- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ռուսաստանցի ռազմական փորձագետներն արձանագրում են, որ «Մոսկվա» հածանավի խորտակումը ռուսական կողմի ամենամեծ կորուստն է Ուկրաինայում, որն անչափ զայրացրել է Պուտինին: Նույնիսկ քարոզչության հիմնական դերակատարներն են այս օրերին բարձրաձայնում՝ ինչպե՞ս պատահեց, որ ռուսական նավատորմի լեգենդը խոցվեց ու խորտակվեց և ո՞վ է սրա համար պատասխան տալու։
Իսկ Կրեմլից անկախ փորձագետներն ու լրագրողները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել անձնակազմի հետ: Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավի խորտակումից հետո ռուսական տարբեր աղբյուրներ սկսեցին հայտնել նաև անձնակազմի մի մասի մահվան մասին։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինացի ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Մեդվեդչուկը կոչ է արել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին՝ փոխանակել իրեն Մարիուպոլի պաշտպանների և քաղաքում գտնվող խաղաղ բնակիչների հետ։ Մեդվեդչուկի տեսաուղերձը հրապարակել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։
«Դիմում եմ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով նրանց կազմակերպել իմ փոխանակումը Մարիուպոլի պաշտպանների և այն խաղաղ բնակիչների հետ, որոնք այսօրվա դրությամբ շարունակում են մնալ այդ քաղաքում և զրկված են մարդասիրական միջանցքներով այն լքելու հնարավորությունից», -հայտարարում էր Մեդվեդչուկը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանում, քանի որ դրանք ռուսական տնտեսության վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող, Կիև կատարած այցի ավարտին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Դրա հետ մեկտեղ վրացական խորհրդարանի նախագահը խոստանում է, որ Վրաստանը Մոսկվային չի օժանդակի պատժամիջոցների շրջանցման հարցում։
«Մենք ասել ենք մեր ուկրաինացի գործընկերներին, որ Վրաստանը չի դառնա այն տարածքը, որտեղ հնարավոր կլինի շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները», - հայտարարել է Պապուաշվիլին։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է՝ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ ճակատամարտը Դոնբասում մեկնարկելու է մոտ ապագայում։ Սպասվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Զելենսկին կոչ է անում արևմտյան գործընկերներին ընդլայնել սպառազինության մատակարման ծավալները։
«Ռուսական բանակը պատրաստվում է մոտ ապագայում Արևելյան Ուկրաինայում հարձակողական գործողություն ձեռնարկել։ Նրանք ուզում են վերջնականապես քանդել Դոնբասը, վերացնել այն ամենը, ինչ կազմում է արդյունաբերական այս շրջանի փառքը։ Ռուսական ուժերը այժմ ոչնչացնում են Մարիուպոլը՝ ջնջելով այն աշխարհի երեսից։ Նրանք պատրաստվում են նույնն անել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզի քաղաքների հետ։ Մենք մեր հերթին անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք երկրի պաշտպանությունը։ Մենք շնորհակալ ենք մեր այն գործընկերներին, որոնք մեզ իրական օգնություն են ցուցաբերում։ Բայց այն պետությունները, որոնք ունեն մեզ անհրաժեշտ սպառազինությունն ու զինամթերքը, սակայն չեն շտապում այն մեզ տրամադրել, պետք է իմանան՝ առաջիկա ճակատամարտի ճակատագիրը նաև իրենցից է կախված», -հայտարարում է Վլադիմիր Զելենսկին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից՝ փետրվարի 24-ից ի վեր երկրում 205 երեխա է զոհվել, ևս 362-ը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Սրանք վերջնական թվեր չեն, ասվում է հաղորդագրությունում։
Պաշտոնական տվյալներով՝ ամենաշատ երեխաներ տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում:
Ռմբակոծությունների ու հրետակոծությունների պատճառով Ուկրաինայում վնասվել է 1018 ուսումնական հաստատություն, որոնցից 95-ն ամբողջությամբ ավերվել է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր առավոտյան տեղական իշխանությունները հաղորդել են Ուկրաինայի արևմտյան Լվով քաղաքին հասցված 4 հրթիռային հարվածի մասին։ Ռազմական ենթակառուցվածքների օբյեկտին 3 և անվադողերի տեղադրման օբյեկտին 1 հարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել, 8-ը վիրավորվել են, այդ թվում՝ մեկ երեխա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուս զինվորականները շարունակում են Մարիուպոլի պաշարումը։ Երեկ առավոտյան նրանք առաջարկել էին հանձնվել քաղաքում մնացած ուկրաինական ուժերին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները պատսպարվում են «Ազովստալ» գործարանի տարածքում։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հանձնվելու մտադրություն չունեն, Մարիուպոլն էլ «դեռ չի ընկել»։
Երեկ ուկրաինացի քաղաքական գործիչները հայտարարել են նաև, որ ճակատամարտը հանուն Մարիուպոլի կարող է դառնալ «կարմիր գիծ» հետագա բանակցությունների համար։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել Լուգանսկի բնակիչներին տարհանվել առանց հապաղելու։
«Հաջորդ շաբաթը կարող է դժվար լինել: Այն կարող է լինել վերջինը, երբ մենք դեռ հնարավորություն ունենանք ձեզ փրկելու», - երեկ ասել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը: «Ողջ մնալը միակ բանն է, որ ձեզնից պահանջվում է», - ասել է նա:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններ է վարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման և երկրի ֆինանսական կայունության ապահովման շուրջ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քննարկել են օգնության կոնկրետ ծրագրեր, և այժմ Կիևն ունի հստակ ծրագիր և հեռանկարների տեսլական այս ոլորտում:
Կիևի պաշտոնյաներն ասում են, որ Ուկրաինան մտադիր է ԱՄՀ-ից և Մեծ յոթնյակի երկրներից 50 միլիարդ դոլար խնդրել պատերազմի պատճառով առաջացած բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրահանձնաժողովը ևս 50 միլիոն եվրո է հատկացնելու` 45 միլիոն եվրո կուղղվի Ուկրաինայում հումանիտար ծրագրերին, իսկ 5 միլիոն եվրո՝ Մոլդովայում։
Ըստ եվրոպացի պաշտոնյայի` սա «կօգնի մարդկանց հաղթահարել եղած խնդիրները»:
ԵՄ մարդասիրական օգնության ֆինանսավորման ընդհանուր ծավալն արդեն կազմել է 143 մլն եվրո։