- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլը պնդում է, թե ոչ մի լուրջ հարց չի ծագի, եթե Ռուսաստանը վտարվի աշխարհի տնտեսապես առավել զարգացած «Մեծ քսանի» խմբից: «Մեծ քսանի» անդամներ են 19 պետություններ և Եվրոպական միությունը որպես կազմակերպություն:
Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե այդ արշավի նախաձեռնողն, իհարկե, Միացյալ Նահանգներն է:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինայի դեմ արդեն մեկ ամսից ավելի շարունակվող պատերազմի ընթացքում Ռուսաստանն այսօր երկրորդ անգամ տվյալներ է հրապարակել սեփական զոհերի մասին։
Ըստ Գլխավոր շտաբի, մինչ օրս ռուսական կողմից զոհվել է 1351 զինվորական, 3825-ը վիրավորվել են։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆինլանդիայի VR Group երկաթուղային ընկերությունը մարտի 28-ից դադարեցնում է Հելսինքի-Սանկտ Պետերբուրգ երթուղին կատարող Allegro գնացքների աշխատանքը: Այդ մասին հայտնել է Helsingin Sanomat պարբերականը:
«Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կապակցությամբ Allegro գնացքների հետագա շահագործումն այլևս նպատակահարմար չէ: Մինչ օրս մենք շարունակել ենք աշխատեցնել այդ երթուղին, քանի որ պետք է ապահովեինք Ֆինլանդիայի քաղաքացիների վերադարձը հայրենիք: Այս շաբաթների ընթացքում նրանք, ովքեր մտադիր էին լքել Ռուսաստանը, հասցրել են դուրս մեկնել այդ երկրից», - ասել է VR Group ընկերության ուղևորափոխադրումների բաժնի տնօրեն Տոպի Սիմոլան:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգները խոստացել է 15 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ ուղարկել Եվրամիության շուկա: Այդպիսով Եվրոպան պետք է կրճատի ռուսական էներգակիրների ներկրման ծավալը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում հայտնել են, որ ստեղծվում է հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումից:
«Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ ծրագիրը, որի նպատակն է առաջ շարժվել դեպի ապահով և մաքուր էներգիա», - ասել է Բայդենը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՆԱՏՕ-ն երեկ հաստատել է դաշինքի արևելյան թևը չորս մարտական հզոր միավորումներով ամրացնելու ծրագիրը․ լրացուցիչ ստորաբաժանումները կտեղակայվեն Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի տարածքներում: Այդ մասին հայտնել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ընդհանուր հաշվով՝ ՆԱՏՕ-ն արևելյան ճակատում տեղակայել է 8 մարտական միավորումներ՝ Բալթյան ծովից մինչև Սև ծով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, թե իրեն նույնիսկ նվազագույն չափով չի կարելի հակառուս համարել: Այդպես նա արձագանքել է Կրեմլի այն մեկնաբանությանը, թե Բրիտանիայի վարչապետը հակառուսական դիրքորոշում ունեցող ամենաակտիվ արևմտյան լիդերն է:
«Ինչ վերաբերում է պարոն Ջոնսոնին, մենք նրան համարում ենք հակառուսական մրցավազքի ամենաակտիվ մասնակիցը», - «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բոլորի համար շատ կարևոր է ըմբռնել, որ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ «Մեծ յոթնյակի» սեղանի շուրջ նստած ղեկավարներից և ոչ մեկը տրամադրված չէ Ռուսաստանի, կամ ռուս ժողովրդի դեմ, բացարձակ այդպես չէ, առնվազն իմ դեպքում, ես, թերևս, Բրիտանիայի պատմության ընթացքում միավ վարչապետն եմ, որին Բորիս են անվանել»,- ասել է Բորիս Ջոնսոնը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե մարտանավերը ծովից արձակած «Կալիբր» տեսակի գերճշգրիտ հրթիռների հարվածով ոչնչացրել են Կիևից ոչ հեռու գտնվող Ուկրաինայի բանակի վառելիքի պահեստը:
Գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ՝ Ուկրաինայի տարածքի կենտրոնում տեղակայված բանակի ստորաբաժանումներն այդ պահեստից են վառելիք ստացել:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ռուսական զինված ուժերի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքի ռմբահարման հետևանքով զոհվել է մոտ 300 հոգի, հաղորդում է քաղաքային իշխանությունը։
«Ականատեսների վկայությամբ` շուրջ 300 հոգի զոհվել է ռուսական ռազմական օդանավի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքի ռմբահարման հետևանքով»,- Telegram-ում հրապարակված քաղաքային իշխանության հաղորդագրությունը ներկայացնում է BBC-ին՝ հիշեցնելով, որ ցայսօր հնարավոր չէր որևէ թիվ հաղորդել զոհերի մասին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մարտի 24-ին Բրյուսելում ասել է, որ կողմ է Ռուսաստանի արտաքսմանը «Մեծ 20»-ի խմբից:
Բայդենը միաժամանակ նշել է, որ Մեծ քսանյակի անդամներից ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել է, թե Մեծ քսանյակից ռուսներին արտաքսելու վերաբերյալ հայտարարություններ հնչեցնելուց առաջ նախ հարցը պետք է դաշնակիցների հետ քննարկել:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն ասել է, թե «Ռուսաստանը «Մեծ 20»-ի կարևոր անդամ է, և այդ ձևաչափի մյուս երկրներից ոչ մեկը չի կարող մեկ ուրիշ անդամի վտարել խմբից»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մարտի 23-ին ասել է, թե «Մեծ 20»-ը բազմակողմ կառույց է, և մի շարք երկրներ․ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Ռուսաստանի անդամության հարցում ունեն անկախ դիրքորոշում»: