Մատչելիության հղումներ

Լվովի հրթիռակոծման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները


Ուկրաինայի իշխանությունները հայտում են, որ Ռուսաստանը հինգ հրթիռ է արձակել երկրի արևմուտքում, Լեհաստանի սահմանի մոտ գտնվող Լվով քաղաքի վրա։

Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիտցկին ու քաղաքապետ Անդրեյ Սադովին մամուլի համատեղ ասուլիսում որոշ տվյալներ են ներկայացրել։ Վարչակազմի ղեկավարն ասել է, որ հրթիռակոծման հետևանքով նախնական տվյալներով առնվազն յոթ մարդ է է զոհվել, 11-ը վիրավորվել են։ Փլատակները դեռևս ամբողջությամբ չեն մաքրվել, տուժածների թիվը հնարավոր է աճի։

Քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքերով՝ «այն ինչ այսօր տեսնում ենք՝ ցեղասպանություն է, որը ագրեսորը նպատակաուղղված իրականացնում է՝ սպանելով Ուկրաինայի խաղաղ բնակիչների»։

Լվովի հրթիռակոծման մասին Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը Թվիթերում գրել է․ «Ռուսաստանը շարունակում է օդից բարբարոսաբար գրոհել ուկրաինական քաղաքները, ամբողջ աշխարհով մեկ ցինիկաբար հայտարարելով ուկրաինացիներին սպանելու իր իրավունքի մասին»։

Խարկովի հրետակոծումը չի դադարում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի երեկոյան ասել է, որ վերջին 4 օրվա ընթացքում Խարկովում 18 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են։

Լուգանսկի շրջանում ռուսական ուժերը առաջ շարժվելով գրավել են Կրեմինա քաղաքը։ Նահանգապետ Սերգեյ Գայդայի ասելով՝ 4 քաղաքացի է զոհվել։ Լուգանսկի մարզում ծավալված գործողությունները ռուսական ուժերի հիմնական ուղղություններից մեկն է, որտեղ նրանք փորձում են միանալ Իզյումը գրաված ուժերին։

Ուկրաինայի իշխանությունները Լուգանսկի մարզի բնակիչներին կոչ են արել առանց հապաղելու հեռանալ, նշելով, որ փրկվելու համար քիչ ժամանակ է մնում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ պատերազմը Դոնբասում սկսվելու է մոտ ապագայում և Արևումտքին կոչ է արել ավելի շատ զենք հատկացնել Ուկրաինային։

«Այն պետությունները, որոնք ունեն մեզ անհրաժեշտ սպառազինություններն ու զինամթերքը, բայց չեն շտապում մեզ տրամադրել, պետք է իմանան, որ առաջիկա ճակատամարտի ճակատագիրը նաև իրենցից է կախված», - ասել է Զելենսկին։

Նա անուններ չի տվել, բայց «Ասոշիեյթեդ Փրեսի» համոզմամբ՝ Զելենսկու քննադատության գլխավոր հասցեատերը Գերմանիայի իշխանություններն են։

Երկրորդ օրն է՝ չի հաջողվում պայմանավորվել մարդասիրական միջանցքներ բացելու շուրջ

Արդեն երկրորդ օրն է՝ չի հաջողվում պայմանավորվել մարդասիրական միջանցքներ բացել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Պաշարված Մարիուպոլում դեռ հազարավոր խաղաղ բնակիչներ կան։ Ուկրաինական «Ազով» գումարտակի մարտիկները հրաժարվել են ընդունել զենքը վայր դնելու և հանձնվելու ռուսական կողմի երեկվա առաջարկը։ Ուկրաինական ուժերը մնում են Ազովստալ գործարանի տարածքում։

Մարտի սկզբից պաշարված Մարիուպոլի դիմադրությունը կաշկանդում է ռուսական ուժերի մի մասին, քաղաքն ամբողջությամբ ընկնելու դեպքում ռուսական հազարավոր ուժեր կարող են շարժվել այլ ուղղություններով։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլբան ասել է, որ ռուսական զորքերը գործնականում ամբողջությամբ ոչնչացրել են Մարիուպոլը։ «Քաղաքն այլևս գոյություն չունի,- CBS-ի հարցազրույցում ասել է նա,- Մարիուպոլում ռուսական բանակի գործողությունները վկայում են, որ նրանք որոշել են ցանկացած գնով քաղաքը հավասարեցնել հողին»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը այսօրվա հաղորդագրությունում ասել է, որ օդային տեղակայման հրթիռների գերճշգրիտ հարվածներով անցած գիշերը ոչնչացվել է ուկրաինական 16 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ անձնակազմ և ռազմական տեխնիկա։ «Իսկանդեր» հրթիռներով ոչնչացվել է չորս զինապահեստ ու ռազմական տեխնիկա, ինչպես նաև հարված է հասցվել երեք շրջաններում կենդանի ուժի կուտակումներին, հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական երեք ռազմական օդանավ է խոցել և 11 անօդաչու թռչող սարք:

Նշենք, որ պատերազմական գործողությունների պայմաններում թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեղադրել է ուկրաինական կողմին, ասելով, թե Կիևը հաճախ փոխում է դիրքորոշումը արդեն համաձայնեցված հարցերի շուրջ։

Նրա խոսքերով՝ ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է, նախագահ Պուտինը բոլորովին վերջերս ասել է՝ այն ընթանում է պլանի համաձայն։

«Միաժամանակ փորձագետների մակարդակով շարունակվում են շփումները բանակցային գործընթացի շրջանակում։ Ցանկանում եմ հիշեցնել նախագահի խոսքերը, որ ցավոք ուկրաինական կողմը առանձնապես կայունություն չի ցուցաբերում, դիրքորոշումը հաճախ փոխվում է», - ասել է Պեսկովը, նշելով, որ բանակցային գործընթացի դինամիկան դրական առաջընթացի կարիք ունի:

Լվովի հրթիռակոծման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները
please wait

No media source currently available

0:00 0:05:57 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG