- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Բավարիայի Ալպերում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ավարտին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի վրա Արևմուտքի ճնշումները միայն ուժեղացվելու են և Պուտինի համար իրավիճակից դուրս գալու միակ միջոցը Ուկրաինայում իր պլանների ձախողումն ընդունելն է։
Շոլցն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման ճանապարհը ընտրելու իրավունք ունի, առանց հարևանի կողմից հարձակման ենթարկվելու սպառնալիքի։
Մեծ յոթնյակի առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի համար ցավալի մի շարք հետագա քայլերը, այդ թվում՝ ռուսական ոսկին գնելու արգելքը։
Գերմանիայի կանցլերի խոսքերով՝ Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա ռուսական ուժերի նախօրեին կատարած հրթիռային հարձակումը Ուկրաինայի բնակչության հանդեպ Պուտինի դաժանության ևս մեկ ապացույց է։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն այսօրվա ճեպազրույցում ասել է, որ հրթիռակոծման հետևանքով արդեն հայտնի է 20 զոհի և 59 վիրավորների մասին։ Վիրավորներից 25-ը հոսպիտալացվել են։ Տիմոշենկոյի ասելով՝ անհետ կորածների հարազատներից ևս 40 դիմումներ կան։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական հետախուզությունը հայտնում է ռուսական կողմի հետ գերիների նոր խմբերի փոխանակման մասին: Ըստ աղբյուրի` 15 գերիներ փոխանակվել են 17-ի հետ։
«Տուն են վերադարձել ուկրաինացի 16 զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ։ Զինծառայողներից երկուսը սպա են, 14-ը զինվորներ»,- հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Հաղորդագրությունում նաև նշված է, որ ազատ արձակվածներից հինգը ծանր վիրավորներ են, որոնք անհապաղ բուժվելու կարիք ունեն։
Ռուսական կողմը գերիների փոխանակման մասին չի հաղորդել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, եթե Կիևը հետագայում փորձի ոտնձգություն կատարել Ղրիմի դեմ,հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը "Аргументы и факты" պարբերականին տված հարցազրույցում։
«Ղրիմի նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ նշանակում է պատերազմ հայտարարել մեր երկրին: Եվ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրն անի դա, ապա դա հակամարտություն է ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Երրորդ համաշխարհային պատերազմ: Տոտալ աղետ», - ասել է Մեդվեդևը:
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության առնչությամբ Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանին առանձնապես նոր բան չի սպառնում: «Ռուսաստանի հետ այդ երկրների ավելի վաղ ունեցած հարաբերությունները կարելի է անվանել բավականին հարգալից և փոխշահավետ», - նշել է ՌԴ նախկին նախագահը՝ հավելելով, որ սկանդինավյան երկու երկրների հետ տարածքային վեճեր և դրանց համար առիթներ չկան:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Կրեմենչուգում տեղի ունեցածը որակել է որպես ուկրաինական կողմի «հերթական սադրանք»:
«Այնպիսի տպավորություն է, թե գործ ունենք Բուչայի ոճով ուկրաինական նոր սադրանքի հետ: Պետք է սպասել մեր Պաշտպանության նախարարության հայտարարությանը, բայց արդեն չափազանց շատ ակնհայտ անհամապատասխանություններ կան», - Twitter-ում գրել է դիվանագետը, հավելելով՝ Կիևի ռեժիմը նման ձևով ուզում է Արևմուտքի ուշադրությունը սևեռել Ուկրաինայի վրա մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հրթիռային հարձակումը Կրեմենչուգի մարդաշատ առևտրի կենտրոնի վրա ցույց է տալիս Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դաժանության և բարբարոսության խորությունը:
«Պուտինը պետք է հասկանա, որ իր վարքագիծը կամրապնդի Մեծ Բրիտանիայի և Մեծ յոթնյակի ցանկացած այլ երկրի վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի», - ասել է Ջոնսոնը:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 50-ը՝ վիրավորվել երեկ կեսօրին Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքի հրթիռակոծության հետևանքով, հայտնել է տեղի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը։ Հարձակումը, ըստ ուկրաինական իշխանությունների, իրականացվել է ռուս զինվորականների կողմից։ Հրթիռն ընկել է Amstor առևտրի կենտրոնի վրա, որը հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է։
Կրեմենչուգի քաղաքապետ Վիտալի Մալեցկին գրել է, որ հարվածը հասցվել է «շատ մարդաշատ վայրի, որը 100 տոկոսով կապ չունի ռազմական գործողությունների հետ»։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պնդում է, որ հրթիռներն օդ են բարձրացել Կալուգայի շրջանի Շայկովկա օդանավակայանից։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լիտվան ենթարկվել է հուժկու հաքերային հարձակման։ Այս մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով Կիբերանվտանգության ազգային ծառայության տրամադրած տվյալները։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հաքերային հարձակման թիրախ են դարձել նաև պետական կառույցների կողմից կիրառվող և մինչ օրս անվտանգ համարվող ներքին ցանցերը։
Հաքերային հարձակումը տեղի է ունեցել Կալինինգրադի մարզի հետ հաղորդակցության սահմանափակումների պատճառով Վիլնյուսի և Մոսկվայի միջև ծագած դիվանագիտական ճգնաժամի ֆոնին։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի խորհրդարանի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան խոստանում է հստակ ապացույցներ ներկայացնել առ այն, որ Վրաստանի իշխանություններն օգնում են Մոսկվային շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այս մասին Արախամիան գրել է այսօր իր Տելեգրամ ալիքում։
«Վրաստանի կառավարության անդամների և իշխանամետ պատգամավորների կողմից արտերկրում իրականացված փոխանցումների, նրանց բանկային հաշիվների մասին տեղեկությունները շուտով հասանելի կդառնան հանրությանը», - գրել է Արախամիան՝ պնդելով, որ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում ներգրավված է նաև «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում ընդգրկված զինվորականների թիվը հասցվելու է 300 հազարի», - այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք ուժեղացնելու ենք մեր առաջապահ պաշտպանությունը։ Դաշինքի արևելյան թևում տեղակայված մեր մարտական խմբերը կհասցվեն բրիգադի մակարդակի։ Մենք նաև վերափոխելու ենք դաշինքի արագ արձագանքման ուժերը՝ դրանցում ներգրավված զինվորականների թիվը հասցնելով 300 հազարի», - հայտարարում է Ստոլտենբերգը։
Խոսելով վաղը Մադրիդում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասին` Ստոլտենբերգը նշել է, որ դրա ընթացքում դաշինքի անդամները կհամաձայնեցնեն Ուկրաինային հավելյալ օգնության տրամադրման հարցը։
«Խոսքը Ուկրաինային տրամադրվող օգնության համապարփակ փաթեթի մասին է», - հայտարարում էր Ստոլտենբերգը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր ժամանել է Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաք՝ ծանոթանալով այստեղ փետրվար-մարտ ամիսներին՝ ռուսական ուժերի զավթման ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։
«Մոլդովան խոցելի և փխրուն երկիր է, և Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ևս մեկ անգամ վկայեց, որ վտանգը չի վերացել», - նշել է Սանդուն։
Մոլդովայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը վկայեց, որ պետք է անել հնարավորը՝ ինքնիշխան պետություններ ներխուժող երկրներին զսպելու համար։