Մատչելիության հղումներ

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններում. Աղաջանյանը պատասխանում է Բաքվի առաջարկներին


Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ նկատմամբ Հայաստանը երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել։ Խոսքը Արցախի բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու մասին է, և ամբողջ համատեքստը՝ 90-ականներից, հենց դա է եղել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Ազատության» հարցին՝ դրան հնարավո՞ր է հասնել Ադրբեջանի կազմում, Աղաջանյանն ասել է․ «Կարծում եմ` այդ գործընթացը պետք է քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Երևանն այսօր պատասխանել է Բաքվի առաջարկին` խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց սկսել, Ադրբեջանը գաղտնազերծել է առաջարկները, բայց Երևանը պատասխանը` ոչ: Դուք կարո՞ղ եք հրապարակել ինչ-որ դետալներ:

Էդուարդ Աղաջանյան. - Ես կարող եմ ասել, որ Արտագին գործերի նախարարությունը մոտակա ժամերի ընթացքում հայերեն թարգմանությամբ տեքստը կհրապարակի:

«Ազատություն». - Մինչև դա Ադրբեջանի կետերին անդրադառնալով, առաջինը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Դուք սա նախապայման համարո՞ւմ եք, թե՞ պայման ասենք:

Էդուարդ Աղաջանյան. - ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել է դեռևս 1991թ.` Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղխման մասին որոշումը, որտեղ կողմերը իրար, ըստ էության, տարածքային ամբողջականությունը ճանաչում են, և Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունի և երբեք չի ունեցել, և առհասարակ Արցախի խնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել Հայաստանի համար, այլ առաջին հերթին ու միայն Արցախի բնակչության անվտանգ իրենց հողում, իրենց ծննդավայրում ապրելու իրավունքն է, իրավունքի իրացումն է:

«Ազատություն». - Այսինքն` համաձայն եք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Էդուարդ Աղաջանյան. - Մենք կարծում ենք, որ դա` որպես նապայման, նույնիսկ իմաստ չունի առաջադրել Հայաստանի առաջ, որովհետև դա արդեն կայացած փաստ է:

«Ազատություն». - Պարոն Աղաջանյան, Ադրբեջանը մեկ անգամ չէ ասել, որ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը:

Էդուարդ Աղաջանյան. - Այստեղ ևս կարծում եմ` մեր դիրքորոշումը այդ դիտարկմանը ևս արձագանքում է և փակում է հարցը հետևյալ համատեքստում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտումներ չի ունեցել, և խոսքը Արցախի բնակչության` հայ բնակչության իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքն է, հետևաբար ամբողջ համատեքստը կոնֆլիկտի սկսած 1990-ականների սկզբից հենց սա է եղել, և այստեղ նորություն, ըստ էության, մենք չենք ասում: Վերջին 30 տարիների ընթացքում ևս Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը բանակցությունների սեղանին եղել է հենց Արցախի հայության անվտանգ ապրելու իրավունքն է իրենց ծննդավայրում:

«Ազատություն». - Ադրբեջանի կազմում դա հնարավո՞ր է:

Էդուարդ Աղաջանյան. - Դա, ես կարծում եմ, պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի և դրան` վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում:

«Ազատություն». - Դուք չե՞ք կարծում, որ ինքնին փաստ է, որ Երևանը համաձայն է, այդ թվում և Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ քննարկել, գնալ, բանակցել այդ հարցը, փլուզում է Արցախի հայկականության հետագա ճակատագրի հարցն առհասարակ:

Էդուարդ Աղաջանյան. - Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հետ կապված հստակ պատասխան, և թե որն է ՀՀ համար այն ընդունելի տարբերակը և այն կարգավիճակը` ստատուս ասվածը, դա բանակցությունների ընթացքում պետք է Հայաստանի Հանրապետությունը առաջ քաշի, ի հայտ բերի, հիմնավորի, այդ թվում` մեր միջազգային գործընկերների ներկայությամբ, և ըստ էության, խոսքը գնում է միջազգային իրավունքի շրջանակներում հարցի հանգուցալուծման, որտեղ բնականաբար, հաշվի են առնվում բոլոր այն նորմերը, որոնց Հայաստանը հղում է անելու:

Պաշտոնական Երևանը պատասխանել է Բաքվից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա, հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարությունը՝ առանց հստակեցնելու՝ ընդունել, թե մերժել են Բաքվի առաջարկները։

Սրան հետևեց Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որում Բաքուն ներկայացրել է հինգ կետից բաղկացած փաստաթղթի նախագծում 5 սկզբունքները:

XS
SM
MD
LG