Մատչելիության հղումներ

Երաժշտական լուրեր


Մարտի վերջին օրերին մայրաքաղաքային համերգասրահները ուշագրավ համերգային ծրագրեր են նախապատրաստել մեր երաժշտասերների համար։

Այսօր երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգով, որի ընթացքում կհնչեն մեծանուն կոմպոզիտորներ Անտոնիո Վիվալդիի և Աստոր Պիացոլլայի գրեթե համանուն, բայց իհարկե չափազանց տարբեր ստեղծագործությունները՝ «Տարվա եղանակները» և «Բուենոս-Այրեսի տարվա եղանակները»։ Համերգը կղեկավարի Հարություն Արզումանյանը։ Համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան ջուփակահար Ֆելիքս Հարությունյանը Ավստրիայից և երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը։

Պիացոլլան այս ստեղծագործությունը գրել է 1965-70 թվականներին՝ տանգոյի ռիթմիկ մեղեդիների միջոցով ներկայացնելով Բուենոս-Այրեսի կյանքը, իսկ Վիվալդիի «Տարվա եղանակները» ծնունդ է առել ճիշտ 300 տարի առաջ և մինչև օրս երաժշտասեր հանրության կողմից ամենասիրված ստեղծագործություններից մեկն է։

Դասական երաժշտության մեկ այլ ուշագրավ համերգ այսօր երկոյան տեղի կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ հանդես կգան ջութակահար Քրիստինե Չրչյանը, դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը և կլարնետահար Արսեն Զաքարյանը։ Համերգային ծրագիրն ընդգրկում է Բրամսի, Չայկովսկու, Արամ Խաչատրյանի և այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մշակումները դաշնամուրի, ջութակի և կլարնետի համար իրականացրել է Աշոտ Ջենտերեճյանը։

Իսկ մարտի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ կհնչի ամենահայտնի երաժշտական ստեղծագործություններից մեկը՝ Ռոսինիի STABAT MATER-ը («Կանգնած էր սգավոր մայրը»)։ Լատիներեն կատարվող այս հոգևոր ստեղծագործությունը պատմում է խաչված Որդու առջև սգացող Աստվածամոր գերագույն ապրումների մասին։ Համերգի մենակատարներն են Հայաստանի ազգայի ակադեմիական երգչախմբի երգիչներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր) և Պողոս Բիազբեկյանը (բաս)։

Մաեստրո Հովհաննես Չեքիջյան
Մաեստրո Հովհաննես Չեքիջյան

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ այս տարի նշում է հիմնադրման 85-ամյա հոբելյանը և այս կապակցությամբ մի շարք համերգներ են սպասվում առաջիկայում, այդ թվում և Գյումրիիում։

«Այս տարի մեր երգչախմբի 85-ամյակն է։ Ես կարծում եմ, շատ փառահեղ կերպով կանցկացնենք», - «Ազատության» հետ ասաց երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը։

Հարցին, թե արդյոք համերգային խիտ գրաֆիկը չի հոգնեցնում 93-ամյա մաեստրո Չեքիջյանին, Թերզյանն արձագանքեց. - «Հետաքրքիր բան ասեմ։ Մենք ունեցանք կիրակի օրը փորձ Ֆիլհարմոնիկի հետ, «Ստաբաթ Մատերի» փորձն էր։ Ֆիլհարմոնիկի երաժիշտներից մոտեցան, ասացին՝ էս մարդը ո՞նց ա չորս ժամ փորձ անում։ Ավելին ասեմ, եթե թողնեին, էլի չորս ժամ փորձ կաներ։ Փառք Աստծու, մաեստրոն շատ լավ «մարզավիճակում ա»։ Զատիկի համերգը, եթե Աստված հաջողի, կլինի ապրիլի 16-ին, ապրիլի 24-ին Մոցարտի «Ռեքվիեմը» կա։ Բացի դրանից, ապրիլի 24-ի առավոտյան, ինչպես ամեն տարի, քաղաքապետարանի կողմից կազմակերպվում է, մենք ելույթ ենք ունենում նաև հուշահամալիրում։ Եվ մայիսի 8-ին կլինի Գյումրիի Յոթ վերք եկեղեցում, Միքայել սրբազանի հետ արդեն պայմանավորվել ենք, կլինի համերգ հոգևոր ծրագրով»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG