Մատչելիության հղումներ

2008-ից ի վեր առաջին անգամ Իսրայելի ղեկավարը պաշտոնական այցով Թուրքիայում է


Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգ, արխիվ

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն այսօր պաշտոնական այցով Թուրքիայում է: Սպասվում է, որ երկօրյա այցի ընթացքում Հերցոգը Անկարայում կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 2008 թվականից ի վեր սա Իսրայելի առաջնորդի առաջին այցն է Թուրքիա:

Այցի նախաշեմին Իսրայելի վարչապետի գրասենյակը և արտգործնախարարությունը հայտնել էին, որ երկու առաջնորդները քննարկելու են թուրք-իսրայելական հարաբերությունների տարբեր ոլորտներ, տարբեր ուղղություններով երկու երկրների և ժողովուրդների համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մտքեր են փոխանակելու այս ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու են տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

Թուրք-իսրայելական հարաբերությունները լարվեցին 2010 թվականին, երբ Գազայի հատված շարժվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական հատուկ ջոկատների հարձակման հետևանքով 9 թուրք զոհվեց: Պաշտոնական Թել Ավիվը դեռ 2013-ին թվականին էր ներողություն էր խնդրել միջադեպի համար։ 2015-ի վերջին սկսվեց թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը՝ ներառյալ դեսպանների վերադարձը Անկարա և Թել Ավիվ:

Չնայած դիվանագիտական ճգնաժամին, երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները դրական զարգացում են ապրել: Թուրքիայի վիճակագրական ծառայության համաձայն, Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրաշրջանառությունը վերջին 5 տարում գնալով աճել է՝ անցած տարի հասնելով ռեկորդային 8.4 միլիարդ դոլարի: Աճել է նաև արտահանման ցուցանիշը. 2021 թվականին 35 տոկոսով աճել է Թուրքիայից Իսրայել արտահանումը՝ կազմելով 6.4 միլիարդ դոլար, իսկ ներմուծման ցուցանիշը հասել է ավելի քան 2 միլիարդի:

Վերջերս Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան ու Իսրայելը կարող են միասին աշխատել իսրայելական գազը դեպի Եվրոպա արտահանելու ուղղությամբ։ Այսօր կայանալիք հանդիպմանը քննարկվելու են նաև էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Իսրայելցի վերլուծաբանները թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում նշել են, որ նախագահի այցը նոր շրջան կբացի հարաբերությունների ընդլայնման համար, որից երկու երկրներն էլ կշահեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG