Մատչելիության հղումներ

«Եղիշե Չարենց․ Օրը կգա և նորից կելնի, կհառնի մշուշից նաիրյան ոգին». հոբելյանական համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում


Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան դահլիճում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, տեղի կունենա հանդիսավոր երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին։ Երեկոն խորագրված է հետևյալ կերպ․ «Եղիշե Չարենց․ Օրը կգա և նորից կելնի, կհառնի մշուշից նաիրյան ոգին»։

Տարին չարենցյան է, հոբելյանական և ամենատարբեր իրադարձություններ են դեռ սպասվում, բայց այս հոբելյանական երեկոն, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ է կազմակերպվել, ոչ միայն հարգանքի տուրք է մեծ պոետի հիշատակին, այլև մի վերստին փորձ նորովի ընկալելու թե' նրա անցած ուղին, թե' թողած ժառանգությունը և ուղերձն իր ժողովրդին։

Հոբելյանական երեկոյի ռեժիսորը Արամ Սուքիասյանն։ Ասում էր, որ փորձել են վերհանել ու ներկայացնել հանճարեղ պոետի կերպարն ու նկարագիրը իր իսկ պոեզիայի միջոցով: - «Չարենցի կերպարի բազմաթիվ դրսևորումներին փորձել ենք անդրադառնալ իր իսկ պոեզիայով։ Անշուշտ կա նաև խրոնիկա, մասնավորապես իր բանտային տեսարանների, իրողության հետ կապված կարծիքներ են հայտնում որոշ նշանավոր մարդիկ, ինչպես, օրինակ, Իսահակյանը, Սևակը, Հայրիկ Մուրադյանը, ով ի դեպ իր հետ այդ ընթացքում եղել է նույն բանտում, որ շատ զարմանալի տեսանյութ է որպես այդպիսին, և առաջին անգամ է գուցե ցուցադրվելու։ Մանակցում են մեր ժամանակի բավական նշանավոր և հետաքրքիր դերասաններ՝ Արթուր Ութմազյանը, Մխիթար Ավետիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվելը Թոփալյան, Սամսոն Ստեփանյանը։ Բավական հետաքրքիր կոմպոզիցիոն լուծմամբ է։ Հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն, մեր նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա՝ անշուշտ հարմարեցված և համադրված պոեզիայի հետ։ Բավական ծավալուն, մեծ միջոցառում է իրենից ներկայացնում»։

Արամ Սուքիասյանը հավելում էր, որ ծավալուն գրական-երաժշտական այս բեմադրությունը կներկայացնեն նաև մարզերում, նախ՝ Վանաձորում և Գյումրիիում, ապա նաև այլ մարզերում, որտեղ համապատասխան դահլիճներ կլինեն։

Չարենցը փոթորկուն, բուռն ու ողբերգական կյանքով է կյանքով է ապրել, բայց, ինչպես ընդգծում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, ոչ միայն ողբերգական. - «Չարենցը կներկայացվի արդեն որպես գրական ստեղծագործող, որպես ամուսին, որպես հայր, որպես ողբերգական ավարտ ունեցող կերպար։ Զուգահեռ նաև Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա։ Դրանով կավարտենք այս գեղեցիկ միջոցառումը։ Այնուհետև տարվա ընթացքում կլինեն արդեն տարբեր ծրագրեր ևս, որոնք կնվիրվեն հոբելյանական այս գեղեցիկ տարուն»։

Ժաննա Մանուկյանն ասաց, որ այսօր նախատեսված է նաև մեկ այլ իրադարձություն. - «Մինչ երեկոյի սկսվելը, կլինի նամականիշի մարման արարողություն։ Այս հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվում էր նամականիշ թողարկել, մեդալ թողարկել, և այսօր արդեն այդ նամականիշի մարումը կհաջորդի հոբելյանական միջոցառմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG