Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի ունեցավ «Տիգրան Կազազյան քառյակի» առաջին համերգը


Կոմիտասի տուն-թանգարանը Երևանում, արխիվ
Կոմիտասի տուն-թանգարանը Երևանում, արխիվ

Երեկ երեկոյան Կոմիտասի տուն-թանգարանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի ունեցավ 4 ամիս առաջ ստեղծված «Տիգրան Կազազյան քառյակի» առաջին համերգը, որը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։

Քառյակի կազմում են կոմպոզիտոր, ուդահար Տիգրան Կազազյանը, դաշնակահար Լուսի Խանյանը, Գուրգեն և Մովսես Էբեջյան եղբայրները՝ կոնտրաբաս և հարվածային գործիքներ։ Համերգային ծրագրում Տիգրան Կազազյանի ստեղծագործություններն էին։ Ապրիլմեկյան այս հրաշալի համերգին, ի դեպ, Ֆրանկոֆոնիայի օրերի միամսյակի շրջանակներում կհաջորդի ևս երկու համերգ՝ ապրիլի 5-ին Գյումրիում և ապրիլի 11-ին Գորիսում։

Երեկ համերգից առաջ «Ազատության» հետ զրույցի ընթացքում Տիգրան Կազազյանն ընդգծում էր, որ իրենց, և առհասարակ հայ երաժիշտների համար, շատ կարևոր է նաև մարզերում համերգներով հանդես գալը և իրենց արվեստը մարզերի բնակիչներին ներկայացնելը։ Հավելում էր նաև, որ հետևում է երաժշտական իրադարձություններին, հրաշալի երաժիշտներ են այսօր ապրում ու ստեղծագործում Հայաստանում:

«Իհարկե, պակաս բաներ էլ կան, շատ երաժիշտներ տաղանդավոր են, բայց, օրինակ, ես մի հատ տպավորիչ հիշողություն ունեմ՝ տատիկս ֆրանսիացի է, նա ապրում է մի գյուղում, այդ փոքր 800 հոգանոց գյուղում Տիգրան Համասյանը նվագել է համերգ, նշանակում է, որ այդ գյուղն ունի բյուջե, որ այնտեղ համերգ է լինում: Դա է, որ ուզում ենք, որ այդ բոլոր տաղանդները, որ կան Հայաստանում, իրանք էլ հնարավորություն ունենան, որ կարողանան ապրել իրանց արվեստով: Իհարկե, ես գիտեմ, որ երկիրը դժվար...., հեշտ չի, Եգիպրոսն էլ եմ տեսել՝ 100 միլիոն ժողովուրդ, աղքատությունը շատ է, պարզ է՝ ինչի է մշակույթը դժվար փուլի մեջ, ամեն ինչ կապված է», - ասաց երաժիշտը:

Տիգրան Կազազյանը ծնվել է Եգիպտոսում, հետո բնակվել Ֆրանսիայում, ապա Կանադայում և 10 տարի առաջ բնակություն հաստատել Հայաստանում, որտեղ ամուսնացել է և ունի երկու երեխա։ Մայրը ֆրանսուհի է, հայրը՝ Ժորժ Կազազյանը Եգիպտոսում և Ֆրանսիայում հայտնի ուդահար և կոմպոզիտոր է, որը միայն Ֆրանսիայում 15-ից ավելի ձայնասկավառակներ է թողարկել, բազմաթիվ արաբական և ֆրանսիական ֆիլմերի երաժշտության հեղինակ է։ Իսկ Տիգրան Կազազյանը ասում էր, որ շատ գոհ է, որ բնակություն է հաստատել, այստեղ՝ հայրենիքում, որտեղ ինքն իսկապես իր տանն է։

«Առաջին անգամն է, որ երկրի մեջ էի, որ ինձ ասում էին՝ դու ստեղից ես, որովհետև որ անունս ասում եմ Տիգրան է, ասում էին, ուրեմն դու հայ ես, բացի այդ երկրում ես միանգամից զգացի հանգստություն, որ դրանից առաջ ես չէի զգացել», - ներկայացրեց Կազազյանը:

Տիգրան Կազազյանը շատ ծրագրեր ունի, ուզում է իրենց քառյակով շրջել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ ներկայացնելու այն երաժշտությունը, որը շատ հետաքրքիր ժանրային առանձնահատկություններ ունի և կարող է ընկալվել ամենատարբեր ազգերի ու ժողովուրդների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG