Մատչելիության հղումներ

Մակրոն․ «Եվրոպայում ռուսական էներգակիրներից հրաժարվելու կամքն առկա է»


ԵՄ անդամ պետությունները հաստատակամ են ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հարցում։ Մի քանի ժամ շարունակված դռնփակ քննարկումներից հետո երեկ ուշ երեկոյան Բրյուսելում նման հայտարարությամբ են հանդես եկել դաշինքի ղեկավարները։

Եվրոպական կառույցներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն ԵՄ անդամ պետությունները նախօրեին մի փաստաթղթի նախագիծ են պատրաստել, որի համաձայն եվրոպական պետությունները շարունակելու են ջանքեր գործադրել Ռուսաստանում արդյունահանված գազից, նավթից և ածխից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

«Այս ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը ԵՄ խորհուրդը կներկայացնի 2022 թվականի մայիսի վերջին», - նշված է փաստաթղթում։

«Արդեն առաջիկա տարիներին ռուսական էներգակիրներից մեր կախվածությունից հրաժարվելու կամքն առկա է։ Նախևառաջ մեզ հարկավոր է միասնական ռազմավարություն որդեգրել։ Բացի այդ պետք է հստակ վերահսկողություն սահմանել մատակարարումների և գնագոյացման վրա, ինչն այս փուլում մեր առջև ծառացած հիմնական կարճաժամկետ խնդիրն է», - համաժողովի ավարտին հայտարարում էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG