Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց կասեցնել Քոչարյանի գործի քննությունն ու դիմել ՍԴ


Դատարանն այսօր մերժեց կասեցնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էր անցած դատական նիստին միջնորդել դատավոր Աննա Դանիբեկյանին՝ դիմել Սահմանադրական դատարան՝ հայտարարելով, որ դատավորը իրավունքի ունի պարզաբանել մեղադրանքը դատախազների ներկայացրած մեղադրականի շրջանակում, բայց երբ այն հասկանալի չէ մեղադրյալի համար, դատավորը չի կարող դուրս գալ ներկայացված տեքստի ծավալից և այլ մանրամասներ ներկայացնել։ Փաստաբանը դատավորին առաջարկել էր այս փուլում կասեցնել գործի քննությունը և դիմել Բարձր դատարան՝ այս խնդիրը հանգուցալուծելու համար։

Քոչարյանն էլ նիստի ընթացքում պնդել էր, թե այս ողջ ընթացքում, բազմաթիվ նաև հրապարակային ելույթներում, ասել է, որ չի հասկանում, թե ինչի մեջ են իրեն մեղադրում։

Հայկ Ալումյանը, վկայակոչելով նաև Եվրոպական կոնվենցիան, ասել էր, որ մեղադրյալը հանգամանորեն պետք է տեղեկացվի իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին։

«Միջնորդության առարկան է օրենսդրական բացը, այն է՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործով վարույթ իրականացնող դատարանին չի տալիս հնարավորություն պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով», - հայտարարել էր Ալումյանը։

Մեղադրող դատախազները, սակայն, դատարանին խնդրել էին մերժել միջնորդությունը։ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, հակադարձելով Քոչարյանին ու նրա պաշտպաններին, նշել էր, թե մեղադրանքը ավելի քան հստակ է և պարզ։

XS
SM
MD
LG