Մատչելիության հղումներ

Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է իրավիճակը սահմանագոտում և Ղարաբաղում


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, հաղորդում է ԱԳՆ-ն:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։

Արդեն 10-րդ օրն է` Արցախում գազ չկա։ Արցախի տեղեկատվական շտաբից երեկ հայտնեցին՝ սկսվել են գազի վնասված խողովակի վերանորոգման աշխատանքները։ Համաձայնություն է ձեռք բերվել, որ կարճ ժամկետներում գազը կվերականգնվի։

Արարատ Միրզոյանը, որ նախորդ շաբաթավերջին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում էր ունեցել թուրք գործընկերոջ հետ, Միրչա Ջոանայի հետ խոսել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Հյուսիսատլանտյան խորհրդում ունեցած ելույթում Միրզոյանն անդրադարձել է անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին:

Արտգործնախարարն իր ելույթում շոշափել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարներին ու հնարավորություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք թեմաներին առնչվող հարցեր:

Հայաստանի արտգործնախարարությունն անցած շաբաթ հայտարարեց, որ պաշտոնական Երևանը առաջիկայում թերևս կդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Բաքվի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնեց, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել Հայաստանին ու սպասում է պատասխանի։ Այս շաբաթվա սկզբին էլ Երևանը հայտարարեց, որ պատասխանել է Բաքվի առաջարկներին ու պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համանախագահությանը:

XS
SM
MD
LG