Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիներից շատերի համար Առաջին ալիքի խմբագիրը դարձել է հերոս, բայց կան այլ մեկնաբանություններ ևս


Ռուսաստան - Առաջին հեռուստաալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան հայտարարությամբ է հանդես գալիս, Մոսկվա, 14-ը մարտի, 2022թ․
Ռուսաստան - Առաջին հեռուստաալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան հայտարարությամբ է հանդես գալիս, Մոսկվա, 14-ը մարտի, 2022թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ երեկոյան հայտարարել է Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովային դիվանագիտական «պաշտպանություն» և Ֆրանսիայում ապաստան առաջարկելու պատրաստակամության մասին։ Լրագրողին աջակցել է նաև ՄԱԿ-ը՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին բռնաճնշումների չենթարկել կնոջը։

Երեկ ավելի վաղ Մոսկվայի Օստանկինո շրջանի դատարանը 30 հազար ռուբլով տուգանել է Օվսյաննիկովային՝ անօրինական ցույցեր կազմակերպելու կոչերի համար։

Մարտի 14-ին Առաջին ալիքի երեկոյան լրատվական ծրագրի ուղիղ եթերի ժամանակ Օվսյաննիկովան հակապատերազմական գրություններով պաստառով և «Դադարեցրե՛ք պատերազմը» կոչերով մտել է ստուդիա։ Ակցիան տևել է մի քանի վարկյան։ Նրան, սակայն, դատել են ակցիայից առաջ տեսագրված տեսանյութի համար, որում նա ռուսաստանցիներին կոչ է անում չվախենալ և դուրս գալ բողոքի ակցիաների։

Օվսյաննիկովային բերման էին ենթարկել ակցիայից անմիջապես հետո, և երկար ժամանակ հայտնի չէր, թե որտեղ է նա։

Մարինայի աջակիցները համարում են, որ 30 հազար ռուբլու տուգանքը նրան պատժելու ծրագրի միայն սկիզբն է։ Ռուսաստանի քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է անցկացնում մարտի սկզբին ընդունված՝ ռուսական զինված ուժերը վարկաբեկելու քրեական հոդվածի հնարավոր խախտման վերաբերյալ, և կնոջը կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։

Օվսյաննիկովան երեկ երեկոյան դատարանի մոտ հավաքված լրագրողներին նախ ասել է, թե նման ակցիա իրականացնելու որոշումն ինքուրույն է կայացրել, հետո էլ հավելել, թե հոգնել է, իրեն 14 ժամ հարցաքննել են՝ առանց կապի և իրավաբանական օգնության։ Նա չի մեկնաբանել իր դեմ քրեական գործ հարուցելու հավանականությունը՝ ասելով, թե պատրաստ կլինի մեկնաբանել հաջորդ օրը՝ հանգստանալուց հետո:

Ռուսաստանցիներից շատերի համար լրագրողը դարձել է իսկական հերոս, սակայն քիչ չեն նաև մեկնաբանություններն այն մասին, որ կատարվածը մի մարդու ակցիա չէր։

Հայտնի արձակագիր, Կրեմլի քննադատ Վիկտոր Շենդերովիչը, օրինակ, Ֆեյսբուքում գրել է, թե չի բացառվում, որ սա քաղաքական պատմություն է․ - «Խմբագիր Մարինա Օվսյաննիկովան կարծես թե իր կարճ, նախօրոք գրած տեքստն էր արտասանում։ Տեքստը ձևակերպված էր չափազանց հստակ՝ մի շարք շատ դիպուկ քաղաքական մեսիջներով՝ օրինակ՝ պատերազմի համար միայն Պուտինն է մեղավոր»։

Եթե այդպես է, Շենդերովիչի խոսքով, ստացվում է, որ Կրեմլի ներսում կան մարդիկ, որ դժգոհ են Պուտինից և երազում են նրան հեռացնելու մասին, ու Օվսյաննիկովայի խիզախ արարքն էլ ինչ-որ պլանի մաս է։ «Ամեն դեպքում, մենք պետք է պայքարենք, որ կնոջը չձերբակալեն», - գրել է Կրեմլի քննադատը։

XS
SM
MD
LG