Մատչելիության հղումներ

Թուրքիան նոր ավիաընկերություն է ստեղծում ռուս զբոսաշրջիկների համար


Թուրքիա - «Կրեմլ» հյուրանոցը Անթալլիայում, արխիվ
Թուրքիա - «Կրեմլ» հյուրանոցը Անթալլիայում, արխիվ

Մինչև արևմտյան երկրները գրեթե ամեն օր հայտարարում են Ռուսաստանի դեմ կոշտ, աննախադեպ պատժամիջոցների մասին, փակում են օդային և երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, Թուրքիան ստեղծում է նոր ավիաընկերություն ռուս զբոսաշրջիկների համար։

Թուրքական Airport Haber պորտալը հաղորդում է, որ թուրքական նոր ավիափոխադրողը, որը երկրի իշխանությունները ստեղծում են հատուկ ռուս զբոսաշրջիկների՝ դեպի թուրքական հանգստավայրեր թռիչքների համար, կսկսի գործել մայիսի վերջին։ Ավիաընկերությունն արդեն անուն ունի՝ Southwind: Ակնկալվում է, որ սկզբում այն կշահագործի 5 Airbus ինքնաթիռ։

Ապրիլի սկզբին Sabah պարբերականը հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում էր մի շարք քայլեր իրականացնել 2022 թվականին Ռուսաստանից զբոսաշրջիկների ներգրավման համար։ Դրանցից մեկը նոր ավիաընկերության ստեղծումն է, որը կտեղափոխի մինչև 1 միլիոն ռուսաստանցի։

2017 թվականից Ռուսաստանը հանգստանալու համար Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվով առաջատար երկիրն է։ 2022 թվականին թուրքական իշխանությունները նախատեսում են ընդունել ավելի քան 7 միլիոն ռուսների։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, թեև ակտիվորեն օգնում է Ուկրաինային, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չի միացել, ավելին՝ պատրաստվում է ռուսական շուկայում զբաղեցնել երկրից հեռացած արևմտյան ընկերությունների տեղը, օրինակ՝ ինչ վերաբերում է հագուստի խանութներին։

Որևէ սահմանափակում Անկարան չի մտցրել նաև հաղորդակցության ոլորտում, ավելին՝ այսօր Ռուսաստանից Եվրոպա ճամփորդելու համար ռուսաստանցիները հենց թուրքական ավիաընկերություններից են օգտվում։

Այդուամենայնիվ, Թուրքիան ստիպված կլինի միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եթե դրանք հաստատվեն ՄԱԿ-ի կողմից, օրերս հայտարարել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ընդգծելով, թե Անկարան հետևում է միջազգային իրավունքին և վարելու է հավասարակշռված քաղաքականություն, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան է միակն երկիրը, որը կարող է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները և հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG