Մի քանի օրից կալանքից ազատ կարձակվի նոյեմբերի 16-ի սահմանային արյունալի մարտերի ժամանակ գերեվարված, ապա հայրենադարձվելուց անմիջապես հետո ձերբակալված կապիտան Արման Խաչատրյանը։
Երեկ երեկոյան դատարանը մերժել է զինվորականի կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու դատախազության միջնորդությունը, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբանը։ Մարտական ծառայության կանոնները խախտելու հետևանքով մարտական դիրքերը ադրբեջանական զինուժին անցնելու համար մեղադրվող վաշտի հրամանատարը դեռ 5 օր էլ կմնա անազատության մեջ, քանի որ վերջին կալանավորման մեկ ամիսը կլրանա մարտի 28-ին։
Պաշտպան Ռուբեն Մելիքյանին կապիտանը պատմել է. «Նոյեմբերի 16-ի առավոտյան 30 հոգի, թե 40 հոգի էին, պայմանական եմ ասում, թշնամիները, որոնք եկան և շրջապատեցին մեր դիրքը, որը, ի դեպ, արդեն եթե ոչ լիակատար, ապա մեծապես շրջափակման մեջ էր, դեռ երկու օր առաջվանից, երբ հունքային դիրքերն էին անհասկանալի ձևով հանձնվել թշնամուն, այդ կապակցությամբ որևէ քրեական հետապնդում մեզ հայտնի չէ»:
Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի համաձայն, կապիտան Խաչատրյանն ու մյուս 7 մեղադրյալները խախտել են զինվորական կանոնակարգը, ինչի հետևանքով Ադրբեջանի զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և գերեվարել դիրքում մնացած զինծառայողներին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդին։
Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել էր 5 զինվորական, 32-ը գերեվարվել էին։
Զինվորականները պնդում են, որ իրենք արյունալի մարտերից դեռ երկու օր առաջ էին ընկել շրջափակման մեջ և այդ մասին տեղեկացրել իրենց վերադասներին։ Բայց կաբինետներում նստած պատասխանատուներն այդպես էլ որևէ օգնության չեն հասել, պատմում է փաստաբանը։
«Մեղադրյալ են նրանք, որոնք այդ թվում նաև սպաներ են եղել, տեղում են որոշումներ կայացրել, իրենց կյանքը վտանգելով են որոշումներ կայացրել և նաև շարքային կազմի ներկայացուցիչներին են պատասխանատվության կանչում: Բայց այն մարդիկ, ովքեր այս իրավիճակի համար պատասխանատու են, առաջին, ռազմական առումով, երկրորդ, ոչ պակաս կարևոր ռազմաքաղաքական առումով, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որևէ մեկը պատասխանատվության, բնականաբար, չի կանչվել: Այն պայմաններում, երբ ո՛չ օգնական ուժեր էին գալիս, ո՛չ քանակական առումով որևէ շանս կար, դա արդյոք բարոյակա՞ն է: Իմ պատկերացմամբ՝ սա քաղաքական որոշում է, որի էությանը հանգում է հետևյալին՝ պատասխանատվությունը թողնել փոքր մարդկանց վրա», - ասաց պաշտպանը:
Քննչական կոմիտեի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ ադրբեջանական զինուժի հսկողության տակ է անցել երեք դիրք։ Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում կալանքից ազատ արձակված մեղադրյալներից Արեն Արամյանը պատմել էր, որ մարտը վարել է մինչև վիրավորվելը և այդ վիճակում դիրք պահելը անհնար էր։ Գերությունից անմիջապես հետո հայրենիքում կալանավորվելը զինվորականը որակել էր անարդար։
«Տարբեր տեղերից էի կրակում, քանի որ մառախուղ էր, մի բան էլ իմ օգտին էր, տարբեր տեղերից կրակելով` այնպես էի անում, որ թուրքերը պատկերացնեին, թե մարդ կա հլը էդ պոստերում», - պատմել էր Արամյանը:
Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ նոյեմբերին գերեվարված 32 զինվորականներից մեկը դեռ չի հայրենադարձվել։ 8 մեղադրյալներից 3 գործն արդեն դատարանում է, երեքն էլ կալանքի տակ են։ Վարդան Թադևոսյանի խոսքով՝ ապացույցները բավարար են նրանց մեղադրելու համար։
«2021 թվականի նոյեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի պատասխանատու դիրքի ավագի ու դիտորդի մասով նախաքննությունն ավարտվել է և այն ուղարկվել է դատարան: Ջերմուկի գումարտակից կալանավորված ունենք երկու սպա և մեկ պայմանագրային զինծառայող, 5-ը, ովքեր եղել են Սիսիանի գումարտակից, դատարանի որոշմամբ ազատ են արձակվել», - նշեց Թադևոսյանը:
ՔԿ-ի խոսնակն ասում է՝ բացի շարքայիններից նաև սպայական կազմից մեղադրյալներ կան՝ սրանով հերքելով փաստաբաններ պնդումները, թե մեղքը բարդում են միայն ոչ բարձրաստիճան զինվորականների վրա։