Մատչելիության հղումներ

Վաղը հայ կինոյի ծննդյան օրն է


Լրանում է հայ կինոյի հիմնադրման 99-ամյակը։ 1923 թվականին հենց այդ օրն է ստորագրվել հայկական կինոարտադրություն հիմնադրելու Ժողկոմխորհի որոշումը։ Հաշվի առնելով այդ փաստը, 2019 թվականին կառավարության որոշմամբ ապրիլի 16-ը ընդունվեց որպես Հայ կինոյի օր։

Հայաստանի ազգային կինեկենտրոնն այսօր ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրեց վաղը Հայ կինոյի օրվա առիթով իրենց նախաձեռնած ֆիլմերի ցուցադրությունները, որոնք տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում առավոտյան 11-ից մինչև երեկո։ Կցուցադրվեն վավերագրական, գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, անիմացիոն 20 հայկական ֆիլմեր, որոնք նկարահանվել են Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։

Շուշանիկ Միրզախանյանի խոսքով, ցուցադրվելիք ֆիլմերի մեջ շատ են պրեմիերաները. - «Եվ կան դրանց մեջ դեբյուտանտ ռեժիսորների աշխատանքներ, որը շատ կարևոր է նշել, քանի որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերջին երեք-չորս տարիներին հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսավորում հատկացնելիս հենց դեբյուտանտ ռեժիսորներին։ Մեր կանոնակարգում դա հատուկ նշել ենք՝ առնվազն 30 տոկոսը պետական ֆինանսավորման մենք պետք է հատկացնենք դեբյուտանտներին։ Գործնականում ստացվեց էնպես, որ մենք դեռ ավելի շատ գումար ենք հատկացրել, վերջին տարիներին 40-50 տոկոս պետական ֆինանսավորում ենք հատկացնում դեբյուտանտ ռեժիսորներին։ Շատ մեծ ակնկալիքներ ունենք մեր դեբյուտանտներից, դա նպատակային է արվում պետության կողմից, հնարավորություն ենք տալիս մեր երիտասարդներին, որ իրենք է'լ ավելի շատ կարողանան նկարահանել և հետաքրքիր, լավ ֆիլմեր անել։ Մենք էլ հպարտանանք և ուրախանանք, և լուրջ միջազգային հարթակներում ներկայացնենք մեր երկիրը»։

Միրզախանյանը հատուկ ընդգծեց, որ լիամետրաժ ֆիլմերի պրեմիերաների շարքում տեղ է գտել Սերգեյ Իսրայելյանի 85-ամյակի կապակցությամբ նրա նկարահանած «Պատանդներ» ֆիլմը, որը նկարահանվել է 1991 թվականին և ներկայացնում է խորհրդային իրականության վերջին տարիները։ Ֆիլմում տեղ են գտել նաև վավերագրական շատ ուշագրավ հատվածներ. - «Մենք արել ենք վերականգնողական աշխատանքները այդ ֆիլմի, ձայնն է վերականգնվել, շտկվել, թվային ռեստավրացիա է արվել կադրերի, նաև գունաշտկում է արվել։ Մեկ ուրիշ պրեմիերա եմ ուզում անպայման նշել։ Բոլորիս կողմից շատ-շատ տարիներ սպասված մեր «Չնչիկ» ֆիլմը, տասնութ տարի հետո մենք այդ ֆիլմը կարողանում ենք դիտել մեծ էկրանին։ Ասեմ, որ միջազգային պրեմիերան կայացել է միջազգային փառատոնի շրջանակներում։ Հայաստանում մենք կցուցադրենք առաջին անգամ»։

Այսպիսով ավարտվում է Արամ Շահբազյանի նկարահանած «Չնչիկ» խաղարկային լիամետրաժ Ֆիլմի ոդիսականը, և մեր հանդիսատեսը վերջապես հնարավորություն կունենա դիտել և գնահատել ֆիլմը, որի վրա ռեժիսորը սկսել է աշխատել 18 տարի առաջ, նկարահանումները տևել են մեկ տարի՝ 2008-2009 թվականններին, իսկ հետարտադրական պրոցեսը ձգձգվել է մինչև 2018 թվականը, երբ կրկին հնարավորություն ստեղծվեց պետական աջակցության ստանալու համար։

«Ազատության» հարցին, թե արդյոք ժամանակավրեպ չէ արդեն ֆիլմը, Արամ Շահբազյանն ու ֆիլմի գլխավոր դերակատար Լիլի Էլբակյանը բացասական պատասխան տվեցին։

«Ինչո՞ւ չէ։ Որովհետև ինքը նախ համամարդկային թեմա է, երկրորդը, ինքը պրիտչա ա, ինքը կարող էր լինել երեկ, կարող էր լինել այսօր ու կարող էր լինել վաղը։ Այդ առումով ինքը շատ առողջ պատմություն է և շատ հետաքրքիր», - ասաց Լիլի Էլբակյանը։

«Ինքը առած ա, իսկ առածը մնում ա առած։ Ոնց որ մի պատվիրանի հիման վրա նկարահանած հեքիաթ-կինո լինի՝ մի դատիր պատվիրանի։ Էդ ֆիլմում չկա ժամանակ, էդ ֆիլմում չկա հասցե», - հավելեց Շահբազյանը։

Հարցին, թե երբ ի վերջո հնարավորություն կստեղծվի նաև մասնավոր հատվածից ներդրումներ ստանալ հայ կինոյի զարգացման համար և փոքր-ինչ թոթափելպետության հոգսը, կինոգետ, կինոպրոդյուսեր, Ազգային կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանն ասաց. - «Երբեք դա չի լինի, և չերազեք դրա մասին։ Պետությունը ուղղակի գիտակցելու ա և հասկանալու ա, թե ինչքան կարևոր ա էն մասը ֆիլմի աջակցության, որով ինքը մասնակցելու ա։ Եվ ինչի՞ ա կարևոր, որ պետությունը աջակցություն ցուցաբերի։ Որովհետև անկախ արտադրողի համար ֆինանսավորում հայթայթելու համար դրսում կամ որևիցե մի ուրիշ տեղ մասնավոր գումարները, շատ կարևոր ա, որ ֆիլմը արդեն ինչ-որ մի հատ որակային փուլ ա անցել։ Իսկ Կինոկենտրոնը հենց էդ որակային փուլի գարանտն ա դառնում, երաշխավորողն ա դառնում, քանի որ հանձնաժողով ա կազմված, որը որ փոխվում ա և մասնագետներից ա կազմված, և ոչ թե Կինոկենտրոնն ա որոշում, կամ պետությունն ա որոշում, այլ կինոմասնագետներն են որոշում որ ֆիլմը աջակցության արժանի ա։ Պետական աջակցությունը շատ կարևոր ա, որովհետև Հայաստանը ընտրել ա նույն մոդելը, որը որ Եվրոպան ա ընտրել, նաև կոնվենցիայի մաս ենք կազմում եվրոպական համատեղ արտադրության»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG