Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար


8 բնակարան Երևանում, 6 ավտոկայանատեղի և 4 հասարակական նշանակության տարածքներ մայրաքաղաքի թանկարժեք Հյուսիսային պողոտայում, հանգստյան գոտի և հողամասեր Կոտայքում, 2 ավտոմեքենա, 2 անշարժ գույք Ավստրիայում․ սա Պետական եկամուտների կոմիտեի նախկին աշխատակից, 2020-ից Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով հետախուզվող Վահրամ Գուրողլյանի ընտանիքի ունեցվածքն է։

Որտեղի՞ց է նման հարստություն կուտակել, ե՞րբ և ի՞նչ ճանապարհով։ 2015-ի վերջից համակարգից ազատված նախկին պաշտոնյան ստիպված կլինի դատարանում պարզաբանել։

«Դատախազությունը գույքը որակել է ապօրինի և պահանջել բռնագանձել՝ հօգուտ պետության», - «Ազատության» հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ - «Մինչ այդ օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը ապահովվել են, և արդյունքում հիմնավորված է համարել նշված չափով գույքերի, նաև դրամական միջոցների ապօրինի ծագում ունենալու հանգամանքը, հետևաբար դրա հիմքով ներկայացվել է հայցադիմում։ Դա նշանակում է, որ մինչև այդ, համապատասխան փուլում նաև գույքերի նկատմամբ որպես հայցի նախնական ապահովման միջոց կիրառվել է արգելանք։ Այդ մասով դատախազության միջնորդությունները ևս բավարարվել են դատարանների կողմից՝ հետագայում հնարավոր բռնագանձումը բնականոն հունով ապահովելու նպատակով»։

Գործն արդեն մտել է դատարան, մակագրվել է դատավոր Հովիկ Շահնազարյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։

Եթե դատախազության պահանջը դատարանում հիմնավորվի, ՊԵԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ստիպված կլինի կա'մ գույքը վերադարձնել պետությանը, կա'մ էլ ավելի քան 5 միլիոն դոլար փոխանցել բյուջե։

Դատախազությունը պնդում է՝ կասկածները հիմնավոր են, այդ թվում Հայաստանից դուրս, Ավստրիայում ձեռք բերված երկու անշարժ գույքի վերաբերյալ։ Դրանց դիմաց նախկին պաշտոնյան ավելի քան 170 միլիոն դրամ կամ 350 հազար դոլար է վճարել՝ կասկածելի ճանապարհով։

«Կոնկրետ այս դեպքում էլ արտերկրում գնված գույքի արժեքին համապատասխան գումարի բռնագանձման խնդիր է դրված, հայցապահանջի մի մասը դրան է վերաբերում։ Հետևաբար ենթադրվում է, որ, այո, լրիվ օբյեկտիվ է և օրինաչափ է, որ որոշակի տևականություն է ենթադրել ուսումնասիրությունների կատարումը», - նշեց Աբրահամյանը։

ՊԵԿ նախկին պաշտոնյան, որ մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, չի ընդունում ներկայացված մեղադրանքները։ Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը պնդում է՝ դատախազության այս ուսումնասիրությունը օբյեկտվի չէ, իրենք դատարանում կհիմնավորեն, որ Գուրողլյանը հարստացել է օրինական ճանապարհով։

Հարցին, թե ինչպես, փաստաբանը պատասխանեց. - «Նա հանդիսացել ա մեծ գործարար, առաջին շաքար ներկրողը հանդիսացել ա Վահրամ Գուրողլյանի հայրը։ Այսինքն՝ մեծ բիզնեսներ են ունեցել, էդ թվում՝ Ուկրաինայում։ 90-ական թվականներին հորից ա սկսվել։ Նաև կնոջ կողմն էլ բավական ունևոր ընտանիք են եղել։ Գույքի սկիզբը, երբ որ ուսումնասիրությունը սկսվել ա, էնտեղ օրինական գույք կա, որը հանձնված ա էղել վարձակալության Ամերիկայի դեսպանատանը, էդտեղից ստացել են օրինական եկամուտներ։ Այնուհետև էդ գույքի վաճառքից ա ստացվել բավականին խոշոր օրինական եկամուտ։ Էդ միջոցներով կամաց-կամաց ձեռք ա բերվել գույքեր»։

Ինքը՝ 50-ամյա Գուրողլյանը, արդեն երկու տարի է գտնվում է հետախուզման մեջ։ Հայտնի է, որ նրա դեմ ավելի վաղ մեղադրանք էր ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարահելու համար, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

«Իբր ոմն տեսուչ, անուն-ազգանունը ներկայումս ձեռնպահ մնամ ասելուց, հսկողության չի ենթարկել Գագիկ Խաչատրյանի ազգականներին պատկանող բեռը։ Ըստ մեղադրանքի, դա արվել է Վահրամ Գուրողլյանի ցուցումով։ Վահրամ Գուրողլյանի և տվյալ տեսուչի միջև բավականին ենթակայության հարաբերություններ կան, անմիջական իր ենթակայության տակ չի եղել։ Իր վարչությունում ա գտնվել, բայց տվյալ տեսուչից ավելի բարձր եղել ա բաժնի պետ, տարբեր հիերարխիկ կառուցվածք ա եղել։ Կարող էր, եթե ինչ-որ ցուցում տալու լիներ, տար տվյալ անձին։ Այսինքն՝ իրականության մեջ տեղի չունեցած բան ա վերագրվել, ընդ որում, ամենազավեշտալին, որ մեղադրանք էր ներկայացվել 15-16 թվականներին տեղի ունեցած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, մինչդեռ Վահրամ Գուրողլյանը պաշտոնից ազատվել է 2015 թվականի վերջին»։

Տարիներ առաջ՝ 2016-ին, սակայն, նա հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում, երբ անհայտ անձանց կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված մի ձայնագրություն էր հրապարակվել, որը պատմում էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ գործող հանցավոր սխեմաների և միլիոնավոր դոլարների յուրացման մասին։ Այս նյութում հիշատակվում էր նաև Գուրօղլյանի անունը՝ որպես հանցակից ու Գագիկ խաչատրյանի մտերիմ։ Փաստաբանը, սակայն, հերքում է նրա առնչությունն այս գործին։

Մինչ այդ՝ 2013-ին էլ հայտարարվել էր, թե Գուրողլյանի վարչությանը հաջողվել է Իրանից Հայաստան փոխադրված շուրջ մեկ տոննա հերոին հայտնաբերել։ Ավելի ուշ հայտարարվել էր, որ թմրանյութն ամբողջությամբ ոչնչացվել է։

Մեծահարուստ Գուրողլյանի ընտանիքում բիզնեսով է զբաղվում նաև նրա կինը՝ Սոնա Գզրարյանը։ Ի թիվս մի շարք բիզնեսների, նրան է պատկանում նաև «Իբիս» հյուրանոցի 20 տոկոս բաժնեմասը։ Տիկինը, սակայն, ամուսնու նման առաջիկայում պետք է դատարանում ապացուցի ունեցվածքի օրինականությունը։ Նրանք, ամենայն հավանականությամբ, դատարան չեն գա․ փաստաբանը «Ազատությանը» փոխանցեց, որ Գուրողլյանը տարիներ առաջ հեռացել է Հայաստանից ու մշտական բնակություն հաստատել Եվրոպայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG