Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Կլաարն անհրաժեշտ են համարում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հովանու ներքո


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին են անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության ընթացքի շուրջ:

Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերը: Այդ համատեքստում Փաշինյանը կարևորել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի, Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ և կարևորել փոխհարաբերությունների ամրապնդմանը միտված ջանքերը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվում ՀՀ ժողովրդավարական օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ և շնորհակալ է ԵՄ-ին՝ այդ գործընթացին սատարելու համար:

Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում է երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:

Եվրամիությունը մտահոգված է վերջին շրջանում հրադադարի խախտումներով և Արցախ մտնող գազատարի խնդրով։ Տոյվո Կլաարը երեկ «Ազատությանը» հայտնել էր, որ այս հարցերը քննարկում է պաշտոնական Երևանի և Բաքվի հետ։

Այսօր Եվրամիության հատուկ ներկայացուցիչը «Ազատությանը» փոխանցեց, որ արդեն քննարկել է խնդիրը ադրբեջանցի պաշտոնյաների հետ մի շարք հեռախոսազրույցներում նախորդ շաբաթ և շարունակում է ներգրավված մնալ տվյալ հարցում նաև այս օրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG