Մատչելիության հղումներ

Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը»


Երևանի և Անկարայի բանագնացների երկրորդ հանդիպումից առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Երեկվա հանդիպմանը մասնակցած Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կոռեկտ չհամարեց հանդիպումից մանրամասներ փոխանցել, միայն նկատեց՝ շատ կարևոր է, որ այս գործընթացի հենց սկզբում կողմերը հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները:

«Այստեղ խոսքը երկու երկրների ուղիղ փոխգործակցության մասին է։ Կողմերը գործընթացը սկսել են առանց նախապայմանների, բայց ակնհայտ է, որ ընթացքում կսկսվեն խոսակցությունները կարելիների և չի կարելիների մասին։ Այս ամենը պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ մասնավորապես, Ադրբեջան, սահմանային հարցեր, Լեռնային Ղարաբաղ, «միջանցք», այս ամենը պետք է միասին դիտարկել։ Տարբերակներից մեկը կարող է սա լինել՝ մտնել գործընթացի մեջ և հետո հասկանալ, թե Հայաստանը ինչպես կարող է գոյատևել։ Մոտավորապես նույնը Թուրքիայի պարագայում է։ Պետք է հստակ ռազմավարություն ունենալ և հասկանալ` ինչ ես ուզում, որովհետև նպատակները կարող են շատ տարբեր լինել», - ասաց նա։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, որը ևս մասնակցել է քննարկմանը, ողջունում է իշխանությունների այս նախաձեռնությունը։ Վստահ չէ, որ այն շարունակական բնույթ է կրելու, բայց ասում է՝ կարևոր է գործընթացում մասնագետների ներգրավումը։ Սաֆրաստյանը քննարկմանը հայ-թուրքական կարգավորման մասին իր պատկերացումներն է ներկայացրել, մասնավորապես, որ հայկական կողմը պետք է «կարմիր գծեր» սահմանի։ Դա, ըստ ակադեմիկոսի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է:

«Կարևորն այն է, որ բանակցային գործընթացում պետք է մենք այնպիսի զիջումներ չանենք, որոնք կվնասեն մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներին, մասնավորապես օրինակ` Ցեղասպանության հետ կապված խնդիրը: Չեմ կարող ասել` շարունակություն կունենա այս նախաձեռնությունը, թե չէ, որովհետև դա մենք չենք որոշում, Արտգործնախարարությունն է որոշում, և ինչ ձևաչափ կլինի` դա էլ չեմ կարող ասել», - հավելեց նա:

Սա փաստացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն չորրորդն փորձն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ։ Քաղաքագետ Իսկանդարյանը ասում է՝ այս վերջինը նախորդներից տարբերվում է նրանով, որ Հայաստանի սուբեկտայնությունը հիմա անհամեմատ ցածր է. «Ֆուտբոլային դիվանագիտությունը Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգը տարանջատելու փորձ էր։ Կոպիտ ասած` այնպես անել, որ 2020 թվականի պատերազմը անհնար լիներ կամ ավելի քիչ հավանական։

Դա, սակայն, տեղի չունեցավ, ձախողվեց։ Հիմա` ի տարբերություն 2008-ի` Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգը միասնական է։ Սա խնդիր է Հայաստանի համար, որի լուծումը հեշտ չէ։ Թուրքերը նույնիսկ հրապարակային հայտարարությունների մեջ չեն թաքցնում, որ նրանք իրենց քայլերը համաձայնեցնելու են Բաքվի հետ»։

Հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցին հունվարին 14-ին Մոսկվայում, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Բանագնացների հաջորդ հանդիպումը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաքում փետրվարի 24-ին։ Հայկական կողմը հայտարարել է, որ Վիեննայում առավել առարկայական քննարկում է ակնկալում սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG