Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:17 23.3.2023

ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ առաջնորդներին ուղղված հրավերի նամակում ասել է, որ գագաթնաժողովը նվիրված է լինելու «հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներին և գլոբալ մարտահրավերներին», ներառյալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ ռազմական օգնությունը:

Դա, նրա խոսքով, ներառում է ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը։ Նույն համատեքստում կքննարկվի պարենային գլոբալ անվտանգության հարցը։

Ինչպես նշել է Միշելը՝ «մեր նպատակն է առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում»։

Դա անելու համար, ինչպես նա ասում է իր նամակում, «մեզ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների մեծացման համար»։

Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, տեղի կունենա եվրագոտու գագաթնաժողովը, որին կմասնակցեն միության բոլոր 27 երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը և Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն՝ քննարկելու համար տնտեսական և ֆինանսական իրավիճակը։

14:16 23.3.2023

Արևմուտքը պետք է պատրաստվի Կիևին երկար ժամանակ զենք և զինամթերք մատակարարելուն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The Guardian-ին տված հարցազրույցում։

Ստոլտենբերգի խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և արևմտյան այլ երկրներ պետք է պատրաստ լինեն «երկար ժամանակ զենքով, զինամթերքով և պահեստամասերով աջակցել Ուկրաինային»։

«Դրա անհրաժեշտությունը կշարունակվի, քանի որ սա քայքայման բերող պատերազմ է», - ասել է գլխավոր քարտուղարը՝ շարունակելով. - «Խոսքը վերաբերում է աջակցությունը շարունակելու արդյունաբերական ներուժին»:

«Զինամթերքի ընթացիկ օգտագործման տեմպերն ավելի բարձր են, քան արտադրության ներկայիս տեմպերը», - հավելել է նա։

ՆԱՏՕ-ի ղեկավարը չի բացառել նաև, որ դաշինքի անդամները կարող են Ուկրաինա ուղարկել F-16 կործանիչներ կամ այլ ռեակտիվ ինքնաթիռներ։

Խոսելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու Չինաստանի ցանկության մասին՝ Ստոլտենբերգը հորդորել է Պեկինին՝ փորձել «հասկանալ Ուկրաինայի հեռանկարները» և «ուղղակիորեն համագործակցել նախագահի (Վլադիմիր Զելենսկիի) հետ»:

17:40 22.3.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնբասի շրջան՝ Բախմուտ, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինծառայողներին:

Նա զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ և նրանց մեդալներ է հանձնել խիզախ ծառայության համար:

«Ինձ համար պատիվ է լինել այստեղ, Ուկրաինայի արևելքում, Դոնբասում», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, այս պատերազմում պետք է խնայել հնարավորինս մեծ թվով ուկրաինացի զինվորների կյանքեր:

«Դուք անհրաժեշտ եք մեր երկիրը պաշտպանելու համար: Շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Զելենսկին:

Հանդիպումից հետո զինծառայողները լուսանկարվել են Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

17:38 22.3.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հավաստիացրել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի արդիականացումը կավարտվի այս տարվա ընթացքում: Այդ մասին նա ասել է պաշտպանական գերատեսչության խորհրդի նիստում:

Ռուսաստանը մի քանի անգամ Ուկրաինային մեղադրել է պատերազմի մեկնարկից ի վեր բուն Դաշնության տարածքում անօդաչուներով գրոհներ իրականացնելու համար:

«Մեզ համար առաջնահերթություն է օդային և տիեզերական ուժերի զարգացումը, նոր համակարգեր բանակին փոխանցելը: Այս տարում մենք ամբողջությամբ կավարտենք Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացումը», - հավաստիացրել է Շոյգուն:

Նա հայտնել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 հազար ուկրաինական ռազմական թիրախներ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG