Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է ՌԴ դեսպանատան դիմաց ԱԱԾ կապիտանի քայլերի առնչությամբ նյութեր նախապատրաստելու հարցը 


Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ԱԱԾ կապիտանի գործողությունների առնչությամբ նյութեր նախապատրաստելու հարցը, «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրել են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

«Մարտի 25-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց օտարերկրյա քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիային միջամտած ոստիկանների և ԱԱԾ աշխատակցի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որն էլ ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար»,- նշված է ԱԱԾ պատասխանում։

Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին։ Այսինքն, հարուցվո՞ւմ է քրեական գործ, մերժվո՞ւմ է, թե՞ հանցագործությունների մասին հաղորդումը հանձնվում է այլ մարմնի՝ ըստ ենթակայության:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ պաշտնեական կեղծիք թույլ տալը ներկայում դասվում են կոռուպցիոն հանցագործությունների շարքում, և դրանց քննությունը վերապահված է, փաստորեն, Հատուկ քննչական ծառայության փոխարեն անցած տարի ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեին։

Մարտի 25-ին Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոչ անող խաղաղ հավաքի մոտ մեկ տասնյակ, հիմնականում սլավոնական արտաքինով մարդկանց էին մոտեցել ԱԱԾ կապիտանը և ոստիկանության աշխատակիցներ։

Epress.Am-ի հրապարակած տեսանյութում երևում էր, թե ինչպես է ԱԱԾ սպան պահանջում մասնակիցներից հեռանալ Ռուսաստանի դեսպանատան անգամ դիմացի այգու մայթից՝ պատճառաբանելով, որ նրանք Հայաստանի քաղաքացի չեն, հետևաբար չեն կարող հավաք անել՝ այլապես սպառնալով նրանց անձնագրերի լուսանկարները փոխանցել Ռուսաստանի դեսպանատուն։ Մինչ այդ նույն կապիտանը հեռախոսով նկարահանել էր բողոքի ակցիայի մասնակիցների անձնագրերը։

Ոստիկանության ներկայացուցիչը սպառնացել էր բերման ենթարկել խաղաղ հավաքի մասնակիցներին, եթե նրանք ցույց չտան նկարահանել անձնագրերը, որից հետո նկարահանում է առնվազն մեկի անձնագիրը՝ նշելով, թե դա անում է «զուտ իր համար»։

Ոստիկանության աշխատակիցների այս գործողությունների օրինաչափոությունը պարզելու նպատակով ոստիկանությունը ծառայողական ստուգում է սկսել։

Տեղի ունեցածի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

XS
SM
MD
LG