Մատչելիության հղումներ

Կայացել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաշախությունը


«Արտավազդ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբախշությունն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին՝ այսպիսով գնահատելով և ի մի բերելով նախորդ տարի թատերարվեստի ամենատարբեր ոլորտներում գրանցված ձեռքբերումները։ Մրցանակաբախշությունն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Երեկ երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ «Արտավազդ» մրցանակը ստացան 17 անվանակարգերում իրենց լավագույնս դրսևորած թատերական գործիչներ։

Հանդիսության հենց սկզբում Հայաստանի թատերական գործիրների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ այս տարվա մրցանակաբախշությունը նվիրվում է մայր թատորոնի՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանին։

Անցած տարվա լավագույն բեմադրություն ճանաչվեց Երևանի պետական կամերային թատրոնի «Համլետ» ներկայացումը (բեմադրիչ Արա Երնջակյան)։ Լավագույն երիտասարդ դերասանուհին նույնպես Կամերային թատրոնից է՝ Էվա Խաչատրյանը. իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում միանգամից երկու դերասանուհի «Արտավազդ» մրցանակը ստացան՝ Մարիամ Ղազանչյանը Թումանյանի անվան տիկնիկային թատրոնից և Ելենա Վարդանյանը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնից։

Լավագույն դերասանները նույնպես երկուսն են՝ Արթուր Կարապետյանը Պարոնյանի անվան թատրոնից և Սենիկ Կարապետյանը Կամերային թատրոնից։

Ուշագրավ է, որ այս մրցանակաբախշությանն այս անգամ չէին մասնակցում Սունդուկյանի անվան թատրոնը և օպերային թատրոնը, իսկ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան ոչ միայն մասնակցության հայտ էր ներկայացրել երկու անվանակարգում, այլև Տիգրան Ձիթողցյանի բեմադրած «Օրփեոս և Էվրիդիկե» ներկայացմամբ ընդգրկվել էր մրցույթի առաջին երկու փուլերում։

Բայց երեկ երեկոյան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը մրցանակաբախշությունից վերադառնալուց հետո իր էջում այսպիսի գրառում է թողել․ «Պարզվում է, Հայաստանում ամեն ինչ կարող է պատահել․․․ ամիսներ առաջ «Արտավազդի» հայտ ես ներկայացնում, ընդգրկվում երկու նոմինացիաներում, հետո պարզվում է, որ վերջին րոպեին քեզ հեռացրել են մրցույթից՝ առանց նվազագույնը տեղյակ պահելու․․․ Ավելի մեծ խայտառակություն իմ ողջ բեմական կայքնում չէի հանդիպել․․․»

«ԱՄՈ'Թ, փակեք ձեր գրասենյակը», - գրել է Հասմիկ Պապյանը՝ հետգրությամբ հավելելով, որ մինչև իր գրության պահը իրենք նոմինացված են «Արտավազդ» մրցանակաբախշության կայքում։

Հակոբ Ղազանչյան
Հակոբ Ղազանչյան

Այս խնդրի կապակցությամբ, ի պատասխան «Ազատության» հարցի, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց հետևյալը. - «Ժյուրին սխալ բան չի արել, միությունը սխալ բան չի արել։ Ամեն տարի էսպիսի դեպքեր լինում են, և ոչ մի անգամ էսպիսի հիվանդագին վիճակ չի ստեղծվում։ Քանի որ էլի թատրոն էր, որ տեսագրությունը ներկայացնի ու օբյեկտիվ պատճառներով չէր կարող խաղալ ներկայացումը, մենք մերժեցինք։ Եվ քանի որ տեսագրությունն էլ էն տպավորությունը չի թողնում, և ոչ մի տեսագրություն չի թողնում ներկայացման տպավորությունը, ժյուրին որոշեց, որ քանի որ հիմա հնարավոր չի ներկայացումը կենդանի տեսնել, իսկ Հասմիկը ինձ գրել էր, որ ամսի 24-ից հետո կարող է ներկայացնի, Ֆիլհարմոնիկի հետ կապված ինչ-որ խնդիրներ էին, որոշեցինք ներկայացումը տեղափոխել հաջորդ տարվա մրցանակաբաշխություն։ Հաշվի առնելով, որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր ցուցադրել, որոշեցինք ժամկետի վրա աչք փակել։ Ընդամենը սա է եղել։ Ես մի սխալ եմ թույլ տվել, որի համար շատ ցավում եմ, դա անմիջապես ժյուրիի որոշումից հետո, որը կայացավ ամսի 26-ին, օպերային թատրոնում մենք հավաքվեցինք, էդ լարված իրավիճակում, ես չմտածեցի, որ մինչև միջոցառումը էդ մասին տեղյակ պահեմ Հասմիկին։ Դա եղել է իմ սխալը, ես դրա մասին շատ ցավով խոսում եմ ու պատրաստ եմ իրենցին ներողություն խնդրել»։

