Մատչելիության հղումներ

ՀՀ քաղաքացիները օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից փոխանցել են բազմապիսի տեղեկություններ. ԱԱԾ


Շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը: Պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել քրեական գործից. մասնավորապես, գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի քաղաքացիները, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ, ինչի արդյունքում պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմին «հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները»։

Օտարերկրյա հետախուզությունը, ըստ իրավապահ կառույցի, լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանում և Արցախում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, դրանք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG