը կգործի մինչև սեպտեմբերի 10-ը, համադրել է թանգարան-ինստիտուտի գիտաշխատող և ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը։

XS
SM
MD
LG