Մատչելիության հղումներ

Մեկ տարվա ընդմիջումից հետո հնարավոր է Դադիվանքը հայ ուխտավորների ընդունի


Վանական համալիրը հայերի առջև փակվեց նախորդ տարվա մայիսից։ Գուցե այս կիրակի զատկական պատարագին մասնակցողներ լինեն։

«Մենք խնդրել էին համապատասխան մարդկանց, հրամանատարությանը, որ զատկական տոնին ընդառաջ, եթե հնարավոր է, կարգավորեք ուխտագնացություն դեպի Դադիվանք։ Առայժմ մենք ստացել ենք այդ մարդկանցից դրական պատասխան։ Սպասում ենք երրորդ կողմը, որը պիտի պատասխանի», - «Ազատությանն» ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Երրորդ կողմը Ադրբեջաննն է, դրական պատասախան ռուս խաղաղապահներից են ստացել։ Արցախի թեմի առաջնորդը շեշտում է՝ երեկվանից ուխտավորների ցուցակագրում են սկսել և ցանկացողներն այնքան շատ են եղել, որ պրոցեսը դադարեցրել են։ շուրջ 60 հոգու են փորձելու տեղափոխել կիրակի առավոտյան։

«Հուսով ենք։ Աղոթում ենք, որ լինի», - ասաց նա։

Շուրջ մեկ տարի ադրբեջանցիների օղակի մեջ Դադիվանքում հոգևոր ծառայություն էր իրականացնում Հայր Ներսես Հարությունյանը։ Նա վստահ է, որ վերջին պահին այս ուխտագնացությունը կխափանեն. - «Չեն թողնելու։ Կարող է նույնիսկ հիմա հաստատեն, ասեն այո, բայց ամենավերջին պահին, երբ որ ուխտավորները արդեն հասած կլինեն անցակետին, իրենք ուղղակի կհրաժարվեն ներս թողնելուց»։

Մի քանի հայ հոգևորականներ ադրբեջանական դարձած Քարվաճառի հայկական եկեղեցուց ոչ մի օր չեն հեռացել։ Հայր Ներսեսը Դադիվանքի վանահայրն էր, ծիսական արարողություններ էին կատարում վանքի դատարկ տարածքում։

Այս տարվա փետրվարից հոգևորականների նոր հերթափոխ է հասել Դադիվանք, նրանց հետ Հայր ներսեսը տասը օր էլ մնացել ու ծանոթացրել է ծառայության հարմարություններին, ավելի ճիշտ՝ անհարմարություններին։ Հիմա մեկ աբեղա ու երկու սարկավագներ են այնտեղ, Ավագ շաբաթվա աղոթքների մեջ։ Նրանց հետ հեռախոսային որևէ կապ չկա։

Արցախի թեմի առաջնորդն ասում է, որ վերջերս նույնիսկ սնունդ ուղարկելն էր անհնար. - «Կապը չկա, դա միանշանակ։ Ե'վ խաղաղապահները չէին կարողանում այցելել, և' սնունդը չէին կարողանում մատակարարել, ապահովել»։

Հիմա խնդիրը լուծվել է, խաղաղապահների միջոցով Դադիվանքի հոգևորականները թեմի հետ կապ են պահպանում։ Հայր ներսեսը շեշտում է՝ ադրբեջանցիների պահվածքը պարզապես ուժի ցուցադրություն է։ Այդ երկիրը Դադիվանքը հնագույն աղվանական եկեղեցի է համարում, նույնիսկ ուդի քարոզիչ էին նշանակել, որը մի քանի անգամ երևաց. - «Կար էդպիսի լկտի կեցվածք։ Երբ որ ամեն անգամ իրենք անցնում էին այդ ճանապարհով, այդ ուդի կոչվածներն էին երբ որ գալիս, նրանց հետ լինում էին սադրիչներ»։

Հայ ուխտավորների սպասում էինք, ասում է հայր Ներսեսը և հավելում ՝ դա մեզ ավելի էր ամրացնում։

Վանքի կյանքն առանց ուխտավորների լիարժեք չի կարող լինել, շեշտում է Արցախի թեմի առաջնորդը. - «Եթե մարդիկ այսօր չգնան ուխտի Երուսաղեմ, չեն ասում՝ չեք կարող գալ, դարպասները փակ ա, չեք կարող գալ Հարության տաճար։ Մարդիկ ցանկանում են՝ գնում են։ Իսկ մեր պարագային փակում են և չեն էլ ասում ինչի համար են փակել»։

Դադիվանքի նախկին վանահայրը վանքից հեռացել է բազմաթիվ հավատացյալների հետ անպայման վերադառնալու ուխտով. - «Մի փոքրիկ սիմվոլիկ քարի կտոր վերցրեցի հետս Դադի առաքյալի դամբարանից»։

Դադիվանքի լռության մեջ հայր Ներսեսը «Դադիվանոց ժամագիրք» բանաստեղծական շարքն է ավարտին հասցրել, այն շուտով կտպագրվի։ Այժմ հոգևոր ծառայության է նշանակվել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Ժպտում է ՝ կյանքը շատ է տարբեր, բայց մեծ ու զվարթ մայրաքաղաքաղի սրտում թե Դադիվանքի մենության մեջ՝ կուսակրոն հոգևորականի առօրյան նույնն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG