Մատչելիության հղումներ

Աժ նախագահի հրավիրած լսումներից 3 տարի անց ունեզրկված բնակիչների գործերով որևէ քրգործ չի հարուցվել


Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ
Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ

Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի հետևանքով բնակիչների զանգվածային խախտված իրավունքներին Նիկոլ Փաշինյանի թիմը անդրադարձավ իշխանության գալուց յոթ ամիս անց։

Երեք տարի առաջ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ խորհրդարանում լսումներ հրավիրվեցին Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրավախախտումների թեմայով։ Տուժած բնակիչները, իրավապաշտպանները թիվ մեկ քաղաքական ամբիոնից նորից պատմեցին ու փաստարկեցին իրենց խախտված իրավունքների մասին։

Արարատ Միրզոյանը, որ կառուցապատման այդ գործընթացը բնութագրեց կոռուպցիոն հանցագործություն, ելույթները ուղարկեց դատախազություն՝ մեղավորներին գտնելու ու պատժելու խոստումով։

«Բազմաթիվ դիտարկումների համաձայն, այդ գործընթացում դրսևորվել են գործադիր իշխանության տարբեր օղակների, զանազան բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունը, կամայականությունը, գուցե նաև սեփական բիզնես և ֆինանսական շահերը: Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիոն հանցագործությունների մասին», - նշել է Միրզոյանը:

Ազգային ժողովի ղեկավարի այս հայտարարությունից շուրջ երեք տարի է անցել։ Գործը Գլխավոր դատախազությունում է։ Իրավախախտումների փաստեր, մեղավորներ հայտանաբերվե՞լ են, գոնե մեկ ունեզրկված քաղաքացու պատմության հետքերով քրեական գործ հարուցվե՞լ է։ Գլխավոր դատախազությունից ասացին՝ ոչ, նյութերը ծավալուն են, դեռ ուսումնասիրվում են։

Նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որ մեծ հույսով Միրզոյանի հետ նախաձեռնել էր լսումները, կարծում է, որ գործող իշխանությունն այս գործերը բացահայտելու քաղաքական կամք չունի։

«Շատ կարճ ժամանակում նաև հասկացա, որ քաղաքական կամքը, որ սկզբնական շրջանում առկա էր, չկա», - նշեց Աբրահամյանը:

Գայանե Աբրահամյանը Փաշինյանի թիմից հեռացավ պատերազմից հետո դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում։ Պատճառներից մեկն էլ, ասում է, այս չկատարված խոստումն էր։ Հույս չունի, որ գործը ուսումնասիրությունից այն կողմ կանցնի։

«Սա այն հիասթափություններից է, որ ես ինքս ապրել եմ և նաև եղել է սա պատճառներից մեկը իմ հրաժարականի: Որովհետև ես հասկացա, որ ես այս մարդկանց տվել եմ խոստում ու այդ խոստումը որևէ կերպ իրականացնել չեմ կարող և բարոյապես իրավունք չունեի մնալու այդտեղ, որ այդ խոստումը իրականացնելու հանձնառությամբ, այդ բեռով շարունակեմ լինել պաշտոնյա», - նշեց նա:

Վարչապետ Փաշինյանի նախկին թիմակցի կարծիքով՝ զանգվածային իրավախախտումների գործերը տեղում դոփում են, քանի որ համակարգում աշխատող պաշտոնյաները նախկինում դրանց առնչվել են, նաև նրանց ձեռամբ են այդ խախտումները կատարվել։ Եվ ըստ նրա, հենց այս հանգամանքը հաշվի առնելով են ժամանակին պնդել, որ գործերը պետք է վերաքննեն անցումային արդարադատության, առանձին ստեղծված իրավական կառույցի շրջանակում։

«Այդտեղ ներգրավված էին մարդիկ, որոնք ուղղակի դրանք չէին քննելու, այսինքն դրա համար էինք նաև պնդում, որ պետք է ստեղծվի նոր դատախազություն և այլն», - ասաց Աբրահամյանը:

2019-ին Ազգային ժողովի լսումներին մասնակցում էր նաև տուժած բնակիչներից Սեդրակ Բաղդասարյանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ճանաչվել են նրա խախտված իրավունքները։ Պնդում է՝ 2001-ից 2006 թվականներին աղաղակող անօրինականություններ են եղել, մարդիկ ունեցվածքին համարժեք փոխհատուցում չեն ստացել, անհերքելի փաստեր ունեն, դրանք բացահայտելը քաղաքական կամքի հարց է։

«Իրականությունն այս պահին ցույց է տալիս, որ դա ոնց որ շոու էր», - նշեց Բաղդասարյանը:

Նա նաև «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավարն է, ասում է, մի քանի տասնյակ քաղաքացիների է ճանաչում, որ տներից զրկվել են իրավունքների կոպիտ ոտնահարմամբ, ունեն փաստեր, բայց իր ճանաչած մարդկանց իրավապահները հարցաքննության չեն հրավիրել։

«Դեռ նախկին իշխանությունների ժամանակ անգամ, եթե մենք բողոքում էինք, ինչ-որ մի թուղթ, պատասխան մեզ ուղարկում էին, ցրում էին, խաբում էին, բայց ինչ-որ մի արձագանք լինում էր: Այս պարագայում՝ ոչ մի պատասխան», - ընդգծեց Սեդրակ Բաղդասարյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ գերակա շահի ծրագրերի հետևանքով սեփականության իրավունքի խախտումների գործերով ՄԻԵԴ-ում 19 վճիռ կա։ Այդ վճիռներով փոխհատուցումները Հայաստանի բյուջեից կազմել են 2 միլիոն եվրո։

XS
SM
MD
LG