Հասմիկ Պապյան
Հասմիկ Պապյան

Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը շեշտում է, որ իր վրդովմունքի պատճառը իր երիտասարդ գործընկերների նկատմամբ նման վերաբերմունքն է. - «Տեղի է ունեցել շատ հանցավոր և, կարծում եմ, նաև միտումնավոր էթիկայի կանոնների խախտում։ Շաբաթ օրը երեկոյան մեզ տրամադրել են երեսուն հրավիրատոմս, մենք ողջ կազմով գնացել ենք օպերային թատրոնի դահլիճ, նստած դիտել ենք, թե ինչպես մենք չկանք ընդհանրապես, մեր մասին բացարձակապես ոչ մի խոսք, մեր մասնակցության մասին՝ առավել ևս։ Հետո, երբ որ հարցրել ենք ինչպես դա պատահեց, իրենք ասել են, որ ժյուրին շաբաթ երեկոյան որոշել է մեզ հանել անվանակարգերից, քանի որ մենք ներկայացել ենք տեսանյութով։ Ամեն ինչը նախօրոք պայմանավորված էր, ես ասել եմ, որ եթե տեսանյութը բավարար չէ, մենք կարող ենք կազմակերպել մի ներկայացում։ Քանի որ մենք խաղացանկային թատրոն չենք և կախված ենք Ֆիլհարմոնիկ նվագախմբի գրաֆիկից, մենք կարող ենք իրենց հետ պայմանավորվել և ներկայացնել ձեզ այդ ներկայացումը։ Բայց ութ կամերաներով հրաշալի արված տեսանյութը իրենց բավարարել է, և իրենք ընդգրկել են մեզ այդ նոմինացիաների մեջ։ Եվ Տիգրան Ձիթողցյանին լավագույն սցենոգրաֆ անվանակոչելը իրենց միայն պատիվ կբերեր։ Մյուս կողմից, ես սա ասում եմ ոչ որպես անձնական վիրավորանք, ես աշխարհի բոլոր մրցանակները ստացել եմ և «Արտավազդի» հույսին չէի, բայց քանի որ մենք նոր ենք սկսել վերականգնվել, մեզ համար սա շատ լավ առիթ կլիներ գովազդվելու, մարդկանց ներկայանալու համար։ Բայց էդպիսի վերաբերմունքը ես համարում են անընդունելի։ Եվ իրենք հրապարակավ ներողություն պիտի խնդրեն և պիտի բացատրեն, թե ինչպես պատահեց, որ մեզ նույնիսկ հեռախոսազանգի չարժանացրին, որի միջոցով կարող էին ասել, և այդ դեպքում արդեն ոչ մի հարց չէր առաջանա։ Սա պիտի հասկանանք, թե որտեղից է գալիս և ինչպես պիտի առաջ շարժվենք։ Ինքը ինձ ասում է՝ դե ոչինչ, հաջորդ տարի կդիմեք։ Ո՞վ պիտի դիմի էդպիսի անլուրջ կազմակերպությանը։ Հարկավոր է փակել այդ գրասենյակը։ Ես վերադարձել եմ, որպեսզի ինչ-որ մի բան կարողանամ շարժել։ Ես այս կեղծիքի և ստորաքարշության դեմը խիտի առնեմ ինչ-որ ձևով։ Ես իմ հաջողությունները պետք է օգտագործեմ էս բաները բացահայտելով և սրա դեմն առնելով։ Եթե դու Թատերական գործիչների միության նախագահն ես և կարծում ես, որ էսպես թեթև ներողություն խնդրելով կկարողանաս ձերբազատվել էս խնդրից, դու շատ սխալվում ես։ Ես ուրիշ արժեքներ ունեմ պատվի և պատվախնդրության մասին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG