Մատչելիության հղումներ

Սիրիական Իդլիբում մտավախություն ունեն, որ ուկրաինացիներն իրենց նման բարձր գին են վճարելու


Սիրիա - Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ բողոքի ցույց Իդլիբում, հունվար, 2020թ․

Իդլիբում, որտեղ սիրիական հակամարտության մեկնարկից 11 տարի անց դեռ ռազմական գործողություններ են ընթանում, մարդիկ հետևում են Ուկրաինայում ընթացող պատերազմի լուրերին։ Ասում են՝ Ուկրաինայում Մոսկվան գրեթե նույն մարտավարությունն է կիրառում, ինչ Սիրիայում, ու մտավախություն ունեն, որ ուկրաինացիներն իրենց նման բարձր գին են վճարելու։

Պատերազմի սկսվելուց 11 տարի անց Սիրիան ամբողջությամբ պառակտված, աղքատ և անկայուն երկիր է դարձել: Նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը վերահսկում է երկրի մեծ մասը, բայց ոչ ամբողջ տարածքը։

4 միլիոն բնակչություն ունեցող Իդլիբ նահանգում, որտեղ մարդկանց կեսը լքել են իրենց տները, տեղացիները դեռ շարունակում են ծածանել սիրիական հեղափոխության դրոշը, որը 2011-ին սկսված «Արաբական գարնան» երազանքի խորհրդանիշն էր:
Մարդիկ հիմա ասում են՝ այդ երազանքը շատ արագ վերածվեց մղձավանջի, ու դա շարունակվում է առայսօր։

«Մենք չենք կարող նկարագրել կամ նույնիսկ ընկալել ողջ ճշմարտությունը։ Երեխաներն արթնանում էին կեսգիշերին, լաց էին լինում, մենք ստիպված էին փախուստի դիմել նույնիսկ ձմռանը: Երեխաները դողում էին ցրտից և սարսափից։ Նրանք ականջները փակում էին ռումբերի պայթյունների ժամանակ», - պատմում է Իդլիբի բնակիչ Նահիդա Հինդավին։

Ըստ փրկարար ծառայությունների՝ 2015 թվականին, երբ Ռուսաստանը միացավ ցամաքային պատերազմին, հարձակումներն ավելի ավերիչ դարձան, և գրեթե բոլոր քաղաքները հայտնվեցին շրջափակման մեջ: Ուկրաինայում ընթացող պատերազմին հետևող սիրիացիները մտավախություն ունեն,որ պատմությունը կկրկնվի, քանի որ խաղաղ բնակիչներն Ուկրաինայում արդեն բախվում են ճիշտ նույն խնդիրներին, մինչ հզոր ռումբեր են պայթում բնակելի թաղամասերում և այլ հանրային վայրերում:

Սիրիական քաղաքացիական պաշտպանության կամավոր Իսմայիլ Ալ-Աբդուլահն ասում է. - «Կասետային ռումբերի հետևանքները տևական են: Պայթյունից մեկ կամ երկու տարի անց երեխան կարող է կարծել, որ դա խաղալիք է, և դրանով պայթեցնել իրեն: Մենք հիմա դրա ականատեսն ենք»։

Ռուսաստանը մեկն է քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայում զինուժ տեղակայած մի քանի երկրներից։ Այդ պատերազմի հետևանքով կես միլիոն մարդ է զոհվել, իսկ երկրի բնակչության կեսը տեղահանվել է։ Մոսկվան հայտարարել էր, որ միանում է ահաբեկչության դեմ պայքարին՝ օգնելով Ասադի կառավարությանը վերականգնել իշխանությունը։

Սիրիացի Աբու Բահրը հետևում է հարձակումներին և նախազգուշացնում տեղացիներին։ Ասում է, որ իրենք կարող են տարբերակել՝ արդյոք հարձակումը եղել է սիրիական կառավարությա՞ն, թե՞ ռուսական ուժերի կողմից՝ ելնելով զինատեսակից և հարձակման տեղանքից․ - «Ռուսական ինքնաթիռները, որոնք կրում են գերժամանակակից ռումբեր և հրթիռներ, կարող են ոչնչացնել հսկայական թաղամասեր»։

Իդլիբի բնակիչներից շատերը ցավով են պատմում, թե որքան բարդ է հաղթահարել պատերազմական պայթյունների առաջացրած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները։ Ոմանք դեռ հողին չեն հանձնել իրենց հարազատներին։
«Հենց հիմա մեր թաղամասից մի կին կա, որի տունն անցյալ տարի էր ռմբակոծվել, նրա դին դեռ փլատակների տակ է»։

Իդլիբի բնակիչ Նահիդա Հինդավին մեղադրում է Սիրիայի կառավարությանն ու դաշնակից պետություններին, այդ թվում՝ Ռուսաստանին, սիրիացի ժողովրդի կրած զրկանքների, ցավի և տառապանքի համար։ Նա մեղադրում է նաև աշխարհին այս ողջ ընթացքում լուռ ու անտարբեր դիտորդի դերում լինելու համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG