- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՆԱՏՕ-ն ավելացնում է Արևելյան Եվրոպայում զինվորականների թիվը։ «Ռուսաստանի գործողությունները լրջագույն սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք կունենան աշխարհա-ռազմավարական հետևանքներ։ ՆԱՏՕ-ն շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իր դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համար։ Մենք լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր ենք ուղարկում դաշինքի արևելյան սահմաններ, ինչպես նաև ուժեղացնում ենք նավատորմը։ Մենք բարձրացրել ենք մեր ուժերի պատրաստականությունը ցանկացած չնախատեսված հանգամանքներին արձագանքման համար», - ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում։
Խցանումներ, հերթեր
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։
Ռուսաստանի ներխուժման առաջին ժամերի մասին տեղեկությունները հակասական են, մասնավորապես հաղորդվել է, որ 40 ուկրաինացի է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են։
- Հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված ռազմական գործողությունները:
«Թուրքիան դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, Ռուսաստանին կոչ արել անհապաղ դադարեցնել «այս անօրինական գործողությունը»՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
- Հեղինակ՝ Ռոբերտ Զարգարյան
Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` ուկրաինացիներ այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ հաջակցություն Ուկրաինայի: «Ուզում ենք, որ Հայաստանը աջակցի մեզ այս դժվար պահին»,- ասում են այստեղ բնակվող ուկրաինացիները:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Սարսափելի օր Ուկրաինայի համար, մութ օր Եվրոպայի համար»․ - այսպես է որակել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այն օրը, երբ Մոսկվան սկսեց ռազմական ագրեսիան Կիևի դեմ։ Եվրամիության առանցքային պետության ղեկավարը հայտարարել է, որ աշխարհը չի մոռանա Ռուսաստանի «խայտառակությունը»։ Ռուսական հարձակումը, Գերմանիայի առաջնորդի խոսքով, «միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և որևէ արդարացում չունի»։
«Գերմանիան համերաշխ է Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ», - վստահեցրել է Շոլցը
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կրեմլի վաղեմի դաշնակիցն անսպասելի քննադատություն է հնչեցնում Ռուսաստանի հասցեին։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խստորեն դատապարտել է ռուսական ագրեսիան, իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային և կոչ արել չափազանց կոշտ պատժամիջոցներ կիրառել Կրեմլի դեմ, մասնավորապես՝ Ռուսաստանին անջատել SWIFT միջազգային ֆինանսական հաղորդակցության համակարգից։ «Խելագարներին պետք է մեկուսացնել», - ասել է Չեխիայի նախագահը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։
«Մենք խզեցինք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ուկրաինան պաշտպանում է իրեն և չի հրաժարվի իր ազատությունից, անկախ նրանից, թե ինչ են մտածում Մոսկվայում», - հայտարարել է նա:
Լուսինե Մուսայելյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով է հրավիրում։ Բրիտանական կառավարության ղեկավարը պատրաստվում է հատուկ ուղերձով հանդես գալ։
- Հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Այսօր Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որին մասնակցում են մի շարք նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ: Օրակարգի գլխավոր հարցը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված հարձակումն է:
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը դիմել է պաշտոնական Անկարային երկրի օդային տարածքը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները փակելու կոչով։