Մատչելիության հղումներ

Պատերազմի օրերին ՀՕՄ-ի ուղարկած օգնությունը դեռ «Զվարթնոց» օդանավակայանի պահեստում է


Հունաստանի Հայ Կապույտ Խաչի ատենապետուհի Լիզա Ավագյան
Հունաստանի Հայ Կապույտ Խաչի ատենապետուհի Լիզա Ավագյան

Հինգ տոննա դեղ, բժշկական սարքավորումներն ու այլ պարագաներ Հունաստանի Հայ Օգնության Միությունը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո էր ուղարկել Հայաստան, որպես հումանիտար օգնություն զինվորներին։

Գրեթե մեկ ու կես տարի անց, սակայն, այս բեռը դեռ «Զվարթնոց» օդանավակայանի պահեստում է և փաստացի վիրավոր, հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին դեղամիջոցներն ու սարքավորումները չեն հասել։

Հունաստանի Հայ Կապույտ Խաչի ատենապետուհի Լիզա Ավագյանն «Ազատության» հետ զրույցում նեղսրտեց՝ չէ՞ որ դեղերն այդքան անհրաժեշտ էին զինվորներին, հիմա մի մասը պարզապես ժամկետանց կարող են լինել. - «Մեր ցավը շատ մեծ էր, որ օգնությունը չհասավ։ Նույն ինքը՝ արտակարգ իրավիճակների կողմից այդ ժամանակ մի ցանկ էին ստացել բանակի վերաբերյալ, այսինքն՝ մեր զինվորների համար դեղեր, կրեմեր այրվածքների դեպքում, սայլակներ մեր վիրավոր զինվորների համար և այլ շատ կարևոր իրեր։ Ենթադրում եմ, որ դեղերն այլևս արժեք չեն ներկայացնում, որովհետև արդեն ժամկետանց են, բայց գոնե մյուս ապրանքները, որ շատ արժեքավոր ապրանքներ են, թող տեղ հասնեն, հոգ չէ, որ ուշացումով»։

Հունաստանի ՀՕՄ երկու կառույցները՝ Կապույտ Խաչն ու Մակեդոնիայի և Թրակիայի Հայ Գթության Խաչը, մեկ ամիս առաջ բողոք էին ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարություններին։ Պատասխան դեռ չեն ստացել։

Օրերս լրագրողների հետ ճեպազրույցում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել էր, թե ձգձգման պատճառը տարաձայնությունն է։ Փաստացի մեկ տարուց ավելի կառավարությանը չի հաջողվել պարզել ընդամենը մեկ պարզ հարցի պատասխան՝ ո՞վ է այս բեռի հասցեատերը։

Ռուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան

«Տարընկալում է եղել՝ ԱԻ՞Ն-ը պետք է ստանար ապրանքը, թե՞ առողջապահության նախարարությունը։ Որոշակի գրագրություն է եղել, հիմա մենք ևս մեկ անգամ ամփոփել ենք, ներկայացրել ենք։ Կարծում եմ, այդ խնդիրը կառավարության անմիջական հսկողության տակ է և շատ շուտով կլուծվի», - ասել էր Բադասյանը։

Ի դեպ, առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ խնդիրն իրենց տիրույթում չէ։ ԱԻՆ-ի մամուլի խոսնակը ողջ օրն անհասանելի էր։

Կապույտ Խաչի ատենապետուհի Լիզա Ավագյանի փոխանցմամբ, գործին փորձել է միջամտել նաև Հունաստանում Հայաստանի դեսպանը, սակայն ապարդյուն. - «Մոտավորապես ութ-տասն օր առաջ մեր դեսպանը հյուսիսային Հունաստանում էր, և հանդիպել էր Հայ Օգնության Միության հյուսիսային Հունաստանի միավորի ներկայացուցիչների հետ, որոնք նորից հարցը բարձրացրել էին ու հարցրել, թե ինչ եղան ապրանքները։ Պարոն դեսպանը ներողություն է խնդրել՝ ասելով, որ տակավին որևէ պատասխան չկա»։

Օգնությունը արագ Հայաստան հասցնելու նպատակով Հունաստանի Հայ Օգնության Միությունը այդ երկրի կառավարությունից ռազմական երկու օդանավ էր խնդրել։ Լիզա Ավագյանն ասում է, որ հիմա նաև անհարմար վիճակում են հայտնվել Հունաստանի կառավարության առջև. - «Ինչպե՞ս կարող ես կրկին իրենց դիմել, իրենց օգնությունը խնդրել։ Պատճառաբանություն է պետք հստակ, և չգիտենք ինչ ձևով պատճառաբանենք, որպեսզի վնասակար չլինի մեր պետության համար։ Որովհետև իրապես վնասակար է լինելու, բայց չենք ուզում, որ այդպես լինի, որովհետև հայ ենք և սփյուռքի մեջ մեզ համար հայրենիքը ամենաբարձր տեղն է գրավում, և մենք ամեն ջանք թափում ենք սփյուռքի բոլոր երկրներում, որ մեր երկրների տեղական կառույցների հետ մեր կապերը շատ մտերմիկ լինեն, բարյացակամ լինեն, որպեսզի կարողանանք հարկ եղած ժամանակ օգտվել իրենց բարյացակամությունից»։

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ-ի ղեկավարն ասել էր, որ բոլոր ապրանքները գույքագրված են, դրանք այս պահին մաքսային հսկողության գոտում են և փորձում են «շտապ ավարտին հասցնել այս գործընթացը»։

«Ազատությունը» ՊԵԿ-ից փորձեց պարզել՝ Բադասյանի խոսքից 2 օր անց՝ ինչ-որ շարժ կա՞։ Կոմիտեից խոստացան պատասխանել հնգօրյա ժամկետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG