Մատչելիության հղումներ

Երևանում տեղի ունեցավ «Գարուն ա...» ֆիլմի պրեմիերան


«Գարուն ա..» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյան
«Գարուն ա..» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյան

Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, որից առաջ տեղի ունեցած ասուլիսին ստեղծագործական խմբի անդամները ներկացրեցին ֆիլմը ստեղծելու նպատակը և իրենց ուղերձը մեր հանրությանն այս ֆիլմի միջոցով։

Գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Ալեքանդր Խաչատրյանը ֆիլմի ստեղծման գաղափարը մտահղացել է ապրիլյան պատերազմից հետո, երբ ականատեսն է եղել, թե ինչպես ամբողջ ազգը այդ օրերին ոտքի կանգնեց և համախմբվեց այդ բարդ իրավիճակում. - «Եթե ես անտարբեր լինեի, կամ հոգիս չցավար էս խնդիրներով, ես հինգ տարուց ավելի չէի քաշի էս լուծը։ Բայց ինձ համար սա կարծես հոգու պարտք լիներ, և նյութը և թեման ինձ համար շատ արդիական և ցավալի են։ Եվ որոշեցինք, որ խոսվի էդ մասին։ Մենք չենք ներկայացնում էն մարդու տեսակը, որը վատն ա, որը չգիտեմ ինչ ա, չէ։ Մենք ներկայացնում ենք տարբեր տեսակետեր, տարբեր հայրենասիրություններ և ուզում ենք ներկայացնել էն մարդու տեսակը, էն հայրենասիրության տեսակը, որը մենք ուզում ենք ունենալ։ Երեսուն տարվա ընթացքում շատ բաներ տեսանք, շատ փոփոխություններ տեսանք՝ բռնատիրությունից մինչև ազատություն, մինչև անարխիա, և հիմա մենք որտեղ ենք, չգիտեմ։ Ամեն դեպքում, մենք ներկայացնում ենք էն մարդկանց, էն հասարակությունը, որը մենք ուզում ենք ունենանք»։

Ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ասաց. - «Ֆիլմի հիմնական մեսիջը, որ յուրաքանչյուրն է պատասխանատու հայրենիքի և ապագայի հանդեպ։ Բոլորը պետք է իրենց լուման ունենան։ Պետք չէ միայն մեղադրել։ Ինչպես Ալեքսանդր Խաչատրյանի կերպարը՝ գլխավոր հերոս Արամ Ամատունին ասում է ֆիլմում. «Այս երկրի կայացման համար յուրաքանչյուրը պետք է արյուն և քրտինք թափի»։ Սա կարծես թե մեսիջ է մեր հանրությանը, որ պետք չի զուտ գոռալ և ասել՝ ինչի՞ ամեն ինչ չի փոխվում, այլ պետք է պատասխանատվություն կրել։ Քո գործով, քո վերաբերմունքով քո հայրենիքի նկատմամբ ինչ կարող ես դու անես, որպեսզի դու ունենաս առավել լավ հայրենիք»։

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչպես է բացատրում այն զուգադիպությունը, այն փաստը, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են 44-օրյա պատերազմի նախօրեին և ընդհատվել այդ պատճառով, Մուշեղյանն ասաց. - «Ավելին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող ֆիլմի հետարտադրական պրոցեսը ավարտվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկին։ Այս վերջին չորս օրերին ընթացքում ես էնքան բան եմ տեսել Ուկրաինայում, ու իմ ամբողջ պատկերացումները փոխվել է ազգի մասին։ Մարդիկ կապ չունեն, պատերազմը զուտ առիթ ա, քաղաքականության հետ կապված բաներ ա։ Մարդիկ բոլոր տեղերում ունեն նույն էմոցիաները, նույն զգացողությունը։ Ես էնքան դաժան բաներ եմ տեսել... Գնացքով գնում են, միայն կանանց ու երեխաներին են վերցնում, տղամարդիկ մնում են էնտեղ օրերով, ոչ մի ձև չկա, ութ կիլոմետր մարդիկ քայլում են վեշերով... Ես էսօր առավոտյան եմ եկել։ Ես էնքան մտահոգված էի, որ ֆիլմը չի կարողանալու հասնել Հայաստան, որովհետև պոստպրոդաքշընը ավարտելուն պես մենք սկսեցինք Կիևում գիշերը Դի-Սի-Փ-ին գրել, ու... պայթյուններ։ Դուրս ենք գալիս, տեսնում ենք պատերազմ ա սկսվել, տանկեր են մտնում, մոստերը տրաքացնում են, որ քաղաք չմտնեն։ Ու մենք էնտեղ ենք, ու դեռ մինիմում մի օրվա անելիք կա, որ կարողանամ ֆիլմը հետս վերցնեմ բերեմ։ Ստիպված մնացինք էդ վիճակում, որպեսզի ֆիլմը ավարտենք, գոնե ինտերնետով ուղարկենք Հայաստան, որ կարողանանք գոնե կինոթատրոններում գնա։ Իմ կարծիքով, այս ֆիլմը ևս մեկ առիթ է, որպեսզի աշխարհը տեսնի, թե պատերազմը ինչ դաժան բան է, ինչ է անում, և գուցե ինչ-որ բան փոխի։ Ես կարծում եմ, որ արվեստի նպատակը դա է՝ փոխել հասարակության մեջ ինչ-որ կարծրատիպեր, ինչ-որ մտքեր»։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով, ֆիլմը կներկայացվի տարբեր երկրներում, մեկ ամիս անց տեղի կունենա ֆիլմի պրեմերան Միացյալ Նահանգներում, նաև աշխատանքներ են տարվում ֆիլմը միջազգային կինոփառատոներին ներկայացնելու համար։

«Մեր ֆիլմը շատ է մերը, շատ է ազգային, շատ է մեր մասին։ Բայց ֆիմլում կան նաև զուգահեռներ, որոնք հուզում են էսօր նաև ամբողջ աշխարհին՝ զինվոր -մարդասպան զուգահեռներ, արվեստ և բարբարոսություն զուգահեռներմ որ ցավոտ կողմն է ամբողջ աշխարհի։ Եվ կարծում եմ, որ մենք ունենք բոլոր իրավունքները ֆիլմը ներկայացնելու միջազգային հարթակներ։ Որովհետև ֆիլմը տեխնիկական առումով արված է բարձրագույն ստանդարտներով։ Կարծում եմ, որ խաղարկությունն էլ բարձր մակարդակի վրա է, և մենք հույսեր ունենք, որ մեր ֆիլմը կընդոդւնվի միջազգային հարթակներում»։

Ֆիլմի նկարահանումներին պետական կառույցներից աջակցել է միայն Պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG