Մատչելիության հղումներ

Պարենի անվտանգության առումով այս տարին նաև Հայաստանի համար մարտահրավերներով լի է լինելու. Յելե 


Պարենի անվտանգության առումով այս տարին նաև Հայաստանի համար մարտահրավերներով լի է լինելու, բայց ներկայիս իրավիճակը սպառնալից չէ, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Ուկրաինական պատերազմի և Կրեմլի նկատմամբ արևմտյան խիստ պատժամիջոցների ֆոնին՝ շաբաթներ առաջ Ռուսաստանի կառավարության որոշումը` ժամանակավորապես՝ մինչև օգոստոսի 31-ը արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, մտահոգություն առաջացրին Երևանում պարենի անվտանգության առումով, որովհետև, օրինակ, ցորենի գերակշիռ մասը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։

«Անշուշտ, մարտահրավերներով լի տարի է լինելու ողջ աշխարհի և այս տարածաշրջանի երկրների համար։ Հույս ունենք, որ էներգակիրների գները կշարունակեն անկում ապրել, կէժանանան նաև պարարտանյութերը։ Բայց, իհարկե, կարևոր է, թե Հայաստանի կառավարությունը ինչպիսի աջակցություն ցույց կտա տեղական ֆերմերներին՝ վստահ լինելու, որ աշնանային բերքահավաքը հնարավոր կլինի։ Այստեղ հատկապես օգնության կարիք կունենան փոքր ու խոցելի ֆերմերները», - ասաց նա։

Վիճակագրական կոմիտեի և Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն` անցած տարի Հայաստանում սպառվել է 367 հազար տոննա ցորեն, որից ընդամենը մեկ քառորդը՝ 97 հազար տոննան է տեղում աճեցվել, մնացած երեք քառորդը ներմուծվել է Ռուսաստանից։

Ուշագրավ է, որ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում աճեցվող ցորենի ծավալները տարեցտարի նվազել են։ Եթե 2018-ին Հայաստանում աճեցվել է 187,5 հազար տոննա ցորեն, ապա անցած տարի այդ ցուցանիշը գրեթե կիսով չափ կրճատվել է։ Բացի այդ, կտրուկ նվազել է բերքատվությունը. 2018-ին մեկ հեկտարից ստացվել է մոտ 2.8 տոննա ցորեն, անցած տարի՝ գրեթե 1.7 տոննա` չնայած գյուղատնտեսությունն արդյունավետ դարձնելու կառավարության շարունակական խոստումներին։

«Պարենի անվտանգության առումով իրավիճակը ներկայում Հայաստանում, իհարկե, սպառնալից չէ: Կան խնդիրներ` կապված պարարտանյութերի և այլ անհրաժեշտ պարագաների հասանելիության հետ։ Սակայն Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի այդ պարագաները հասանելի լինեն ֆերմերներին։ Անշուշտ, վառելիքի, պարարտանյութերի գների աճի, սերմերի հասանելիության խնդիրների պայմաններում, ընդհանուր առմամբ իրավիճակը կդառնա ավելի սպառնալից։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ընդգծել է՝ հարկավոր է, որ երկրները խուսափեն սննդամթերքի արտահանման սահմանափակումից կամ դադարեցումից», - նշեց Ռայմունդ Յելեն։

Հայաստանում 440 հազար հեկտար վարելահողերից միայն կեսն է մշակվում

Հայաստանում պարենային անվտանգության վերաբերյալ ճի՛շտ մեկ ամիս առաջ մտահոգություններ հնչեցին նաև կառավարության նիստի ժամանակ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ուղիղ դիմեց գյուղացիներին՝ կոչ անելով «մաքսիմալ շատ մշակել հողերը»։

«Որովհետև այս տարի այս բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով` ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից էլ` մենք տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի ու ավելի հրապուրիչ», - ասել էր նախարարը:

Քերոբյանի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում 440 հազար հեկտար վարելահողերից միայն կեսն է մշակվում:

Կառավարության աջակցությունն անբավարար է

Գյուղոլորտում տարիներով ներդրում կատարած գործարար Հարություն Մնացականյանի խոսքով` կառավարության աջակցությունն անբավարար է՝ նախևառաջ այն պատճառով, որ ֆերմերներին ցուցաբերվող օգնությունը «չի ծածկում ողջ արժեշղթան»։

«Տեսեք` անցած տարի սերմն էր սուբսիդավորում, նորմալ վերահսկողություն չիրականացավ, վատ սերմ բերեցին, և բերքատվությունը բավականաչափ ցածր է եղել Հայաստանում անցած տարի` հեկտարի կտրվածքով 1.6 տոննա` հացահատիկի ընդհանուր միջինացված 1.6 տոննա, ինչը նշանակում է` միջինացված տարբերակով բոլոր գյուղացիները վնասով են աշխատել, և շատ մեծ ռիսկ կա, որ այս տարի ցանքը չեն անելու, որովհետև և՛ դիզելային վառելիքն է թանկացել, և՛ պարարտանյութն է 300 տոկոսով թանկացել, և՛ սերմնացուն չի սուբսիդավորում, և՛ նաև տեխնիկայի խնդիրներ կան», - ասաց նա:

Թե որքան արդյունավետ է կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում, կարող են հուշել Վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն` նախորդ հինգ տարիներին՝ 2017-2021թթ. ընթացքում, գյուղոլորտի միջին տարեկան ցուցանիշը կազմել է մինուս 2.9 տոկոս, այսինքն` գյուղատնտեսությունը շարունակաբար անկում է ապրել։

Վերադառնանք Ռայմունդ Յելեի հետ զրույցին, ում հաջողվեց հարցեր ուղղել իր գլխավորած կառույցի, Հայաստանի կառավարության և օտարերկրյա մի քանի կազմակերպությունների համատեղ միջոցառմանը, որի ժամանակ հայտարարվեց, թե առաջիկա 8 տարիներին Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում գրեթե 19 միլիոն դոլար դրամաշնորհի արդյունքում վերականգնվելու է մոտ 8 հազար հեկտար անտառ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG