Մատչելիության հղումներ

Այսօր կինոն վերադարձավ իր տուն. Ազգային կինոկետրոնի տնօրեն


Այսօր կեսօրից հետո Տերյան 3ա հասցեում տեղի ունեցավ Ազգային կինոկենտրոնի նոր տարածքի բացման հանդիսավոր արարողությունը՝ բազմաթիվ կինոգործիչների ներկայությամբ և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։

Ի դեպ, անցյալ դարի 20-ական թվականներին հայկական կինեմատոգրաֆի հիմնադրումից մեկ տարի անց հենց այս տարածքում հիմնադրվում է կինոֆաբրիկա, որն էլ հետագայում դառնում է «Հայֆիլմ» կինոստուդիա։ Այնտեղ նկարահանվում են հայկական լավագույն ֆիլմերը մինչև «Հայֆիլմի» տեղափոխվելը Աշտարակի խճուղու վրա գտնվող նորակառույց շենքը։

Անկախության տարիներին կինոստուդիայի հին շենքի տեղում բնակելի շենք կառուցվեց, որի 150 քառակուսի մետր տարածքը կառավարության որոշմամբ հանձնվել է Ազգային կինոկենտրոնին։ Բայց, ինչպես մեր զրույցի ընթացքում ընդգծում էր Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, տարածքը անմխիթար վիճակում է եղել. - «Տարածքը եղել է 94-95 թվականից պետական տարածք, բայց ոչ մի անգամ ոչ մի ղեկավար չի մտածել, որ այստես կարելի է գումար դնել և վերակառուցել և ունենալ իր սեփական օֆիսը։ Հակառակը, 2006 թվականից կինոկենտրոնը 15-16 տարի վարձակալել է իր պետական բյուջեից, գումարներ են ծախսվել տարածքների վարձակալության համար։ Ես արդեն երբ որ նշանակվեցի, իմանալով այս տարածքի մասին, անմիջապես ձեռնամուխ եղա։ Եվ ես բազմաթիվ նամակներ ուղղեցի դեպի նախարարություն, և շատ շնորհակալ եմ, որ 19 թվականին, երբ որ արդեն Արայիկ Հարությունյանն էր նախարարմ ինքը շատ արագ արձագանքեց, ծրագիրը հաստատվեց, գումարը տրվեց և 19-20-21 թվականների ընթացքում ստացել ենք պետական աջակցություն, և սա հարյուր տոկոս պետական աջակցությունով վերանորոգված պատմական տարածք է։ Տերյան 3 հասցեն է, որ ժամանակին՝ 1928-29 թվականներին էստեղ կառուցվել է փակ տաղավար։ Բոլոր մեր սիրված ֆիլմերը կարելի է ասել նկարահահվել են այստեղ։ Այստեղ քայլել են մեր մեծերը, այստեղ ստեղծագործել է Համո Բեկնազարյանը։ Եվ այսօր կինոն վերադարձավ իր տուն, սա բոլորիս օջախն է»։

Հանդիսավոր արարողությանը ներկա բոլոր կինոգործիչներն էլ, իհարկե, շատ գոհ էին, որ վերջապես Ազգային կինոկենտրոնն իր գործունեությունը կծավալի նոր վերանորոգված այս գեղեցիկ տարածքում։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ ընդգծում էր. - «Ըստ էության, ամենալայն միջազգային հարաբերություններ ձևավորող կառույցը՝ կինոոլորտը, այսօր ունի այդ հարաբերություններին վայել մի միջավայր և' իր միջազգային գործընկերներին ընդունելու, և' կինոգործիչներին ընդունելու։ Երբեմն կան մարդիկ, որ շատ հեշտ ասում են՝ դե, պետական մշակութային քաղաքականություն չկա։ Կարծում եմ, այս վերջին երկու տարիների ընթացքում այն աննախադեպ կապիտալ հատկացումները, որ եղել են մեր մշակութային կազմակերպություններին՝ թատրոններին, համերգասրահներին, այսօր նաև արդեն Ազգային կինոկենտրոնին... դժվար է պատկերացնել ավելի լուրջ վերաբերմունք ոլորտի հանդեպ, քանի այս հատկացումներն են։ Եվ այս տարեվերջին մենք անընդհատ առիթ ենք ունենալու նման միջոցառումների, շնորհավորելու միմյանց, որ մենք իսկապես այս հատկացումների շնորհիվ թևակոխում ենք քաղաքակիրթ իրականություն և ավելի քաղաքակիրթ հարաբերություններ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG