- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս անգամ պատժամիջոցների ցուցակում են Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի 144 անդամներ, ինչպես նաև Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան։
Տիխոնովային և Վորոնցովային Ավստրալիայի կառավարությունն անվանել է Վլադիմիր Պուտինի դուստրեր, ինչպես ավելի վաղ արել էին Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դստեր՝ Եկատերինա Վինոկուրովայի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ են կիրառվել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիան որոշել է Ուկրաինային ևս 37 միլիոն եվրո տրամադրել՝ պատերազմի հետևանքով ավերվածը վերականգնելու համար։ Այս մասին գրում է գերմանական թերթերից մեկը՝ հղում անելով Գերմանիայի զարգացման նախարարությանը։
Թերթի տվյալներով՝ 22,5 մլն եվրո կուղղվի էլեկտրացանցերի վերականգնմանը, իսկ 14,4 մլնը՝ բնակարանային ֆոնդի ու բժշկական սարքավորումների վերականգնմանը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) խորհուրդը երեկ որոշում է կայացրել՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման, կասեցնել Ռուսաստանի մշտական դիտորդի կարգավիճակը կազմակերպությունում: Խորհրդի որոշման մեջ ասվում է, որ Ռուսաստանը հետ կստանա դիտորդի կարգավիճակը, այն ժամանակ, երբ դադարեցնի պատերազմը, դուրս բերի իր բոլոր զորքերը միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի տարածքից և «վերադառնա երկխոսության և դիվանագիտության ուղի»:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը խորհրդի որոշումը «լուրջ սխալ» է որակել։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանում չեղարկվել են «Մաշինա վրեմենի» հայտնի ռոք խմբի բոլոր ծրագրված համերգները: Համերգները չեղարկելու պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ վերջին օրերին Կրեմլին սատարող լրագրողները, հրապարակախոսները, հեռուստամեկնաբանները և սոցցանցերի օգտատերերը խստորեն քննադատել են խմբի հիմնադիր, երգահան և երգիչ Անդրեյ Մակարևիչին՝ պատերազմի վերաբերյալ նրա հայտնած կարծիքների համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի պատերազմի հարցով այսօրվա ուղերձում հաղորդել է նոր պատժամիջոցի մասին, որը գործելու է Ռուսաստանի քաղաքացիական նավատորմի նկատմամբ:
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգներն արգելում է ռուսական նավերի ընդունումը մեր նավահանգիստներում: Այդպես է որոշվել նաև Եվրոպայում: Դա նշանակում է, որ ոչ մի նավ, որը նավարկում է ռուսական դրոշի տակ, հանդիսանում է Ռուսաստանի սեփականությունը կամ շահագործվում է ռուսաստանցու կողմից՝ հետայսու չի կարողանա մոտենալ մեր ափերին կամ խարիսխ գցել մեր նավահանգիստներում»,- ասել է Բայդենը:
Եվրամիության ընդունած նմանօրինակ օրենքը ենթադրում է բացառություններ գյուղմթերք, պարեն, մարդասիրական օգնություն և էներգակիրներ փոխադրող նավերի համար:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես է եկել Ուկրաինայի պատերազմի մասին հատուկ ուղերձով, հայտնելով, որ Վաշինգտոնը ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային:
Այս նոր փաթեթով Ամերիկան ուկրաինական բանակին կփոխանցի ծանր հրետանի, հարյուր հազարավոր արկեր, տակտիկական անօդաչուներ, նռնականետեր, ռադարներ, 15 միլիոն միավոր զինամթերք, ռուսական յուրաքանչյուր տանկի հաշվով 10-ը հակատանկային համակարգ:
Ջո Բայդենն ասել է, որ ամերիկացիները կարող են հպարտանալ, որ օգնում են Ռուսաստանի ագրեսիայի դեմ պաշտպանվող Ուկրաինային:
Նա ասել է, թե հիացած է այս պայքարում ուկրաինացիների դրսևորած աներևակայելի արիությամբ և խիզախությամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Դանիայի և Իսպանիայի վարչապետեր Մետե Ֆրեդերիկսենին և Պեդրո Սանչեսին:
Երկու վարչապետերը Զելենսկու հետ հանդիպունից զատ նաև այցելել են Կիևի շրջանի Բորոդյանկա գյուղ, որտեղ ռուսական բանակը, ենթադրաբար, պատերազմական հանցագործություններ է կատարել:
Դանիան և Իսպանիան խոստանում են մարդասիրական և ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:
Սանչեսն ասել է, որ Իսպանիան Ուկրաինա կուղարկի 200 տոննա զինամթերք, իսկ Ֆրեդերիկսենը հայտնել է, որ Դանիան առաջիկայում զենքի նոր խմբաքանակ կփոխանցի Ուկրաինայի բանակին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվան տակավին սպասում է ուկրաինացիների պատասխանին խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած գրավոր առաջարկին: Այդ հայտարարությամբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով երեկ ասել է, թե տեղեկություն չունի ռուսական կողմի առաջարկի մասին:
«Բանագնացների կազմը նույնն է, փորձագետները մշակում են նախագիծը, կրկնում եմ, ինչպես երեկ էի ասել՝ մեր պահանջները, դրանց վերջին տարբերակը, փոխանցվել են մյուս կողմին, ուստի, մենք պատասխանի ենք սպասում: Թեպետ, մենք լսել ենք, որ նախագահ Զելենսկին ասել է, թե ոչ մի տեքստ չի տեսել, և դա էլ է հարցեր հարուցում, քանի որ ոչ ոք Զելենսկուն չի զեկուցում մեր առաջարկների մասին»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Լիտվայի խորհրդարանը՝ Սեյմն ընդունել է Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ սահմանված արտակարգ դրությունը երկարաձգելու որոշում:
Արտակարգ դրության ժամկետը գործել է մինչև ապրիլի 20-ը: Խորհրդարանը 124 կողմ, 0 դեմ և 6 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ որոշել է սահմանել արտակարգ դրություն, որը վաղը կմտնի ուժի մեջ և կգործի մինչև հունիսի 29-ը ներառյալ:
Արտակարգ ռեժիմի մեկօրյա դադարը բացատրվում է տեխնիկական հանգամանքներով, քանի որ Սեյմը պետք է այսօր դեռ քվեարկությամբ հաստատի սահմանադրական երեք լրամշակումներ, ինչն արգելվում է անել արտակարգ դրության պայմաններում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանցի գործարար, «Լուկօյլ» ընկերության համասեփականատեր, հիմնադիր և նախագահ Վագիտ Ալեքփերովը հայտնել է պաշտոնն ազատելու և ընկերության տնօրենների խորհրդի կազմից դուրս գալու մասին:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ վերջերս Վագիտ Ալեքպերովը հայտնվել է Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների ցանկում:
Ծնունդով բաքվեցի և ազգությամբ ադրբեջանցի Ալեքպերովի հիմնադրած «Լուկօյլը» Ռուսաստանում ամենախոշոր մասնավոր նավթային ընկերությունն է:
«Ալեքպերովի համապատասխան դիմումը փոխանցվել է «Լուկօյլի» տնօրենների խորհրդին»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում, որում նշվում է, որ գործարարը հանդես չի գալիս իբրև վերահսկիչ բաժնետեր: Նրան պատկանում է ընկերության բաժնետոմսերի 3.12 տոկոսը, ինչպես նաև առանձին հիմնադրամների միջոցով ևս 5.43 տոկոս, որոնց վերաբերյալ Ալեքպերովը ձայնի իրավունք չունի: