Մատչելիության հղումներ

Մոտ 500 մեքենա մնացել է Վերին Լարսում. բեռնափոխադրողները վնասների մասին են բարձրաձայնում


Մոտ 500 բեռնատար և մարդատար մեքենա առատ ձյան հետևանքով մնացել է Վերին Լարսում։ Ճանապարհը մոտ 10 օր փակ է և առաջիկա 10 օրերին էլ, ամենայն հավանականությամբ, չի բացվի։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, հղում անելով Վրաստանի և Ռուսաստանի համապատասխան ծառայություններին, տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ըստ ԱԻՆ-ի՝ միայն ռուսական կողմում այս պահին կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։

Լարսի փակ լինելու հետևանքով հիմնականում տուժում են բեռնափոխադրող ընկերությունները։ Հայաստան-ԱՊՀ երկրներ-Եվրոպա միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սպիննակեր Գրուպ» ընկերության 7 մեքենա հիմա փակ ճանապարհին է։ Ընկերության ղեկավար Նորայր Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Ռուսաստան մեկնող 4 մեքենա արդեն 8-9 օր է` վրացական կողմում է, 3-ն էլ մի քանի օր սպասում են, որ Հայաստան հասնեն։

Ապրանքների մի մասը՝ միրգ ու բանջարեղենը, թերևս արդեն փչացել է։ Գևրոգյանն ասաց՝ վնասների ողջ ծավալը դեռ չեն հաշվել. «Այդ մեքենաները դեռ չեն հասել, ապրանքի վնասի մասին չեմ կարող ասել, կարող եմ խոսել վնասը որպես բեռնափոխադրող ընկերություն, որովհետև ինքը եթե իր մեքենաները չի շահագործում ամբողջ հնարավորությունների չափ, ինքը վնաս է կրում: Փչացածը մի կողմից, վնասը նրանից է, որ այդ ապրանքները ժամանակին չեն գալիս, հասնում, բեռներ կան, որ ժամանակին պիտի գան, ու հիմա որոշ ներմուծողներ խնդիր ունեն ապրանքի հետ կապված», - ասաց նա:

Համեմատելով անցած տարվա հետ՝ բեռնափոխադրողն, այդուհանդերձ, նկատում է, որ մեղմ ձմեռն այս տարի ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեց աշխատանքի համար։ Հայաստանն այլընտրանքային ճանապարհ չունի, ուստի եթե փակ է Լարսը, կանգնում է արտահանումն ու ներմուծումը. «Մեքենաներ կան, որ գալիս են Թուրքիայից, գնում են դեպի Ռուսաստան կամ Միջին Արևելք, իրենք կարող են նաև Ադրբեջանով գնալ, մենք չենք կարող, դրա համար հայկական բոլոր մեքենաները, որ դուրս են եկել Հայաստանից կամ գալիս են Հայաստան, հաստատ կանգնած են»:

Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությոններից «Ազատությանը» փոխանցեցին, որ օգնության դիմող չի եղել, սակայն դեսպանատներն աջակցություն ցուցաբերում են կարիքի մեջ գտնվող քաղաքացիներին։ Միջազգային բեռնափոխադրման ծառայություններ իրականացնող ընկերության ղեկավարն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ սահմանում հայտնված մարդիկ սովոր են այս վիճակին և օգնում եմ միմյանց։

Ի դեպ, kray-zemli.com կայքէջում ամեն րոպե տեղեկատվություն է թարմացվում ճանապարհների մասին։ Ավելին, հենց ճամփին մնացած մարդիկ միմյանց օգնություն են առաջարկում։ Օրինակ՝ Նինա անունով մի կին գրել է, որ արդեն 4 օր է` փոքրիկի հետ մաքսակետում է, Սարգիս անունով բեռնատարի վարորդը պատասխանել, որ իր բեռնախցիկում տաք է, և առաջարկել տեղափոխվել իր մոտ։

Ի դեպ, վրացական կողմին հղում անելով՝ կայքը տեղեկացնում է, որ մաքրվում է Գուդաաուրի-Կոբի հատվածը, սակայն որոշ մասերում ձնահյուսի վտանգ կա։ Ձյունը մաքրվում է, հավանականությունը, որ ճանապարհն այսօր կբացվի, 50/50 է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG